«Թուրքիան առաջիններից մեկն աշխարհում պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, երբ 1919 թվականին տեղի ունեցավ Երիտթուրքերի դատավարարությունը». Աշոտ Մելքոնյան

ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հետ կապված՝ վերջին տարիներին եղել է երկու նորություն:

«Նախ՝ Թուրքիայի գլխավոր ռազմավարական դաշակից Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ընդ որում, Սենատի կողմից, որը, իհարկե, պայմանավորված էր միմիայն քաղաքական հանգամանքներով, խոսքը վերաբերում է սիրիական խնդիրներին: Երկրորդը՝ դարձյալ այդ քաղաքական խնդրի հետ կապված՝ Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումն էր: Այսինքն՝ մի դեպքում՝ Թուրքիայի ռազմավարական դաշնակից Միացյալ Նահանգներն էր ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այս տեսանկյունից սա նորություն էր, իսկ երկրորդ դեպքում՝աշխարհում զուտ մուսուլմանական երկիրը, ի դեմս Սիրիայի, ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը, ընդ որում, բանաձևի մեջ արձանագրում էր «Արևմտյան Հայաստան» բառակապակցությունը, որը շատ կարևոր էր հայրենազրկման հանգամանքը ևս մատնանշելու տեսանկյունից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչել էր  Հայոց ցեղասպանությունը: Նախագիծն ընդգծում է, որ ԱՄՆ քաղաքականությունն է որպես ցեղասպանություն ոգեկոչել 1.5 միլիոն հայերի սպանությունն Օսմանյան Կայսրությունում 1915-1923 թվականներին:

Այն նաև բացառում է ԱՄՆ մասնակցությունը թուրքական կառավարության կողմից վարվող ժխտողական քաղաքականությանը, ինչպես նաև աջակցում Հայոց ցեղասպանության մասին գիտելիքների տարածմանը հանրակրթական հաստատություններում:

«Ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունից հետո` ԱՄՆ Սենատը, ի վերջո, կանգնեց ճշմարտության կողքին: Երախտապարտ եմ, որ այս փաստաթուղթն ընդունվեց այն ժամանակ, երբ մեր կողքին դեռ Ցեղասպանությունը վերապրած մարդիկ կան…»,- քվեարկությունից հետո հայտարարել էր բանաձևի համահեղինակ Ռոբերտ Մենենդեսը՝ հուզմունքից խոսքն ընդհատելով:

Վերջինս ավելի քան 10 տարի պայքարել էր հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման:

Աշոտ Մելքոնյանն  անդրադարձավ նաև տեսակետներին, որ առանց Հայոց ցեղասպանության փաստը հաշվի առնելու՝ անհրաժեշտ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Նա  նշեց, որ նման բան միանշանակ չի կարող լինել, նման տեսակետները նույնիսկ զայրացնող հանգամանք են:

«12 տարի առաջ, երբ հայ-թուրքական արձանագրությունների խնդիրը եկավ օրակարգ, որպես անհատ և Պատմության ինստիտուտի տնօրեն՝ հանդես եկա դրա դեմ, պնդում էի, որ Հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրությունները մեզ համար վնասաբեր են, և ինչ-որ իմաստով՝ Հայոց ցեղասպանության խնդիրը շրջանցելու սողանցք են թողնում:

Փառք Աստծո, որ հետագայում՝ 2015  թվականին, մեր իշխանությունները չեղարկեցին այդ արձանագրությունները, այսինքն՝ ոչ մի դեպքում նման բան չի կարելի թույլ տալ՝  առանց Թուրքիայի հետ որոշակի խնդիրներ պարզելու՝ փորձել դիվանագիտական հարաբերություններ հաստատել, որովհետև սա կնշանակի, որ հայ-թուրքական արձանագրություններն ինչ-որ կերպ նորից բերվում են օրակարգ:

Չմոռանանք, որ այդ արձանագրությունների մեջ կար նաև չարաբաստիկ մի կետ, որի համաձայն՝ կողմերը ճանաչում էին նաև երրորդ կողմի տարածքային ամբողջականությունը, որի տակ թուրքական կողմը նկատի ուներ Ադրբեջանը, նաև Արցախով հանդերձ: Դրա համար էլ, կարծում եմ՝ զոհի և ոճրագործի միջև դնել հավասարություն, նրանց կանգնեցնել նույն նժարի վրա՝ պարզապես անընդունելի է: Այս հարցում մենք պետք է թելադրող լինենք, որովհետև մենք զոհ ենք եղել ոճրագործության, և քանի դեռ հանցագործ ոճրագործը մեղայականով հանդես չի եկել և չի հատուցել, բնականաբար, Թուրքիայի հետ որևէ հարաբերություն հաստատելու հիմք չունենք՝ և՛ բարոյական ու քաղաքական, և՛ տնտեսական»,- ընդգծեց նա:

Ըստ Աշոտ Մելքոնյանի՝ արտաքուստ կարող է թվալ, թե միջազգայնորեն Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար եղած պայքարը 100-րդ տարելիցից հետո թուլացել է, բայց այդպես չէ, պայքարի բովանդակությունն է արմատապես փոխվել: Այսինքն՝ այն դարձել է պահանջատիրական պայքար, որովհետև ճանաչումը շատ էր բերվում առաջին պլան: Այժմ վերջապես հայ ժողովուրդը՝ որպես ազգ, հասարակություն, հասկացավ, որ ճանաչումը կարևոր է, բայց այն ինքնին նաև իր մեջ վտանգ է պարունակում, քանի որ, երբ մի բանի համար շատ են պայքարում, ինչ-որ իմաստով սկսում են կասկածել՝ նման բան եղե՞լ է, թե՞ ոչ:

«Բերենք հրեաների օրինակը և կտեսնենք, որ նրանք երբևէ նման խնդիր օրակարգ չեն բերել՝ Հոլոքոստ եղե՞լ է, թե՞ չի եղել, դա քննարկման ենթակա նյութ չէ: Նախորդ դարի վերջերին, երբ թուրքական կողմն առաջարկում էր պատմաբանների հանձնաժողով ստեղծել, մենք կատեգորիկ այն մերժեցինք, որովհետև եթե հանձնաժողով ստեղծենք և սկսենք ինչ-որ բանի շուրջ վիճել, կհայտնվենք ժխտողականության հարթության վրա, դրա համար սա մեզ համար քննարկման առարկա չէ: Թուրքիայի հետ յուրաքանչյուր հարաբերություն պետք է հաստատել այն տեսանկյունից, որ ամեն ինչ իրողություն է, և պետք է մտածել Ցեղասպանության հետևանքների վերացման մասին»,- հավելեց նա:

Ա. Մելքոնյանը միաժամանակ ընդգծեց, որ կասկած չունի, որ Թուրքիան  ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը, որովհետև այն պայմանավորված է ռազմաքաղաքական իրավիճակով, որպիսին արդեն տեղի է ունեցել 1915-1918 թվականներին, երբ Թուրքիան պարտված էր, և Անտանտի զորքերը կանգնած էին Կոնստանդնուպոլսում, և 1919 թվականի տեղի ունեցավ Երիտթուրքերի դատավարությունը, որտեղ Ցեղասպանության կազմակերպիչները բոլորը դատապարտվեցին հեռակա գնդակահարության:

«Սա նշանակում է, որ Թուրքիան առաջիններից մեկն աշխարհում պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, որովհետև այլ ելք չուներ: Հավատացած եմ, որ իրերի զարգացման արդյունքում կարող է նույն Թուրքիայի համար ստեղծվել մի իրավիճակ, մանավանդ, որ նա շարունակում է իր կայսերապաշտական նկրտումները բոլոր հարևանների հետ, ինչպես արտործնախարար Դավութօղլուն կասեր՝ զրո պրոբլեմներ հարևանների հետ, Թուրքիայում հիմա կա 100 տոկոս պրոբլեմ բոլոր հարևանների հետ, նույնիսկ այն հարևանների, որոնց հետ քիչ թե շատ լավ հարաբերություններ ուներ:

Օրինակ վերցնենք Վրաստանին, երբ Էրդողանը շարունակաբար հայտարարեց, թե իրենք Լոզանի կոնֆերանսի արդյունքները չեն ընդունում և տարածքային նկրտումներ ունեն Բաթումի մարզի նկատմամբ, սա նշանակում է, որ Վրաստանում ևս Թուրքիայի հանդեպ միանշանակ վերաբերմունք չէր կարող լինել:

Կարծում եմ՝ օրերից մի օր դա տեղի է ունենալու, Թուրքիան շարունակում է մնալ կայսրություն, բնակչության 40  տոկոսն էթնիկապես թուրքեր չեն, և այդ 40 տոկոսի մի զգալի մասն ուղղակի ատելություն է տածում դեպի թուրք էթնոսը»,- եզրափակեց Պատմության ինստիտուտի տնօրենը:

Տեսանյութեր

Լրահոս