Իրանը Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է էներգետիկ օբյեկտներին հնարավոր հարվածների մասին՝ ԱՄՆ-ի նոր հարձակման դեպքում. Reuters

Իրանը Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է, որ ԱՄՆ-ի նոր հարվածն իր տարածքին կարող է հանգեցնել տարածաշրջանի առանցքային էներգետիկ ենթակառուցվածքների դեմ պատասխան հարձակումների, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով դիվանագիտական շփումներին ծանոթ հինգ աղբյուրի։

Գործակալության տվյալներով՝ նախազգուշացումը փոխանցվել է հուլիսի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունից հետո, որ հնարավոր են հարվածներ Իրանի էներգահամակարգին և ենթակառուցվածքներին։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Կատարի իր գործընկերների, ինչպես նաև Պակիստանի բանակի շտաբի պետի հետ։ Թեհրանը կոչ է արել Վաշինգտոնի տարածաշրջանային դաշնակիցներին օգտագործել իրենց ազդեցությունը՝ ռազմական էսկալացիայի նոր փուլը կանխելու համար։

Ինչպես հայտնել է տարածաշրջանի դիվանագետներից մեկը, Իրանի ուղերձը բոլոր զրույցներում նույնն էր. «Մենք պատրաստ ենք պատասխանել, սակայն դիվանագիտական լուծման որոնումն ավելի լայնամասշտաբ էսկալացիայից և ամբողջ տարածաշրջանում ավերածություններից խուսափելու լավագույն միջոցն է»։

Ծոցի երկրներից մեկի աղբյուրը հայտարարել է, որ Թեհրանի նախազգուշացումը միանշանակ էր. Իրանի ենթակառուցվածքներին հարվածի դեպքում պատասխան կարող է տրվել տարածաշրջանի երկրների էներգետիկ օբյեկտներին և ԱՄՆ-ի հետ կապված այլ թիրախների դեմ։

Ըստ աղբյուրների՝ խոսքը հնարավոր հարձակումների մասին է նավթահանքերի, վերամշակող գործարանների, էլեկտրացանցերի, ջրամատակարարման օբյեկտների և տրանսպորտային ենթակառուցվածքների վրա։

Իրանի դիվանագիտական ակտիվությունը ցույց է տալիս, որ Թեհրանը փորձում է օգտագործել հակամարտության ընդլայնման սպառնալիքը որպես Վաշինգտոնի վրա ճնշման գործիք՝ միաժամանակ դժվար դրության մեջ դնելով Ծոցի երկրներին, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմական բազաներ և որոնք կախված են էներգակիրների արտահանումից՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև։

Այս շփումներից հետո Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը զրույց է ունեցել Թրամփի հետ՝ կոչ անելով նրան հետաձգել ռազմական գործողությունները, վերադառնալ բանակցություններին և ձգտել դիվանագիտական կարգավորման։

Կատարը, Օմանը և Սաուդյան Արաբիան նույնպես հանդես են եկել Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների վերսկսման օգտին։ Ըստ իրանական աղբյուրի՝ տարածաշրջանի երկրները մտավախություն ունեն, որ նոր հակամարտությունը կարող է «տարածաշրջանը վերածել կրակե գնդի»։

Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրների, Էր Ռիադը հայտարարել է, որ կպաշտպանի իրեն, եթե վտանգ սպառնա իր տարածքին։ Ծոցի երկրների ներկայացուցիչներից մեկը նշել է, որ Սաուդյան Արաբիան նախազգուշացրել է. իր դեմ ցանկացած հարձակում կստանա ռազմական պատասխան։

Իրանի ներկայացուցիչները հիշեցրել են 2019 թվականին Saudi Aramco ընկերության Աբքայքի և Խուրայսի օբյեկտների վրա հարձակումների մասին, որոնք ժամանակավորապես շարքից հանել էին թագավորության նավթարդյունահանման հզորությունների զգալի մասը։

Թեհրանի կարծիքով՝ Թրամփն այժմ երկու տարբերակ ունի. կա՛մ գնալ հետագա էսկալացիայի, որը կարող է ընդգրկել ամբողջ տարածաշրջանը և ազդել համաշխարհային էներգամատակարարումների վրա, կա՛,մ համաձայնել դիվանագիտական համաձայնագրի, որը չի երևա որպես ԱՄՆ-ի լիակատար հաղթանակ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31