Թուրքիան փորձում է ավելի նշանակալի դեր խաղալ Մերձավոր Արևելքում
Թուրքիան փորձում է ամրագրել մերձավորարևելյան քաղաքականության առանցքային խաղացողներից մեկի իր կարգավիճակը՝ համատեղելով Իսրայելի սկզբունքային քննադատի իր դերը տարածաշրջանային դիվանագիտական ձևաչափերին պրագմատիկ մասնակցության հետ:
Անկարան Ամանում կայացած այսօրվա նախարարական հանդիպմանը ներկայացված էր Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի կողմից։ Գլխավոր թեման Իսրայելի գործողություններն էին Արևելյան Երուսաղեմի Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթի նկատմամբ և արձագանքման «հավաքական միջոցների» մշակումը։ Թուրքիան հանդես եկավ որպես իսլամական աշխարհի համախմբված դիրքորոշման նախաձեռնողներից մեկը:
Հիշեցնենք, 2022թ. ապրիլի 15-ի առավոտյան Ալ-Աքսա մզկիթի տարածքում և դրա ծայրամասում բախումներ էին տեղի ունեցել արաբ բնակչության և Իսրայելի անվտանգության ուժերի միջև։ WAFA-ի տվյալներով՝ 153 արաբ բժշկական օգնության կարիք էր ունեցել, ընդհանուր առմամբ տուժել էր 250 մարդ։ Իսրայելցիներից ութ մարդ վիրավորվել էր։
Ամանում նախարարական հանդիպմանը Ֆիդանն ուղղակիորեն մեղադրել է Իսրայելին Գազայի շուրջ բանակցային գործընթացը տապալելու մեջ՝ հայտարարելով, որ իսրայելական ղեկավարությունը «մտադիր չէ հասնել խաղաղության»։ Նա նաև կոչ է արել հստակ միջազգային միջոցներ ձեռնարկել միջազգային իրավունքը խախտող Իսրայելի գործողությունների դեմ:
Բացի ընդհանուր հանդիպումից, Ֆիդանը հատուկ բանակցություններ է վարել Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի գործընկերների հետ՝ «R-4» խմբի շրջանակում: Սա արտաքին քաղաքական քայլերի համակարգման առանցքային հարթակ է։
Հիշեցնենք նաև, որ «R-4» (Regional Four) խումբը տարածաշրջանային և միջազգային դիվանագիտության մեջ ձևավորված քառակողմ ձևաչափ է, որը միավորում է չորս առանցքային մուսուլմանական երկրներ`Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Պակիստան:
Խումբը ստեղծվել է որպես խորհրդակցական և համակարգման հարթակ՝ Մերձավոր Արևելքում և հարակից տարածաշրջաններում լարվածության թուլացման, անվտանգային մարտահրավերների (օրինակ՝ տարածաշրջանային հակամարտությունների, ծովային անվտանգության և մատակարարման ուղիների կայունության) հարցերով միասնական դիրքորոշում մշակելու համար:

