Հանրապետականներն՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի

Երեկ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում սկսվել են 2011 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները: Բոլոր հանձնաժողովներում քննարկվելուց հետո բյուջեի կատարողականը կընդգրկվի խորհրդարանի նստաշրջանի օրակարգում, իսկ լիագումար նիստում քննարկվելուց հետո կդրվի քվեարկության: Այս տարի բյուջեի կատարողականի քննարկումն ու քվեարկությունը խոստանում են բավական հետաքրքիր լինել: Ավելին` իշխանական մեծամասնությունը դրանց ընթացքում կարող է հայտնվել անելանելի վիճակում:

Խնդիրն այն չէ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռևս ամռան վերջին ակտիվացրեց կառավարությանն անվստահություն հայտնելու թեման` ակնարկելով, որ բյուջեի կատարողականի ժամանակ կարող են հետաքրքիր զարգացումներ լինել: Այդ ակնարկների իմաստն այն էր, որ ԲՀԿ-ն կարող է «իրենով» անել մեծամասնության` ՀՀԿ-ի` վարչապետից դժգոհ պատգամավորներից մի քանիսին և տապալել բյուջեի կատարողականը:  Սակայն իշխող մեծամասնության դիսկոմֆորտը պայմանավորված է լինելու ոչ թե ԲՀԿ-ի այդ «սպառնալիքով», այլ սեպտեմբերի 17-ին կառավարությունում տեղի ունեցած հայտնի խորհրդակցությամբ:

Այդ խորհրդակցության ժամանակ հնչած գնահատականներով Սերժ Սարգսյանը խորհրդարանական մեծամասնությանը դրել է, մեղմ ասած, անհարմար վիճակի մեջ: Քարոզչական կամ նաև քարոզչական նպատակներով Սերժ Սարգսյանը կառավարությանը` վարչապետի գլխավորությամբ, գամեց անարգանքի սյունին՝ անձամբ Տիգրան Սարգսյանին ուղիղ տեքստով ասելով, որ 4 տարի է` չի կատարում իր խոստումները:

Այլ կերպ ասած, հանրապետության ու ՀՀԿ-ի նախագահն ասաց, որ դժգոհ է կառավարության գործունեությունից, և այդ մասին հայտարարեց առանց այլևայլությունների` «գնահատում եմ անբավարար»: Դրանից հետո նույն կառավարությունն ԱԺ է տարել նախորդ տարվա բյուջեի կատարողականը:

Հիմա եթե մեծամասնությունը «կողմ» քվեարկի դրան, կստացվի, որ հաշվի չի առնում Սերժ Սարգսյանի գնահատականը` կառավարության գործունեության անբավարար լինելու մասին, քանի որ 2011 թվականը ևս մտնում է այն չորս տարիների մեջ, որոնց ընթացքում Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանին խոստումներ է տվել, սակայն չի կատարել: «Դեմ» քվեարկելու դեպքում էլ կստացվի, որ ՀՀԿ-ականները չեն վստահում այն կառավարությանը, որի գործունեությունը գովերգում էին մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ:

Ի դեպ, Տ. Սարգսյանն արդեն իսկ համարձակվել է ընդդիմանալ Սերժ Սարգսյանին: «2011թ.-ը կարելի է բնութագրել տնտեսական ամրապնդումն ամրագրող տարի. մեզ հաջողվեց մտնել վերականգնման փուլ,- երկուշաբթի օրն Ազգային ժողովում մեկնարկած քննարկման ժամանակ հայտարարել է նա` ավելացնելով,- Մենք ունեցանք տնտեսական աճ, որը երկու անգամ ավելին էր, քան 2010թ.-ին` արձանագրել ենք 4.7 տոկոս աճ: Արդյունաբերությունը ևս անցյալ տարի դրսևորեց բարձր աճի տեմպեր»: Ս. Սարգսյանը, բնականաբար, տեղյակ էր այս ցուցանիշներին, երբ անցած շաբաթ օրը նախատում էր կառավարության անդամներին:

Եթե այս ցուցանիշներն այնքան գոհացուցիչ լինեին, ինչպես ներկայացրել է Տ. Սարգսյանը, ապա գուցե Սերժ Սարգսյանն այդքան խիստ չգտնվեր:
Հիմա ինչպե՞ս իրենց պահեն խեղճ շարքային հանրապետականները, ովքեր իրենց ու իրենց կուսակցության մասին կայացվող որոշումներին տեղեկանում են, լավագույն դեպքում, վերջում, ավելի հաճախ` մամուլից: Եթե Ս. Սարգսյանը որոշել է պաշտոնանկ անել Տ. Սարգսյանին ու նրա կառավարությանը, հազիվ թե հանրապետական պատգամավորների հետ խորհրդակցել է դրա մասին: Եթե նման բան չի որոշել, և կառավարության խորհրդակցությունն ավելի շատ PR էր, ապա ստացվում է, որ սեփական կուսակցության անդամներին դրդում է «կողմ» քվեարկելով բյուջեի կատարողականին՝ դեմ արտահայտվել իրեն, ինչն իշխանական հիերարխիայում, մեղմ ասած, լավ նշան չի համարվում:

Պակաս անհարմար վիճակում չէ, ի դեպ, նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը վարչապետի քննադատությունը դարձրել է իր գործունեության հիմնական ուղենիշներից մեկը: Այդ քննադատության տրամաբանությամբ՝ ԲՀԿ-ն պետք է «դեմ» քվեարկի բյուջեի կատարողականին, սակայն այդ դեպքում հարվածի տակ կդնի սեփական կուսակիցներին, որոնք, մամուլի հրապարակումների համաձայն, նաև իշխանության ուշադրության կենտրոնում են: Խոսքն այն նախարարների մասին է, ովքեր պաշտոնավարել են 2011 թվականին, այսինքն` այն ժամանակահատվածում, որի համար Տ. Սարգսյանը կատարողական է ներկայացրել ԱԺ:

Ամբողջ խնդիրն այն է, որ խորհրդարանի քվեարկության մեխանիզմը հնարավորություն չի տալիս, ասենք, Քաղաքաշինության, Առողջապահության ու Սոցապ նախարարությունների գործունեությանը «կողմ» քվեարկել, մնացածին` դեմ: Բյուջեի կատարողականին ամբողջությամբ  «կողմ» քվեարկելու դեպքում՝ ԲՀԿ-ն, մեղմ ասած, անհարմար վիճակում է հայտնվելու հասարակության առաջ, «դեմ» քվեարկելու դեպքում` իշխանության ու իրավապահ մարմինների: Ամենաօպտիմալ լուծումն, իհարկե, կլիներ քվեարկությանն ընդհանրապես չմասնակցելը և ամբողջ խմբակցությամբ այդ օրը «կարևոր գործերով հանրապետությունից բացակայելը»:

Բայց դա էլ մի տեսակ հարիր չէ խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունն ունեցող ու «խոսքը գործ դարձնող» ուժին:

Մի խոսքով, առաջիկայում բավական հետաքրքիր ու դիտարժան քննարկումներ են սպասվում: Եթե Ս. Սարգսյանը որոշել է պաշտոնանկ չանել կառավարությանը, ապա ՀՀԿ-ական պատգամավորները պետք է գովեն կառավարությանը, այդպիսով «սխալ հանելով» Ս. Սարգսյանին, ԲՀԿ-ականներն էլ, ասենք, 68 տոկոսով պետք է քննադատեն կառավարությանը ու վերջում «կողմ» քվեարկեն: Իսկ եթե սա լինելու է Տ. Սարգսյանի կառավարության վերջին կատարողականը, այսինքն` ՀՀԿ-ականները ԱԺ-ում ելույթ են ունենալու Սերժ Սարգսյանի «նախատինքի ոգով», ապա ստիպված են լինելու պարզաբանել, թե ինչպես էին չորս տարի շարունակ գովերգում նույն կառավարությանը:

ԲՀԿ-ականների համար դա, իհարկե, ավելի գերադասելի տարբերակ է, քանի որ կկարողանան «դեմ» քվեարկել բյուջեի կատարողականին ու հասարակությանը ցույց տալ իրենց «սկզբունքայնությունը»: Սակայն այդպիսով կծառայեն իշխանության վերադասավորման Ս. Սարգսյանի ծրագրերի իրագործմանը, ինչը հազիվ թե մտնում է ԲՀԿ-ի ծրագրերի մեջ:

 

 

Տեսանյութեր

Լրահոս