Ահա թե ինչպես խաբեցին քաղաքացիներին
Ընտրություններից առաջ իշխանությունները պետության հաշվին համատարած սոցիալական օգնություններ էին բաժանում, թոշակ ու նպաստ էին բարձրացնում, առողջության ապահովագրության շրջանակներում կարիք ունեցող-չունեցողին անվճար բուժօգնություն էին տրամադրում։
Ընտրություններն ավարտվեցին, շատերի համար ավարտվեցին նաև այս երանելի ժամանակները։
Ընտրություններից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիների զրկեցին նպաստներից։
Թոշակները բարձրացրեցին՝ նպաստները կտրեցին։ Նախկինում այդ մարդիկ մի քանի անգամ ավելի շատ նպաստ էին ստանում, քան թոշակների 10 հազար դրամ բարձրացումն էր։ Թոշակների բարձրացումով այս մարդկանց մի բան էլ վատություն արեցին։ Ու դա այնպես արեցին, որ գլխի չընկնեն, ժամանակից շուտ չիմանան, թե ինչ է սպասվում իրենց։
Թեև թոշակներն ապրիլի 1-ից էին բարձրացրել ու արդեն մայիսից այդ մարդիկ այլևս նպաստառու չէին համարվում, չէին բավարարում նպաստ ստանալու պահանջներին, որովհետև 10 հազար դրամով թոշակ էին բարձրացրել, թողեցին, որ մնան նպաստառուների ցանկում՝ մինչև ընտրություններն ավարտվեն։ Ընտրություններից 1 ամիս առաջ էլ նպաստ տվեցին, որպեսզի գնան իրենց օգտին քվեարկեն։ Ինչի՞ հաշվին տվեցին, ինչպե՞ս տվեցին, երբ այդ մարդիկ այլևս չէին բավարարում իրենց սահմանած նպաստառու լինելու չափանիշներին, դա էլ այլ հարց է։
Ընտրություններից անմիջապես հետո հազարավոր նպաստառուներ հայտնաբերեցին, որ զրկված են նպաստներից։ Ովքեր էլ դեռ զրկված չեն՝ շատ շուտով կզրկվեն։
Նպաստ ստանալու նոր չափանիշներ են սահմանել ու գնահատման այնպիսի պայմաններ են դրել, որ հուլիսի 1-ից հետո տասնյակ-հազարավոր նպաստառուներ դուրս կմնան նպաստառուների ցանկերից։ Այլևս չեն համարվի նպաստառու ու նպաստ չեն ստանա։ Չնայած այդ մարդկանց սոցիալական վիճակն առաջվա նման կշարունակի վատ լինել։
Նույնիսկ ավելի կվատանա, որովհետև քիչ է՝ կզրկվեն նպաստից, բոլորի նման ստիպված են լինելու իրենց վրա կրել գնաճի ազդեցությունը։
Իսկ գնաճը Հայաստանում ոչ միայն բարձր է, այլև ընտրություններից հետո ավելի է ակտիվացել։
Սննդամթերքը հունիսին, նախորդ տարվա համեմատ, հասցրել է 8-9 տոկոսով թանկանալ։
Առաջիկայում էլի թանկացումներ են սպասվում, որովհետև ընտրությունների ժամանակ ծախսած գումարների տեղը լցնելու խնդիր ունեն։ Ուստի՝ ընտրություններից հետո սկսել են հարկային օրենքները փոխել, նոր բեռ ավելացնել, ինչը բերելու է նոր թանկացումների։ Այդ թանկացումների ազդեցությունը բոլորի նման կրելու են ոչ միայն նպաստներից զրկված, ինչպես նաև առաջիկայում զրկվող նպաստառուները, այլև 10 հազար դրամ ավել ստացող թոշակառուները։ Ու դեռ հարց է, թե թոշակների այդ բարձրացումը որքանո՞վ է ծածկելու գնաճի ու թանկացումների ազդեցությունը։
Չնայած թանկացումներին, հաջորդ տարի այլևս, ինչպես թոշակների բարձրացում, այնպես էլ՝ իշխանությունների խոստացած թոշակների ինդեքսավորումը չի լինելու։
Ընտրություններից առաջ թոշակառուներին ու, ոչ միայն թոշակառուներին, առողջության ապահովագրությամբ էին կերակրում։ Մարդիկ էլ գոհ ու երջանիկ էին, որ կարողանում են անվճար բուժօգնություն ստանալ։
Ընտրություններն ավարտվեցին, անվճար բուժօգնությունը դարձավ մասնակի վճարովի։
Ընտրությունների շրջանում, երբ շշուկներ էին պտտվում, թե ընտրություններից հետո անվճար բուժօգնության հնարավորություն այլևս չի լինելու, իշխանություններն իրենց ճղում էին, թե նման բան չի կարող լինել, ասում էին՝ ընտրություններից հետո էլ առողջության ապահովագրություն լինելու է։ Ընտրություններից հետո, իհարկե, առողջության ապահովագրություն շարունակեց լինել, բայց արդեն ոչ նախկին ծավալներով։
Անվճար բուժօգնության շրջանակները գնալով նեղանում են։ Մինչև ընտրություններ բժշկական հաստատությունները հիվանդներից համավճարներ գրեթե չէին պահանջում, որպեսզի ի նպաստ իշխանությունների՝ տպավորություն ստեղծեին, թե բուժումը դարձել է ամբողջությամբ անվճար։
Պարզ է, որ դա սեփական նախաձեռնությամբ չէին անում, անում էին վերևներից իջեցված հրահանգով։
Ընտրություններն ավարտվեցին՝ բժշկական հաստատությունները նախկին անվճար ծառայությունների դիմաց աստիճանաբար սկսեցին համավճարներ պահանջել։ Մինչև ընտրություններ այդ ծառայություններից օգտվելու դեպքում հիվանդները չէին վճարում, ընտրություններից հետո արդեն պարտադրված են վճարել։ Առողջապահության նախարարությունն արդարանում է, թե ապահովագրության մեջ բան չի փոխել, նոր վճարներ չեն ավելացել, բայց հատուկ շեշտում է, որ առողջապահական հիմնարկներն օրենքով իրավունք ունեն համավճարներ սահմանել։ Ու հիմա նրանք օգտվում են իրենց այդ իրավունքից։
Մինչև ընտրությունները չէին օգտվում, ընտրություններից հետո որոշեցին օգտվել։
Որոշ ծառայություններ, որոնք նախկինում անվճար էին, արդեն դարձել են համավճարով։
Սպասվում է, որ առաջիկայում այդպիսի ծառայությունների քանակը գնալով կընդլայնվի, որովհետև ընտրություններն արդեն անցյալում են, ու մարդկանց ապահովագրությամբ գայթակղելու անհրաժեշտություն այլևս չունեն։ Հիմա արդեն կարող են թույլ տալ, որպեսզի բժշկական հաստատությունները լիաթոք օգտվեն իրենց համար ընձեռված հնարավորություններից, ու «օրենքի շրջանակներում» համավճարներ գանձեն հիվանդներից։
Երբ այս գործընթացն ամբողջությամբ ավարտվի ու համավճարները լիարժեք սկսեն գործել, այն ժամանակ կերևա, թե ի՞նչ կմնա անվճար բուժօգնությունից։
Այսօր արդեն կառավարությունը ստիպված է պետական բյուջեից պարբերաբար լրացուցիչ գումարներ հատկացնել՝ համակարգում առաջացած ֆինանսական ճեղքերը լցնելու համար։ Մյուս կողմից էլ՝ արհեստական սահմանափակումներ են ստեղծում օգտվողների համար։ Հիվանդները բողոքում են, որ չեն կարողանում ապահովագրության շրջանակներում ժամանակին բուժօգնություն ստանալ, որ հերթերի պատճառով օրերով ու շաբաթներով հնարավորություն չի լինում դիմել բժշկի, որ ապահովագրված լինելով՝ ստիպված են օգտվել վճարովի ծառայություններից։
Մինչև ընտրություններ, իշխանություններն ամեն ինչ արեցին՝ առողջության ապահովագրության ինստիտուտը սեփական քաղաքական շահերին ծառայեցնելու համար, ընտրություններից հետո, համակարում առաջին ճաքերն են սկսել ի հայտ գալ։ Այս գլխից արդեն նախապատրաստում են, որ հնարավորինս քիչ մարդ դիմի՝ ապահովագրությունից օգտվելու համար։ Այդ ակնկալիքով էլ որոշել են ինչ-որ բոնուսային համակարգ ներդնել։ Բոնուս կտան՝ բժշկի չդիմելու համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

