Ամիսներ շարունակ «Full Size» խանութից գնված ապրանքները չառաքելուց հետո հայտնել են, որ այդ ապրանքները չկա
Դեկտեմբերի 28-ին shamshyan.com էր զանգահարել Հայաստանի մարզերից մեկի բնակչուհի, ով չցանկացավ ներկայանալ և իր դժգոհությունն էր հայտնում ամիսներ շարունակ հայտնի բլոգեր «222 Lava» մականվամբ Էրիկ Շահբազյանի կողմից գովազդվող «Full Size» կենցաղային տեխնիկայի և էլեկտրատեխնիկայի վաճառքով զբաղվող խանութ սրահից։
Նա ասաց․ «Նոյեմբերի 29-ին գնացել ենք «Full Size» և մայրիկի անունով ձևակերպել ենք ապառիկ 463 հազար դրամի չափով ու ասեցին, որ մարզեր առաքումը կանեն ու 15 օրվա ընթացքում, որից մենք իհարկե զարմացանք, բայց դե համաձայնվեցինք։ 15 օր անց ոչ մի լուր չկար առաքումից, զանգեցի իրենց խանութ, սկսեցին մուննաթ գալ, ասում են քիչ ուշ զանգեք, մենեջերի համար են տալիս, զանգահարում ենք, բա կներեք ուշացման համար, դիմացը Ամանոր է, ծանրաբեռնված ենք աշխատում, մի փոքր նվերով կառաքենք։ Դեկտեմբերի 16-ը դարձավ դեկտեմբերի 21 ու էդ ժամանակ էլի խոսում ենք հեռախոսով, ասում են տոներից հետո։ Վերջը պայմանավորվեցինք, որ դեկտեմբերի 26-ին առաքեն ու անգամ առաջարկեցին, որ ապառիկի առաջին ամսվա վճարը իրենք մուծեն։ Եկավ 26-ը ու նորից զանգեցինք ու ահավոր մուննաթով, ահավոր կոպիտ պատասխանեցին, որ 70 հատ առաքում ունեն ու շատ վատ ձևի ասեցին գազօջախը էսօր ուղարկեն, մնացածը՝ վաղը։ Ասեցի հաստատ, բա հա։ Բերեցին գազօջախը ու եկավ ամսի 27-ը զանգում եմ անընդհատ, խոսում ու 10 անգամ խոսքի մեջ «ֆռռացնում» են, ասում, էս պահին չի լինի։ Այդպես խոսում եմ իրենց հետ ու ասում եմ գազօջախն էլ կբերեմ հետ կվերադարձնեմ ու ասում եմ ես մեքենա եմ ճարել գամ վերցնեմ իմ ապրանքը ու ասում է «քուրս, ցավդ տանեմ, էդ ապրանքը չկա»։ Առավոտյան զանգահարում եմ, չեն պատասխանում, «Full Size»-ի սպասարկման կենտրոն եմ զանգում՝ անհասանելի է չգիտեմ ինչի, զանգում են մենեջերին, ասում եմ գալիս եմ ըտեղ, ասում է չէ, ես ստեղ չեմ, ամսի 14-ից ենք աշխատում։ Ես ասում եմ ինձ պատասխան տվեք, ինչ եք անում, ասում ա, բա մենք հունվարի 14-ից ենք աշխատում։ Ես 1 ժամում հասա Մալաթիա, տեսնեմ խանութը դատարկ է, ոչ մի բան չկա ու միանգամից այնտեղ են հավաքվեցին մեծ թվով բախտակից քաղաքացիներ, որոնք նույնպես տարբեր տեղերից հասել էին իրենց ապրանքների հետևից, որոնք այդպես էլ իրենց չէր հասել։ Ես զանգեցի նորից մենեջերին։ Որոշեցինք գնանք ոստիկանություն ու պարզվեց, որ արդեն ոստիկանությունում իրենց վրա գործ կա ու բոլորիս ասեցին, որ գնանք ոստիկանություն ու բողոք ներկայացնենք։ Այդտեղ եկավ նաև տարածքի սեփականատերը, ով այդ տարածքը վարձով է տվել։ Նա էլ ասեց, որ այս ամիսների ընթացքում իրեն ոչ մի դրամ չեն տվել ու ինքն է ասել, որ խանութի ներսի մի քանի ապրանքը թողեն, որ ինքը գոնե այդկերպ փոխհատուցվի»։