«78 տարեկան տատիկն իր տան մոտ կանաչի է վաճառել և 100.000 դրամով տուգանվել՝ տեղեկանք չունենալու համար». Նաիրա Զոհրաբյանը՝ փոխնախարարին
ԱԺ այսօրվա արտահերթ նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին խնդրեց պարզ ու մատչելի հանրությանը բացատրել, որ բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէ, պարտադիր է դրա առկայությունը միայն:
«Դուք այս նախաձեռնությունը բերել եք խորհրդարան, քանի որ ընդունում եք, որ նախկին տուգանքները՝ 100 կամ 200 հազար դրամ, խելամիտ չէ: Ասենք՝ ինձ գրել է 78 տարեկան տատիկ, որը գյուղում դուրս է եկել իր տան մոտ կանաչի վաճառելու, և 100 հազար դրամով տուգանել են, քանի որ տեղեկանք չի ունեցել: Սա աբսուրդային անհամաչափ է, հիմա այս նախկին տուգանքները չեղարկվելո՞ւ են, թե՞ ոչ»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Պատասխանելով՝ փոխնախարարն ասաց՝ գտնում են, որ անձի մոտ դիմակ չլինելու պարագայում տուգանքի չափը չպետք է լինի 100 կամ 250 հազար դրամ՝ դա համաչափ չէ:
Սա է պատճառը, որ որոշվել է տուգանքի չափը սահմանել 10 հազար դրամ:
«Ինչ վերաբերում է նախկին որոշումներին, ապա դրանք ունեցել են այլ կարգավորումներ, հիմա դիմակի պահանջի որոշումը եղել է մայիսի 14-ին, եթե չեմ սխալվում, դրա մասով դեռ տուգանքներ չկան: Հետևաբար՝ խնդիր չի լինելու՝ հետադարձ ուժով պատասխանատվության միջոցը տարածել նաև այդ անձանց վրա»,- ընդգծեց Վ. Դանիելյանը:
Արձագանքելով՝ Նաիրա Զոհրաբյանը կրկնեց հարցը՝ նախկինում եղած տուգանքների հարցը վերանայվելո՞ւ է, թե՞ ոչ, քանի որ բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ քաղաքացին այդ տուգանքները չի վճարելու:
Վահե Դանիելյանն ասաց, որ պատգամավորի բարձրացրած հարցերին այս պահին չի կարող պատասխանել:
«Ամեն դեպքում այս պահին այդ տուգանքներն ուժի մեջ են»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:
Նախագիծը նախատեսում է դիմակների կրման պահանջը խախտելու դեպքում տուգանքի չափը 100-250.000 դրամից դարձնել 10.000 դրամ: