«Ում անունը տալիս ես՝ վարկաբեկում են, այսինքն՝ բոլորը գող, ավազակ ու «դուրս ընկա՞ծ» են». Վարդան Ղուկասյանը՝ կաթողիկոսին քննադատողների մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը զարմացած է, թե այդ ո՞վ է խոսում Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին, քանի որ կաթողիկոսի մասին կարող է խոսել միայն Գրիգոր Լուսավորչի նման անձնավորությունը կամ Հակոբ Մծբնա հայրապետը:

«Թող ամեն մեկն իր մեղքերի մասին մտածի, որ պահանջում են կաթողիկոսին փոխեն, փոխեն՝ ո՞ւմ բերեն, դե, սրբերի անուններ տվեք, մաքուրի անուններ տվեք: Ընդհանրապես կաթողիկոս և թագավոր ընտրվում է Աստծո կողմից, ինչքան որ մեր ժողովուրդն է լավը, դրանից ավելի կաթողիկոսն է, եթե հանկարծ Աստված կաթողիկոսին չընդունի՝ կփոխի կամ մի բան կանի: Հիմա մենք ինչո՞ւ ենք մեր բոլոր գործերը թողել, ընկել կաթողիկոսի հետևից, չնայած այդպես պետք է լինի, աշխարհի վերջին օրերին Առաքելական եկեղեցին պետք է քարկոծվի, ո՞ւմ կողմից՝ տեսնում եք:

Օրինակ, Գյումրիից մի քանի հոգու գիտեմ. դրանք խայտառակություն են, դրանք ովքե՞ր են, որ կաթողիկոսից խոսեն, հետո Աստծուց պետք է մի քիչ վախենան»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը՝ անդրադառնալով կաթողիկոսի շուրջ վերջին շրջանում հնչած հայտարարություններին:

Նշենք, որ կաթողիկոսը հայտարարել էր, որ համավարակի տարածմամբ պայմանավորված՝ անհրաժեշտ է փոխել Երկրորդ նախագահի խափանման միջոց կալանավորումը: Դրան հաջորդեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, ով վկայակոչելով կաթողիկոսի աշխարհիկ անունը՝ ասել էր, որ ժամանակին ժողովուրդը պահանջում էր, որպեսզի կաթողիկոսը նույնպես հրաժարական տա:

Վարդան Ղուկասյանը նկատում է՝ այս երկրում կաթողիկոսին վարկաբեկում են, հերոսներին վարկաբեկում են, ուստի հարց է առաջանում՝ բա մաքուրն ո՞վ է:

«Ինչպես մեր մեծերը կասեին, այստեղ լեզվի վրա մի քիչ էլ «քյարթ» պետք է լինի, ում անունը տալիս ես՝ վարկաբեկում են, այսինքն՝ բոլորը գող, ավազակ ու «դուրս ընկա՞ծ» են, այս աշխարհում մենակ իրե՞նք են մաքուր, մի քիչ շնորհք ու տակտ կա, բան կա, ապրած մարդիկ կան, հո այդպես չէ՞»,- նշեց պատգամավորը:

Ըստ նրա, Առաքելական եկեղեցին միշտ էլ ասել է՝ նեղյալներին ազատություն, ավելին՝ կաթողիկոսի ասածը՝ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, ինքը հետևյալ կերպ է հասկացել, այն էր, որ, եթե մարդուն մեղադրում են, բայց հստակ փաստեր չունեն, կարող են ժամանակավոր ազատեն՝ համավարակի պայմաններում, այնուհետև իրենց իրավական գործընթացը շարունակեն:

«Օրինակ, մի անգամ իտալացի քանդակագործ Միքելանջելոն մասնակցում է մի ցուցահանդեսի, և երբ ներկայացնում են պատկերը, ասում է՝ սա Քրիստոսն է: Մեկ տարի հետո մեկ այլ պատկեր են ներկայացնում, ասում է՝ սա Հուդան է: Ասում են՝ բա նախորդ անգամ Քրիստոսին էիք ներկայացրել, ասում է՝ կարևորը ներկայացնելն է:

Հիմա մարդու ճիշտ խոսքն ինչպես ուզում են, այնպես ներկայացնում են: Հիմա մեր Վեհափառին պետք է քննադատի այն մարդը, որը Տիրոջ մոտ տեղ ունի: Հիմա, որ կաթողիկոսին քննադատում են, այդ մարդկանց մի հատ հարցրեք, թե իրենց առաջնորդն ով է, այս ինչ վիճակ է, չնայած գրվածքն է կատարվում, աշխարհի վերջին օրերին այսպես պետք է լինի: Որ ասում էի՝ Աստծուց մի քիչ վախեցեք, տեսա՞ք՝ ինչ պատիժ թափվեց աշխարհի գլխին»,- ասաց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս