Ե՞րբ կմեկնարկի Հյուսիս-Հարավ ճանապարհային ծրագիրը. պարզաբանում է Սուրեն Պապիկյանը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ Հյուսիս-Հարավ ծրագրի մեկնարկի ժամկետներին և հարցին, թե ե՞րբ է վերանորոգվելու Երևան-Գյումրի ճանապարհը, որը բավականին անմխիթար վիճակում է:

«Աս պահին չինացի գործընկերների հետ մենք բանակցությունների մեջ ենք: Համավարակը փոխել է իրավիճակը, և ոչ միայն մենք, այլև աշխարհը կարծես թե միտված է նրան, որ պետք է աշխատենք համավարակի գոյության հետ համահավասար: Հայաստանը՝ հանձին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, քայլեր է ձեռնարկել չինացի գործընկերների հետ այս համատեքստում առաջիկա անելիքները քննարկելու և հստակեցնելու վերաբերյալ: Երեկ նամակ եմ ուղարկել Չինաստանի դեսպանին, որի պատասխանն ակնկալում եմ առաջիկա շաբաթվա ընթացքում: Մեզ համար շատ կարևոր է հասկանալ չինացի գործընկերների գալու հնարավորությունների և ժամկետների մասին:

Մեզ համար խնդիրներն օրեցօր շատանալու են, ուստի ամեն ինչ պարզորոշ պետք է լինի, մենք միմյանց հետ ունեինք ծրագիր, քննարկում էինք աշխատանքների ծավալների հավելյալ մեծացում, բայց ստեղծված իրավիճակն ամեն ինչ բարդացրել է»,- ասաց Սուրեն Պապիկյանը:

Նա նշեց, որ այս առումով շատ բաներ չի ցանկանում ասել, բայց մեկ բան հստակ է, որ Կառավարությունը շատ բարձր է գնահատում ժամանակի կարևորությունը, և եթե պարզվի, որ չինացի գործընկերները չեն կարողանալու Հայաստան գալ, պետք է նրանց հետ այլ լուծումներ քննարկեն:

Անդրադառնալով ներգնա և արտագնա տուրիզմի ոլորտում առաջացած խնդիրներին, նախարարն ասաց, որ ոլորտի զարգացման խնդիրը Կառավարության օրակարգում է,  և տարբեր հնարավորությունների դեպքում հանրությանը կոչ են անում իրենց ամառային հանգիստն անցկացնել Հայաստանի և Արցախի Հանրապետություններում:

«Սա մի կողմից՝ կօգնի մեր զբոսաշրջային ոլորտի տուժած հատվածի վերականգնմանը, կարծում եմ՝ հանրությունը գիտակցումով է մոտենում այս խնդրին»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս