Բաժիններ՝

Արսեն Թորոսյանը դատի է տվել «Մասիս ԲԿ»-ի նախկին տնօրեն Նունե Ավանեսյանին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զրպարտություն համարվող տեղեկությունը հրապարակայնորեն հերքելու պահանջով դատական հայց է ներկայացրել «Մասիս բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Նունե Ավանեսյանի դեմ:

Գործը մակագրվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։ Դատական նիստի օր դեռևս նշանակված չէ:

Արսեն Թորոսյանի ներկայացուցիչ Լարիսա Հայրապետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հայցի հիմք է հանդիսացել Նունե Ավանեսյանի 2020 թվականի ապրիլի 25-ի ֆեյսբուքյան էջի գրառումը:

«Հայցի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ Նունե Ավանեսյանը զրպարտել է պարոն Թորոսյանին: Մասնավորապես, 25.04.2020թ.-ին Նունե Ավանեսյանը Ֆեյսբուք սոցիալական կայքի իր անձնական էջում, որտեղ հանդես է գալիս «Նունե Ներսիսյան» անուն ազգանունով, կատարել է գրառում, դիմելով ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հետևյալ արտահայտությամբ՝ «Միայն մի բան կարող եմ ասել` Թորոսյան, բավական է ազգիս խաբես, բավական է` հարմարվիր ստացածդ գումարներով, հերիք է, հիշիր մուլտֆիլմը «Золотая антилопа»-ն, և պատկերացրու ավարտդ»»,- ասաց Լարիսա Հայրապետյանը:

Լարիսա Հայրապետյանը նաև հայտնեց, որ ներկայացված է երկու պահանջ: Նունե Ավանեսյանից հրապարակայնորեն գրառման մեջ պարունակվող, ըստ հայցվոր կողմի՝ զրպարտություն համարվող  փաստացի տվյալները հերքելուց բացի՝ ներկայացված հայցով պահանջվում է հօգուտ Արսեն Թորոսյանի բռնագանձել 2 մլն ՀՀ դրամ՝ որպես գրառման մեջ պարունակվող զրպարտության համար նախատեսված փոխհատուցում:

Նունե Ավանեսյանը, անդրադառնալով իր դեմ ներկայացված հայցին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նման քայլերը չեն լռեցնելու իրեն կամ իր նման հասկացող մարդկանց: Գրառման վերջում էլ Թորոսյանին հիշեցրել է Արա Մինասյանի՝ Արսեն Թորոսյանի դեմ ներկայացված հայցով դատավարությունն ու դատարանի ընդունած որոշումը՝ նշելով, թե այդ օրինակը հաստատ պետք կգա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս