Քաղաքացուն վարկային «գերությունից» ազատող Նիկոլ Փաշինյանը քաղաքացուն դրել է իսկական վարկային գերության մեջ
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո բանկային համակարգի վարկերն անասելի արագությամբ ավելացել են։ Վեց տարում բանկերի վարկերն ավելի քան կրկնապատկվել են։ Բայց կրկնապատկվել են ոչ թե իրական տնտեսության կամ տնտեսության արտադրական հատվածում կատարվող ներդրումների, այլ գերազանցապես «հպարտ» քաղաքացուն վարկային բեռի տակ դնելու, վարկերով խեղդելու հաշվին։
Վեց տարի քաղաքացուն վարկերով են կերակրել։
Քաղաքացուն վարկային «գերությունից» ազատող Նիկոլ Փաշինյանը քաղաքացուն դրել է իսկական վարկային գերության մեջ։ Համատարած բոլորը հայտնվել են վարկերի տակ։ Այն էլ՝ չափազանց թանկ վարկերի տակ։ Բոլոր հնարավոր միջոցներով իշխանությունները նպաստել են, որպեսզի քաղաքացիները հայտնվեն վարկային համատարած պարտավորությունների տակ։ Ու դա արել են քաղաքական նպատակահարմարություններից ելնելով. Այդպես, անշուշտ, ավելի հեշտ է քաղաքացուն կառավարել ու պահել հսկողության տակ։
Քաղաքացիների վարկային բեռն ավելացել է հիփոթեքի և սպառողական վարկերի հաշվին։ Դրանք այն վարկերն են, որոնց շահառուները բացառապես քաղաքացիներն են։
Չունենալով այլ հնարավորություններ, այդպիսի վարկերով են քաղաքացիները փորձում լուծել իրենց կենցաղային ու ընտանեկան կարիքները՝ հավատալով պայծառ ապագայի վերաբերյալ իշխանությունների խոստումներին։
Հավատում են ու, ինչպես սովորաբար լինում է, հայտնվում վարկային տենդի մեջ, տարիներով տառապում են վարկային բեռի տակ։ Հաճախ էլ չկարողանալով դուրս գալ այդ թակարդից՝ եղածն էլ կորցնում են։ Կարճ ժամանակում վարկային հսկայական բեռի կուտակումն անխուսափելիորեն տանում է դրան։ Այլ տարբերակ պարզապես չկա, երբ վարկային բեռն անգամներով ավելի արագ է աճում, քան քաղաքացիների եկամուտները։
Ասել, որ վերջին տարիներին հիփոթեքային վարկերն ավելացել են, նույնիսկ կտրուկ ավելացել են, նշանակում է ոչինչ չասել։ Հրապարակված վերջին տվյալներով, անցած տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ բանկերի հիփոթեքային վարկերը հասել են 1 տրիլիոն 315 մլրդ դրամի։
Ի դեպ՝ այդ ցուցանիշով հիփոթեքային վարկերն առաջ են անցել բանկերի մյուս բոլոր վարկային պրոդուկտներից և դարձել են համակարգի ամենամեծ վարկային պորտֆելը։
Քաղաքացիները միայն հիփոթեքի գծով բանկերին շուրջ 3,3 մլրդ դոլարի պարտք ունեն։
Վեց տարում այդպիսի վարկերն ավելի քան 5,5 անգամով ավելացել են։
2018թ. հոկտեմբերին քաղաքացիների հիփոթեքային վարկերի բեռը ընդամենը 237 մլրդ դրամ էր։ Հիմա հասել է 1,3 տրիլիոնի։
Սա վարկային բեռի թռիչքային աճ է, որը չի ուղեկցվել քաղաքացիների եկամուտների նույնպիսի ավելացումով։ Ու ինչքան էլ թվում է, թե հիփոթեքով բնակարան ձեռք բերելը քաղաքացիների համար դարձել է փրկության միջոց, դա հետագայում լուրջ գլխացավանք է դառնալու շատերի համար, եթե արդեն չի սկսել դառնալ՝ կապված տնտեսական իրավիճակի վատացման, այլ ոլորտներից և հատկապես համատարած թանկացումներից քաղաքացիների վրա ֆինանսական ճնշման մեծացման ու եկամուտների անհամաչափ ավելացման հետ։ Ավելին, տնտեսական այս իրավիճակն առաջիկայում կարող է բերել նաև շատերի եկամուտների նվազման, աշխատանքի կորստի։
Դժվար է անգամ պատկերացնել, թե նման փաստի առաջ կանգնած քաղաքացին ինչպես է առերեսվելու այն հսկայական վարկային բեռի հետ, որի տակ հայտնվել է՝ հավատալով իշխանությունների՝ պայծառ ապագայի խոստումներին։ Վեց տարվա ընթացքում բացառապես բանկերի տրամադրած վարկերն ավելացել են 2,7 տրիլիոն դրամով, որից գրեթե 1,1 տրիլիոնը եղել են հիփոթեքային վարկերը։ Դրանք գնացել են ավելացնելու քաղաքացիների վարկային բեռը։
Հաջորդը սպառողական վարկերն են, որոնք 6 տարում կրկնապատկվել են։ Այս վարկերի պարտֆելը հասել է 1 տրիլիոն 312 մլրդ դրամի։
Վեց տարում քաղաքացիների սպառողական վարկերի բեռն ավելացել է 664 մլրդ դրամով։ Այն համարժեք է 1,7 մլրդ դոլարի։ Տարեկան միջին հաշվով 425 մլն դոլարի սպառողական վարկերն են ավելացել քաղաքացիների վրա։
Վեց տարում սպառողական վարկերի կրկնապատկումը կամ 1,7 մլրդ դոլարով ավելացումը նշանակում է, որ շատերը՝ հնարավորություններ ու միջոցներ չունենալով, վարկերի հաշվին են փորձում լուծել իրենց կենցաղային առաջնային ու հրատապ խնդիրները։ Սպառողական վարկերն ուղիղ կապ ունեն քաղաքացիների եկամուտների ու սոցիալական իրավիճակի հետ, և ամենևին էլ լավ օրից չէ, որ մարդիկ ստիպված են լինում դիմել բանկերի օգնությանը։ Առավել ևս՝ այնպիսի թանկ վարկերի օգնությանը, ինչպիսին սպառողական վարկերն են։
Այսպիսի վարկերի գինը երբեմն հասնում է՝ 18-20, նույնիսկ՝ ավելի բարձր տոկոսների։ Նման ծանրության տակ մտնելը չափազանց ռիսկային քայլ է, որին շատերը գնում են անճարակությունից դրդված։ Այնուհանդերձ, գնում են ու այդ պատճառով է, որ վեց տարում քաղաքացիների վարկային բեռը՝ միայն հիփոթեքի ու սպառողական վարկերի գծով, հասցրել է գրեթե 3 անգամով ավելանալ՝ 2018թ. հոկտեմբերի 885 մլրդ դրամից հասել է 2 տրիլիոն 628 մլրդ դրամի։ Ավելացել է 1 տրիլիոն 743 մլրդ դրամով կամ գրեթե 4,4 մլրդ դոլարով։
Սրան նպաստել են իշխանություններն ու հաճույքով ընդառաջել բանկերը՝ քաղաքացիներին դնելով աղետալի հետևանքներով հղի բեռի տակ։ Փոխարենը՝ տնտեսության ամենակարևոր հատվածը զրկված է եղել վարկային ներդրումներից։ Վեց տարում արդյունաբերությանը տրամադրված բանկերի վարկային պորտֆելն ավելացել է ընդամենը 16 մլրդ դրամով. 2018թ. հոկտեմբերին եղել է 524 մլրդ դրամ, 2024թ. հոկտեմբերին դարձել է 540 մլրդ դրամ։
Պատկերացրեք՝ հիփոթեքային վարկերն ավելացել են շուրջ 1,1 տրիլիոն դրամով կամ 2,7 մլրդ դոլարով, սպառողական վարկերը՝ 664 մլրդ դրամով կամ 1,7 մլրդ դոլարով, իսկ արդյունաբերության վարկերը՝ ընդամենը 16 մլրդ դրամով կամ 40 մլն դոլարով։ Սա իսկական աղետ է տնտեսության համար. Բանկային համակարգի ու տնտեսության իրական հատվածի միջև կապը գրեթե զրոյական է։ Հսկայական միջոցներ են դուրս եկել բանկերից, որոնք, սակայն, շրջանցել են տնտեսության արտադրական հատվածը, ոչնչով չեն նպաստել արդյունաբերության վերազինմանն ու զարգացմանը։ Այդպես է եղել ներդրումների բացակայության պայմաններում։
Դրա համար էլ մեր տնտեսության արտադրական հատվածը, որը պիտի դառնար երկարաժամկետ տնտեսական աճի ու բյուջեի կայուն եկամուտների գեներացման միջոցը, հայտնվել է լուսանցքում, ո՛չ առաջընթաց կա, ո՛չ էլ զարգացում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ