«Վերջնական որոշման այս պահին չենք հանգել». Սուրեն Պապիկյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ Հայաստանում աղբավայրերի հետ կապված խնդիրներին՝ նշելով, որ ոչ միայն աղբավայրերը, այլև շատ վայրեր, որոնք պետք է զերծ լինեին աղբից, շատ դեպքերում լցված են աղբով, որն ունի բազմաթիվ պատճառներ:
«Սա գուցե ոչ միայն կազմակերպական է, այլև համոզված եմ, որ մեր քաղաքացիների և բոլորիս ավելի բարեխիղճ լինելու խնդիրն է: Այսօր Կառավարությունը մի քանի ծրագրեր է քննարկում: Հենց այս պահին տնտեսական բլոկում քննարկվում է հարցը, որ աղբավայրերի ու աղբահանության կոնսերվացիայի համար մշակենք որևէ միջոցառում, որը հնարավորություն կտա գործազուրկ քաղաքացիներին աշխատանքի միջոցով ստանալ գումար, որի արդյունքում նրանք աղբից կազատեն աղտոտված տարածքները»,- այս մասին ԱԺ-ում Կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները ներկայացնելիս ասաց Տարածքային կառավարման նախարարը:
Ինչ վերաբերում է աղբի վերամշակման հետ կապված ծրագրերին, Սուրեն Պապիկյանը նախ տեղեկացրեց, որ կառուցվում է առաջին աղբավայրը, խոսքը Կոտայք-Գեղարքունիք աղբավայրի մասին է, որը մոտավորապես 20 տարի կարող է կենտրոնացնել երկու մարզերի աղբը:
Այս ամենին զուգահեռ՝ բանակցություններ են տարվում նաև աղբի վերամշակման համար:
«Թե ինչո՞ւ չունենք վերջնական կոնցեպտը, թե ինչպիսի վերամշակումն է մեզ համար ավելի կիրառելի, պատճառն այն է, որ աշխարհում նախադեպերը շատ են, և Հայաստանում հիմնական ցանկացողները, որոնք ուզում են զբաղվել աղբի վերամշակմամբ, առաջարկում են դա անել մի մեթոդով, որն այս պահին մեզ համար ընդունելի չէ, քանի որ միջավայրի աղտոտվածության խնդիր կա: Վերջնական որոշման այս պահին չենք հանգել, դրա համար չեմ կարող ասել, թե ինչ մեթոդներով ենք իրականացնելու աղբի վերամշակումը»,- ընդգծեց Սուրեն Պապիկյանը: