2025 թվականին մի քանի ուղղությամբ չաշխատելու դեպքում Հայաստանն ուղղակի դրվելու է զոհասեղանին. Հայկ Նահապետյան
Անվտանգության, ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանի գնահատմամբ՝ Հարավային Կովկասի ու Հայաստանի համար մարտահրավերներն ավելանում են, դրանք ավելի վտանգավոր կդառնան 2025 թվականին, եթե ՀՀ-ում որևէ քայլ չձեռնարկվի, մեծ խնդիրներ են սպասվում երկրին։
«Հավաքական Արևմուտքը՝ Միացյալ Նահանգները, Թուրքիան և Իսրայելը, Իրանի դեմ պատրաստվում են պատերազմի։ Մենք ունենք 3-4 ամիս, որպեսզի որպես պետություն՝ մեր գոյությունը շարունակենք, այսինքն՝ մենք 2025 թվականին պետք է պատրաստ լինենք։
Գիտեմ, ՀՀ իշխանությունը դժվար գնա այդ քայլին, բայց Հայաստանը շատ արագ իր հարաբերությունները պետք է վերականգնի ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի հետ հարաբերություններում։
Այնուհետև պետք է Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող թնջուկը լուծելու համար ՀՀ իշխանությունը հիմնվի 2020 թվականի նոյեմբերի 9-ի և մյուս եռակողմ հայտարարությունների վրա։
Այնուհետև՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը դարձնել օրակարգային, Կապանում բացել ՌԴ գլխավոր հյուպատոսություն, նաև ավելացնել ՌԴ զինական ներկայությունը Հայաստանում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հայկ Նահապետյանը՝ խոսելով 2025 թվականին Հայաստանին սպասվող մարտահրավերների և դրանց դիմագրավելու ուղիների մասին։
Մեր զրուցակցի խոսքով՝ եթե իշխանությունը գնա այս քայլերին, ապա հնարավոր կլինի ասել, որ 2025 թվականի մարտահրավերներին դիմագրավելու առումով կան որոշակի երաշխիքներ, հակառակ դեպքում՝ Հայաստանն ուղղակի դրվելու է զոհասեղանին։
«Այդ ամեից հետո, անկախ նրանից, թե Փաշինյանը որտեղ կլինի՝ Հայաստանի որևէ բանտո՞ւմ, թե՞ այլ երկրում, կապ չունի, Հայաստանն ենք կորցնելու։
Հիմա այս իրավիճակում գնդակը գտնվում է ՀՀ ընդդիմության դաշտում, թե ընդդիմությունը որքանո՞վ կկազմակերպվի, իրավիճակը համարժեք կգնահատի ու կոնկրետ քայլեր կձեռնարկի»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նա նաև ընդգծեց, որ վերջին 6,5 տարվա ընթացքում Հայաստանը որևէ ձեռքբերում չի ունեցել՝ բացի կորուստներից։
«Նախորդ՝ 2024 թվականը ևս Հայաստանի համար կորուստների տարի էր, մեր երկիրը որևէ ձեռքբերում չունեցավ։ Ձեռքբերումը միայն իշխանությունների համար է, որ առ այսօր իրենք զբաղեցնում են իրենց պաշտոնները։ Իսկ մեր ժողովուրդը և անվտանգային հարցերը բարձիթողի վիճակում են։ Հիմա էլ Ադրբեջանը դաշտ է նետում, թե Հայաստանը Ֆրանսիայից մահաբեր զենք է գնել, քարոզչական հող է նախապատրաստում, որ անհրաժեշտության դեպքում հարձակվի ու ասի, թե Հայաստանը զինվում էր։ Այ, երբ Իրանի դեմ հավաքական Արևմուտքը ռազմական գործողություններ սկսի, Ադրբեջանը կդիմի սադրանքի Հայաստանի ուղղությամբ։
Կարծում եմ՝ Փաշինյանը հասկանում է՝ որքան էլ ձգտի սիրաշահել Էրդողանին, դա որևէ արժեք չի կարող ունենալ Էրդողանի մոտ, քանի որ Թուրքիայի համար իր շահն ավելի կարևոր է, քան Փաշինյանի սիրով լեցուն վերաբերմունքն առ Էրդողան»,- եզրափակեց Հայկ Նահապետյանը։