Բաժիններ՝

Ռուստամ Բադասյանը՝ քրեակատարողական հիմնարկներում նկատվող լարվածության մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօրվա նիստում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց վերջերս Վանաձորում դատապարտյալների հայտարարած հացադուլի և քրեակատարողական հիմնարկներում նկատվող լարվածության մասին:

«Առհասարակ քրեակատարողականներում լարվածություն կա՝ կապված վերջին շրջանում դատական նիստերի ձգձգման հետ: Նույնիսկ այն դեպքերում, երբ միջգերատեսչական հանձնաժողովը տալիս է եզրակացություն, որ դատապարտյալի կամ կալանավորի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ, դատական նիստերը ձգձգվում են, այս առումով որևէ բան արվո՞ւմ է: Հաջորդը՝ դատապարտյալներին տրվող հանձնուքների սահմանափակման հետ կապված   որոշակի թեթևացում լինելո՞ւ է»,- հետաքրքրվեց Նաիրա Զոհրաբյանը:

Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ նախագիծ է ներկայացվել ԱԺ, որով նախատեսված է, որ, եթե կալանավորը տառապում է կալանքի կրման հետ անհամատեղելի ծանր հիվանդությամբ, ապա դատախազի կողմից նմանատիպ միջնորդության ներկայացման ժամանակ պետք է մեկ օրում անհապաղ որոշում կայացվի:

«Հացադուլների գերակշիռ մեծամասնությունը կա՛մ կապված է օտարերկրյա պետությունների քաղաքացիների բողոքների հետ, որով ցանկանում են գնալ իրենց երկիր, կա՛մ կապված է դատական գործերի քննության ձգձգման հետ, կա՛մ էլ, երբ կալանավորն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով համարում է, որ անարդարացի է կալանավորված»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

Ինչ վերաբերում է հանձնուքներին, Արդարադատության նախարարն ասաց.

«Հերոսական ջանքեր են պահանջվել, որ մինչև այսօր որևէ դատապարտյալի և կալանավորի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, թեև քրեակատարողական ծառայողների շրջանում ունենք նմանատիպ դեպքեր: Երեկվա տվյալներով՝ մենք ունենք 2142 դատապարտված և կալանավորված անձ, և պատկերացրեք, որ նրանց բոլորի հարազատները գան ու հանձնուքներով մտնեն քրեակատարողական հիմնարկներ, պատկերացնո՞ւմ եք՝ վարկի ինչ ցուցանիշներ կունենանք, խնդիրը միայն սա է»:

Արձագանքելով նախարարի ասածներին՝ Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ  «Արմավիր» ՔԿ-ում գտնվում են Իրանի մոտ 42  քաղաքացիներ, ինչ-որ կերպ նրանց հարցը լուծվելո՞ւ է, թե՞ ոչ:

Պատասխանելով պատգամավորի հարցին՝ նախարարն ասաց, որ բոլոր այն դեպքերում, երբ միջազգային պայմանագրերը խոչընդոտ չեն, կամ Հայաստանում տեղի ունեցող ներքին ընթացակարգերը չեն խոչընդոտում, ապա տեղի է ունենում արտահանձնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս