Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Տոկաևը. Չոլպոն-Ատայում կայանալիք ԵԱՏՄ Միջկառավարական նիստին ընդառաջ
Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում և ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության ապագայի շուրջ ստեղծված ճգնաժամի ֆոնին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։
ՀՀ Կառավարության մամուլի հաղորդագրության համաձայն, Ղազախստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Փաշինյանին վերանշանակվելու առիթով և հաջողություններ մաղթել՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի։ Ըստ հաղորդագրության, Փաշինյանը Տոկաևին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում իրեն բարձրագույն պետական պարգևով պարգևատրելու համար՝ ընդգծելով Հայաստան-Ղազախստան հարաբերությունների հետևողական զարգացման կարևորությունը։
«Միաժամանակ, վարչապետը նախագահ Տոկաևին հաջողություն է մաղթել օգոստոսի 23-ին կայանալիք Կուրուլթայի ընտրություններում՝ ընդգծելով նրա կողմից իրականացվող ներքին և արտաքին քաղաքականության ռազմավարական նշանակությունն ու հետևողականությունը։ Վարչապետը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին հրավիրել է այց կատարել Հայաստան։ Ղազախստանի նախագահն ընդունել է հրավերը»,- ասված էր հաղորդագրությունում:
Զրուցակիցները, հաղորդագրության համաձայն, քննարկել են նաև Հայաստան-Ղազախստան հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին։ Մինչ դա նույն օրը Տոկաևը շնորհավորական ուղերձ էր փոխանցել Փաշինյանին: Եվ ուշագրավն այն է, որ հաղորդագրությունում չկա որևէ նկատառում ԵԱՏՄ-ի վերաբերյալ քննարկումների մասին այն դեպքում, երբ սա ներկայումս վերածվել է ՀՀ արտաքին քաղաքական ամենաակտուալ խնդրին Հայաստանի դեմ Ռուսաստանի նախաձեռնած տնտեսական սահմանափակումների ու քաղաքական վերջնագրի պատճառով:
Ի դեպ, Տոկաևը մեկն էր ԵԱՏՄ այն ղեկավարներից, որոնք մայիսի 29-ին հայտարարություն ընդունեցին Հայաստանի վերաբերյալ՝ առաջարկելով Հայաստանում հանրաքվե անցկացնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցով:
Հարկ է նաև հիշեցնել, որ Փաշինյան-Տոկաև հեռախոսազրույցը տեղի է ունենում օգոստոսին 6-ին Ղրղըզստանի Չոլպոն-Ատայում ԵԱՏՄ Միջկառավարական Խորհրդի նիստին ընդառաջ: Դրան մասնակցելու մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ՝ նշելով, որ նիստն օգտագործելու է բարձրաձայնելու համար Հայաստանի համար եվրասիական ուղղությամբ առաջացած խնդիրները:
Հիշեցնենք՝ օրեր առաջ էլ հենց Չոլպոն-Ատայում կայացավ Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների և Ադրբեջանի ոչ պաշտոնական հանդիպումը, որտեղ քննարկվել էին տարածաշրջանային համագործակցության, տրանսպորտային միջանցքների, էներգետիկ փոխկապակցվածության և տնտեսական ինտեգրման հարցերը։
Վերադառնալով Փաշինյան-Տոկաև հեռախոսազրույցին, ապա դրա ենթատեքստն ու խորքային շերտերը շատ ավելի լայն են, քան թվում է առաջին հայացքից։ Առաջին հերթին, ԵԱՏՄ ներսում Հայաստանի շուրջ հասունացող ճգնաժամի և կուտակված խնդիրների ֆոնին՝ ակնհայտ է, որ Երևանը փորձում է ակտիվացնել երկկողմ դիվանագիտական խողովակները՝ Աստանայի հետ շփումներում ակնկալելով որոշակի հավասարակշռող աջակցություն կամ առնվազն կառուցողական չեզոքություն։ Ուստի բարձր մակարդակի շփումներով Նիկոլ Փաշինյանը ձգտում է նվազեցնել եվրասիական հարթակում Հայաստանի վրա գործադրվող քաղաքական ճնշումները։
Ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը մեզ հետ զրույցում արձանագրեց, որ վերջին տարիներին նաև Հայաստան-Ղազախստան հարաբերություններն են փոխվել, ուստի բարձրաստիճան հեռախոսազրույցի ընթացքում կարող են քննարկվել նաև երկկողմ զարգացումները և հատկապես Հարավային Կովկասում տրանսպորտային ու ենթակառուցվածքային հարցերի շուրջ զարգացումները:
Նա նշեց, որ վերջին տարիներին Կենտրոնական Ասիա-Հարավային Կովկաս ուղղությունը ստանում է բոլորովին այլ իմաստ.
«Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի մերձեցումը տեղի է ունենում աշխարհաքաղաքական լայն վերադասավորումների ներքո, որտեղ գլխավոր խաղացողները ձգտում են վերաձևել ավանդական առևտրային ուղիները: «Միջին միջանցքի» նախագիծը և դրանից բխող այլ պրոյեկտներ երկու տարածաշրջանները մոտեցնում են միմյանց, շահագրգիռ շատ կողմեր փորձում են այս ամենը վերածել մեկ միասնական լոգիստիկ և տնտեսական տարածքի։ Ղազախստանն ակտիվ մասնակից է այս լոգիստիկ ապագա ծրագրերին, քննարկումները, դատելով շատ զարգացումներից, շարունակվում են բազմաթիվ այլ կողմերի հետ: Ուստի Երևանն ու Աստանան քննարկելու բան ունեն այս իմաստով»,- ասաց վերլուծաբանը:
Ըստ նրա՝ այս իրողությունների պայմաններում Փաշինյան-Տոկաև երկխոսությունը ոչ միայն ԵԱՏՄ-ում առկա լարվածությունը մեղմելուն է ուղղված, այլև լայն տարածաշրջանային կոմունիկացիաներում Երևան-Աստանա պայմանավորվածությունների ձեռքբերմանը.
«Բացի ԵԱՏՄ-ից, Հայաստանն ու Ղազախստանը ներկայումս ունեն այլ օրակարգ ևս՝ ի դեմս այդ պրոյեկտների»,- նկատեց նա:
Արդյունքում, առաջիկա ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստը և դրան նախորդող բարձր մակարդակի շփումները կդառնան այն լակմուսի թուղթը, որը ցույց կտա, թե որքանով է հայկական դիվանագիտությանը հաջողվում համադրել եվրասիական կոշտ իրողություններն ու տարածաշրջանային նոր վեկտորները։ Եթե Փաշինյանն, ի վերջո, հստակ բարձրաձայնի կուտակված խնդիրները, իսկ զուգահեռաբար խորացնի երկկողմ տնտեսական կապերը կենտրոնասիական գործընկերների հետ, Հայաստանը կկարողանա ոչ միայն պաշտպանել իր շահերը, այլև նոր շունչ հաղորդել արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման գործընթացին»։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա, վերլուծաբանը գտնում է, որ Ղազախստանի նախագահը շնորհավորում է Փաշինյանին հենց այս երկկողմ օրակարգը հաշվի առնելով:
«Կարծում եմ՝ ԵԱՏՄ-ում Ղազախստանն ունի այն նույն դիրքորոշումն, ինչ նախկինում, երբ միացել էր ԵԱՏՄ ղեկավարների հայտարարությանը: Սակայն, այնուամենայնիվ, չեմ կարծում, թե Ղազախստանը հրապարակային կքննադատի Երևանի քայլերը, սակայն կառաջնորդվի նաև այն կոնսենսուսով, որը տիրում է ԵԱՏՄ-ում առանցքային հարցերի վերաբերյալ: Կարծում եմ՝ ԵԱՏՄ-ում Մոսկվան է շարունակելու այս հարցը բարձրացնել, քանի որ ԵԱՏՄ-ում Հայաստանի հետ ամենասերտ հարաբերություններն ունեցել է Ղազախստանը»,– ասաց նա:

