«Վենետիկի հանձնաժողովին ուղղված նախարարի հարցերը վերաբերում են ՍԴ  ձևավորման՝ 2015-ի փոփոխություններով նախատեսված մոդելի հնարավորինս արագ կյանքի կոչմանը». Արդարադատության նախարարություն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե ՍԴ ճգնաժամի լուծմանն ուղղված հանրաքվեն չի կարող կայանալ, քանի դեռ համաճարակը չի վերացել։ Նաև նշել էր, թե մյուս կողմից՝ իրենք չեն կարող  երկար սպասել և առաջ շարժվել բարեփոխումների և արդարության հաստատման իրենց օրակարգով՝ առանց ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման։

«Հետևաբար՝ ուզում եմ տեղեկացնել, որ, հաշվի առնելով, որ համաճարակը կարող է տևել բավականին երկար, մենք ուղիներ ենք փնտրում ՍԴ ճգնաժամն այլ ճանապարհով և ավելի արագ լուծելու ուղղությամբ»,- նշել էր Ռուբինյանը` հավելելով, որ ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման հնարավոր այլընտրանքային ուղին իր ծավալով կարող է նույնական չլինել նախնական ուղու հետ: Այսինքն` չի բացառվում, որ ավելի արագ և առանց հանրաքվեի լինի հանգուցալուծումը:

Թե օրենսդրական, այսպես ասած, ինչ անցքեր, բացեր իշխանությունները կարող են որպես փրկօղակ օգտագործել, 168.am-ի հետ զրույցում սահմանադրագետ Վահե Գրիգորյանն իրավագիտական էքսկուրսից հետո նշեց, թե չի կարող անգամ պատկերացնել՝ որ տարբերակով կլուծվի այս գոյություն չունեցող ճգնաժամը:

Սահմանադրագետը հիշեցրեց, որ ի սկզբանե Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չէր կարող դրվել հանրաքվեի՝ առանց Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունման. Սահմանադրության 168-րդ հոդվածը և 169-րդ հոդվածի 2-րդ մասն իմպերատիվ ամրագրում են Սահմանադրական դատարանի պարտադիր որոշման առկայությունը Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Այսինքն` Ազգային ժողովի միջոցով Սահմանադրական փոփոխությունների դեպքում Ազգային ժողովը նախագիծը հանրաքվեի դնելու համար պետք է առաջին ընթերցմամբ ընդուներ այն, ապա նախագիծը մինչև երկրորդ ընթերցմամբ ընդունելն ուղարկեր այն ՍԴ (ՍԴ-ին դիմելու մասին որոշման ընդունմամբ), որից հետո նախագծի` Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ ՍԴ-ի որոշման դեպքում՝ կամ նախագիծը պետք է ընդունվեր երկրորդ ընթերցմամբ, կամ դրա չընդունվելու դեպքում դրվեր հանրաքվեի (համապատասխան որոշման ընդունման դեպքում):

«Սահմանադրական դատարանի կողմից նախագիծը Սահմանադրությանը չհամապատասխանելու դեպքում կամ ԱԺ-ի կողմից Սահմանադրության նախագիծը առաջին ընթերցմամբ չընդունելու դեպքում նախագիծը պետք է դուրս գար շրջանառությունից (տես՝ ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենք, 86-րդ հոդված):

Սրա՝ որպես միակ օրինական ճանապարհի, վառ ապացույցն է Հանրաքվեի մասին ՀՀ Սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, որի համաձայն՝ ընտրական տեղամասային կենտրոնում պետք է լինի (իմպերատիվ պահանջ) հանրաքվեի դրված իրավական ակտի նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը:

Առհասարակ, Սահմանադրության փոփոխությունը պետք է ԱԺ-ում քննվեր երկամսյա ժամկետում (Հանրաքվեի մասին ՀՀ Սահմանադրական օրենք, 7-րդ հոդված, 2-րդ մաս): Այս հոդվածում երկամսյա քննարկումը կրկին իմպերատիվ է սահմանված: ՍԴ որոշման առկայության պարտադիրությանն է անդրադառնում նաև նույն սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը:

Այլ տարբերակ չկար, որևէ այլ ճանապարհով ԱԺ-ի կողմից Սահմանադրության փոփոխության հարցով հանրաքվեի որոշման ընդունումը հակասահմանադրական է:

Բացի այդ, նախագծով նախատեսվում էր փոփոխություն կատարել անցումային դրույթներից մեկում՝ 213-րդ հոդվածում, մինչդեռ «Նորմատիվ-իրավական» ակտերի մասին օրենքի 13-րդ հոդվածը սահմանում է նորմատիվ-իրավական անցումային դրույթներ, եթե այն պարունակում է.

ա) տվյալ նորմատիվ-իրավական ուժի մեջ մտնելու ժամկետներ

բ) տարբեր դրույթների գործունեության մեջ դնելու ժամկետներ

գ) նախատեսվում է այդ ակտին տալ հետադարձ ուժ:

Իրավաբանները գիտեն, որ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Հետևաբար՝ այդ Սահմանադրական փոփոխության ընդունման դեպքում այն միանգամից հակասելու էր Սահմանադրության մի շարք հոդվածների: Բայց, անկախ ամեն ինչից, նախագիծը դրվեց հանրաքվեի:

ՀՀ Սահմանադրության 202-րդ հոդվածի ուժով իշխանության կողմից նախաձեռնած սահմանադրական փոփոխության համար պարտադիր չէ հանրաքվե անել, տվյալ փոփոխությունը կարող է կատարվել միայն ՀՀ Ազգային ժողովի կողմից: 202-րդ հոդվածում, եթե ուշադրություն դարձնեք, չկա որևէ խոսք Սահմանադրության անցումային հոդվածների և դրանց փոփոխման հնարավորության մասին, քանզի Սահմանադրությունը գրելիս և ոք չէր էլ կարող անգամ պատկերացնել, որ հնարավոր կլինի գնալ իրավագիտության հետ որևէ աղերս չունեցող այդպիսի քայլի:

Հաշվի առնելով իրավագիտության հանդեպ այս բոլոր քայլերը՝ չեմ էլ կարող անգամ պատկերացնել, թե որ տարբերակով կլուծվի այս գոյություն չունեցող ճգնաժամը»,- մանրամասնեց սահմանադրագետը:

Օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին` ուղղելով հարցեր ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ:

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանի դիտարկմամբ՝ Վենետիկի հանձնաժողովին առաջադրված հարցերը, ըստ էության, երեքն են, որոնցից միայն երկուսն են, կարծես, վերաբերում Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցման հարցին։

«Առաջին` հաշվի առնելով իշխանությունների կողմից նկարագրված «սահմանադրական ճգնաժամը»՝ ի՞նչ եղանակով է հնարավոր Ազգային ժողովի կողմից Սահմանադրության այնպիսի փոփոխություն, համաձայն որի՝ մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված ՍԴ նախագահի և դատավորների պաշտոնավարման ժամկետները կհամապատասխանեցվեն 2015թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված կարգավորումներին:

Երկրորդ` արդյո՞ք ՍԴ վերաբերյալ կարգավորումները փոփոխելիս անհրաժեշտ է պահպանել այն իմպերատիվ կարգավորումը, համաձայն որի՝ Սահմանադրության փոփոխությունը հնարավոր է միայն Սահմանադրական դատարանի դրական եզրակացության առկայության պարագայում։

Այսինքն՝ իշխանությունները փորձում են ստանալ Վենետիկի հանձնաժողովի «համաձայնությունը»՝ առանց Սահմանադրական դատարանի եզրակացության՝ Ազգային ժողովի կողմից փոփոխելու Սահմանադրությունը։

Համոզված եմ, որ իրավական համայնքի ներկայացուցիչների մեծամասնությունը համակարծիք է, որ նշված երկու հարցերի պատասխանները բացասական են, և հակառակն ուղղակիորեն հակասում է իրավունքի գերակայության, որոշակիության, դատավորների անփոփոխելիության և հետադարձ ուժի արգելքի սահմանադրական սկզբունքներին։

Վերոնշյալ հարցերն արդեն իսկ ընդգրկվել են Վենետիկի հանձաժողովի օրակարգում, և դրանց վերաբերյալ խորհրդատվական կարծիքը կտրամադրվի սույն թվականի հունիսին սպասվելիք Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում։

Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի մասով իշխանությունների հաջորդ քայլին պետք է սպասել 40 օր հետո, մոտ մեկ ամսից, երբ կհրապարակվի վերոնշված հարցերի հետ կապված Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Մելոյանը:

Ամեն դեպքում, 168.am-ը փորձեց Արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանից պարզել, թե խոսքը կոնկրետ ի՞նչ հարցերի մասին է:  Մեր հարցադրմանն ի պատասխան՝ Մարտիրոսյանը նշեց.

«Հարցերը վերաբերում են Սահմանադրական դատարանի ձևավորման՝ 2015 թվականի փոփոխություններով նախատեսված մոդելը հնարավորինս արագ կյանքի կոչելուն, Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման շրջանակների սահմանմանը, ինչպես նաև նախապես նշանակված և համավարակի պատճառով չանցկացված հանրաքվեն անհրաժեշտության դեպքում չեղարկելու՝ Ազգային ժողովի լիազորությանը»։

Նշենք, որ «ՈՉ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը նամակ է ստացել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսից, որտեղ նա լավատեսություն է հայտնել, որ Վենետիկի հանձնաժողովի օժանդակությամբ՝ հնարավոր կլինի գտնել այնպիսի լուծում, որով կհարգվեն թե՛ ՀՀ Սահմանադրությունը, և թե՛ իրավունքի գերակայության պահանջները։

Տեսանյութեր

Լրահոս