«Ախր դրա նպատակը ո՞րն է․հերիք չէ՝ ով որտեղ ինչ ուզում՝ սարքում է, մի բան էլ՝ ով որտեղ ինչ ուզի՝ անունը դնի՞»․ Արձագանքներ՝ «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվամբ կոչելու մասին
«Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու (Շառլ Ազնավուր «Զվարթնոց» միջազգային օդանավակայան) առաջարկությամբ ՀՀ կառավարությանն է դիմել Ազնավուր հիմնադրամը և հայազգի մեծանուն գործչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։
Հիմնադրամը տեղեկացրել է, որ նախաձեռնության հեղինակը Շառլ Ազնավուրի երկրպագուներն են։ Այդ խնդրի կապակցությամբ դիրքորոշում հայտնելու համար ՀՀ Կառավարությունը դիմել է նաև ՀՀ Հանրային խորհրդին։
Քաղաքացիներից շատերը սոցիալական ցանցերում արձագանքելով այս առաջարկին՝ բացասական պատասխան են տվել՝ ընդգծելով, որ որևէ փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա։
Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը, օրինակ, գրել է․ «Որպես ՀՀ քաղաքացի՝ դեմ եմ այս անվանափոխությանը։ «Զվարթնոցը» երկնային զորքերն են՝ հրեշտակները։ Իսկապես իմաստուն որոշում են ընդունել ժամանակին՝ մեր օդանավակայանն անվանելով «Զվարթնոց», որը համահունչ է հենց օդանավակայանի գործառույթին։ Սա խորախորհուրդ և պատմական հայերեն բառ է, ինչպես նաև եզակի՝ բոլոր օդանավակայանների անվանումների մեջ։ Եվ այսօր նոր հեծանիվ պետք չէ հորինել։ Եթե ցանկություն կա Ազնավուրի անվամբ ինչ-որ բան անվանակոչել, ապա գուցե Գյումրու օդանավակայանը կարելի է նկատի ունենալ՝ հաշվի առնելով հենց Ազնավուրի մեծ դերակատարությունն աղետի գոտու վերականգնման գործում։ Տարիներ առաջ, երբ մի բարձրաստիճան օտար եկեղեցականի բացատրեցի Զվարթնոցի ստուգաբանությունը, զարմացել էր մեր լեզվի հարստության և այն ժամանակվա ղեկավարների խորագիտության վրա։ Այնպես որ՝ օդանավակայանի անվանափոխությունից պետք է հրաժարվել և մի քիչ հեռատես գտնվել՝ այսօրվա քաղաքական կամ այլ իրողություններից վեր կանգնելով»։
«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանն էլ նույնպես այն կարծիքին է, որ, եթե ամեն դեպքում ցանկանում են անվան հետ կապված որևէ փոփոխություն կատարել, թող դա Գյումրու օդանավակայանը լինի։
«Ախր դրա նպատակը ո՞րն է։ Հերիք չէ՝ ով որտեղ ինչ ուզում՝ սարքում է, մի բան էլ՝ ով որտեղ ինչ ուզի՝ անունը դնի՞։ Հա, կարող ենք «Մոսկվա» կինոթատրոնն իր անունով կոչել, իր անվամբ հրապարակն էլ կողքին է։ Եթե որպես մեծ հայ ենք հաշվի առնում, ապա նրանք շատ են։ Հիմա, եթե 1000 հոգի ստորագրահավաք կազմակերպի, ում անունը ուզեն, պետք է դնե՞ն։ Այսինքն, ոչ մի սկզբունք չկա, հա՞։ Իմ հայրը մեծ ճարտարապետ է եղել, վերցնեմ 1000 հոգու ստորագրություն հավաքեմ ու ասեմ՝ գլխավոր պողոտան իմ հոր անվամբ կոչե՞ք։ Ինչպե՞ս կարող է նման բան լինել։ Մայրաքաղաքների մեծ օդանավակայանները միշտ կոչել են քաղաքական գործիչների անուններով։ Շառլ Ազնավուրն ի՞նչ է զարգացրել՝ ֆրանսիական մշակույթը, ոչ թե հայկականը։ Մենք Գալուստ Գյուլբենկյան, Պողոս Նուբար փաշա ունենք և նման շատ մարդիկ, ովքեր նույնպես մեծ օգնություն են ցուցաբերել հայերին»,- մեզ հետ զրույցում նշեց քաղաքաշինության դոկտորը։