«Հայաստանը ոչ Ռուսաստանն է, ոչ էլ Միացյալ Նահանգները, որ գործի ուժի դիրքերից»
Հարցազրույց ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի հետ
– Ինչպե՞ս եք գնահատում Ռամիլ Սաֆարովի արտահանձնման, դրա արդյունքում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ստեղծված իրավիճակը: Ձեր կարծիքով` համարժե՞ք էին արդյոք Հայաստանի արձագանքները կատարվածին:
– ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի տևական ճգնաժամի պայմաններում, ինչի մասին «168 ժամի» էջերում առիթ ունեցել եմ գրելու, այդ իրադարձությունը լուրջ խթան դարձավ թե ներքին, թե միջազգային ասպարեզներում հակամարտությանը կրկին անդրադառնալու համար: Ավելին, քանի որ խնդրի առանձնահատկությունը ենթադրում է առնչություններ հակամարտության կարգավորման տարբեր բաղադրիչների` քաղաքական, իրավական, քարոզչական, պատմական և այլն, գործընթացի վրա, այդ իրադարձության և արձագանքների հետևանքները գնահատելը շատ վաղ է:
Հիմնական աշխատանքները դեռևս առջևում են: Սակայն, իհարկե, կարելի է գնահատել անմիջական արձագանքները: Այդ առումով բողոքի գործողությունները տարբեր երկրներում կարևոր նշանակություն ունեցան` ուշադրություն հրավիրելով կատարվածի վրա, սակայն ԱԺ քննարկումը և հայտարարության ընդունումն ընդհանուր առմամբ հիշեցրեց խորհրդային ժամանակները` հոխորտանք, անհասցե ցասում և դիմում աշխարհի խորհրդարաններին, թեև ակնհայտ է, որ որևէ մեկը դրան չի արձագանքելու:
Մինչդեռ դա լավ առիթ էր ղարաբաղյան խնդրի կարգավորմանն անդրադառնալու, գործնական քննարկումներ անելու և առաջարկություններ մշակելու համար: Ավելին, ԱԺ-ն իրավունք չուներ չանդրադառնալու 2008թ. ապրիլին խնդրի կարգավորման վերաբերյալ իր ընդունած հայտարարությամբ արված առաջարկությունների կատարմանը:
– Իսկ ի՞նչ եք կարծում` արդարացվա՞ծ էր արդյոք ՀՀ-ի կողմից Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու քայլը:
– Կարծում եմ` այո: Իհարկե, ձևականորեն, Հունգարիայի իշխանությունները որևէ իրավական նորմ չեն խախտել և իրենք չեն ընդունել ծանր հանցագործություն կատարածին և ըստ դատավճռի` առնվազն 20 տարի ներման իրավունք չունեցողին այդ իրավունքը շնորհելու որոշումը: Սակայն ակնհայտ է, որ նրանք չէին կարող չիմանալ Ադրբեջանում տիրող իրավիճակը, վերաբերմունքը հանցագործի նկատմամբ: Ի վերջո, քնած մարդուն միայն իր ազգային պատկանելության համար սպանած ճիվաղին հերոսացնելու քայլերն Ադրբեջանը վաղուց էր սկսել:
Հունգարիայի կառավարությունը չէր կարող չիմանալ Ադրբեջանի իշխանությունների բնույթը` Ալիևն ու իր կլանը մեկ անգամ չէ, որ կոպտորեն խախտել են ներքին օրենսդրության ու միջազգային պայմանագրերի, այդ թվում` և ՄԱԿ կանոնադրության նորմերը: Հետևաբար Բուդապեշտում հասկանում էին, որ արտահանձնման դեպքում իրենք նպաստում են մարդկության դեմ կատարվող ամենածանր հանցագործունեություններից մեկի` պետական մակարդակով ռասիզմի քարոզչության, խրախուսման և իրականացման գործողություններին Ադրբեջանում:
Ակնհայտ է, որ հանցագործության կատարմանը նպաստելը մեղսակցություն է: Ադրբեջանի արդարադատության փոխնախարարի` ներում չշնորհելու խոստման վերաբերյալ նամակի հրապարակումը չի կարող արդարացում լինել, քանի որ կան բազմաթիվ փաստեր շատ ավելի բարձր մակարդակով Ադրբեջանի ուխտադրժության վերաբերյալ: Ճիշտ հակառակը, նման նամակի առկայությունը վկայում է, որ Բուդապեշտում տեղյակ էին նման վտանգի մասին և փորձել են իրենց ապահովագրել: Հունգարիայի իշխանությունները ևս մեկ կոպիտ սխալ են թույլ տվել, հավանաբար ենթադրելով, որ մի քանի օրում արձագանքը կմարի, և իրենք հանգիստ կվայելեն գործարքի արդյունքները:
Թե Հունգարիայի ԱԳ նախարարի նամակը ՀՀ ԱԳ նախարարին, թե այդ գերատեսչության դիմումը Շվեյցարիայի ԱԳՆ-ին` Հայաստանի հետ առաջացած կնճիռը հարթելու հարցում միջնորդություն ստանձնելու վերաբերյալ, վկայում են, որ Հայաստանի քայլը համարժեք էր, և Բուդապեշտը փորձում է հաշտեցման եզրեր որոնել և դուրս գալ անպատվաբեր իրավիճակից: Իհարկե, վաղ թե ուշ հարաբերությունները կվերականգնվեն, սակայն շատ կարևոր է, որ Հայաստանն առավել արդյունավետորեն օգտագործի ստեղծված իրավիճակը:
– Տեղի ունեցածից հետո գնահատականներ հնչեցին, թե հայկական դիվանագիտությունը կարող է շահեկանորեն օգտագործել Սաֆարովի գործը` ԼՂ հակամարտության բանակցություններում: Կիսո՞ւմ եք այդ գնահատականները:
– Ինչպես արդեն նշեցի, հիմնական անելիքներն առջևում են: Կատարվածը Ի. Ալիևի թերևս ամենակոպիտ սխալն էր ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: Պետական ամենաբարձր մակարդակով ռասիզմի խրախուսումը ծանր մեղադրանք է ցանկացած երկրի համար, և այն կարող է անշրջելի բարդությունների հանգեցնել, Ադրբեջանի համար: Սակայն դա հնարավոր է միայն ամենօրյա լայնածավալ անդրկուլիսյան աշխատանքի դեպքում, որը նպատակ պետք է ունենա կատարվածը փաստաթղթային արձանագրումների վերածելու տարբեր միջազգային կազմակերպություններում:
Ընդ որում, խոսքը բացարձակապես առանձին անհատների ելույթների կամ հայտարարությունների մասին չէ, որոնք որևէ արժեք չունեն խնդրի կարգավորման տեսակետից, այլ այդ կազմակերպությունների ընդունած պաշտոնական փաստաթղթերի: Իհարկե, այդպիսի աշխատանքը կարող է հաջողությամբ պսակվել, եթե առկա է շարունակական աշխատանք` հիմքեր ստեղծելով նման իրադարձությունների օգտագործման համար: Իհարկե, դա անելը չափազանց բարդ է, թեև կան օրինակներ, որոնք վկայում են, որ անհնարին չէ:
Ընդ որում, բարդությունը կապված չէ այն բանի հետ, որ Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում ԼՂ խնդրի լուծման նպատակով, այլ, որ պահանջվում է լուրջ շարունակական մասնագիտական աշխատանքի կազմակերպում ու իրականացում: Ավելին, նման աշխատանքի բացակայության դեպքում անգամ այսպիսի աղաղակող իրադարձությունը ոչ միայն չի ունենա անհրաժեշտ ազդեցություն կարգավորման գործընթացի վրա, այլև ժամանակի ընթացքում կարող է այն աստիճան աղավաղվել, որ օգտագործվի հակառակ ուղղությամբ:
Ժամանակին այդպիսի աշխատանքի անտեսման պատճառով է, որ այսօր հաճախ օտարների ընկալումները մեծապես աղավաղված են հակամարտության գնահատման տեսակետից էական նշանակություն ունեցող մի շարք հարցերում` ով է սկսել պատերազմն` այն հակադրելով խաղաղ, իրավական գործողությունների, ինչու և ինչպես է պատերազմը դուրս եկել ԼՂԻՄ-ի սահմաններից, ինչ է տեղի ունեցել Սումգայիթում և Բաքվում, երբ և ինչ պայմաններում է անցկացվել անկախության հանրաքվեն, և այլն: Հետևաբար, Սաֆարովի արտահանձնումը դեռևս միայն մեծ հնարավորություն է ստեղծել կարգավորման գործընթացում շատ կարևոր շեշտադրումներ ավելացնելու համար: Թե ինչպես կօգտագործվի այդ հնարավորությունը, ցույց կտան ժամանակը և արդյունքները:
– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով ընթացող բանակցությունները բոյկոտելու, ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին կոչերին:
– Իհարկե, Մինսկի խմբի համանախագահների աշխատանքում կարելի է և անհրաժեշտ է մատնանշել լուրջ թերություններ, ինչը փորձել եմ անել մի շարք հոդվածներում: Սակայն, միաժամանակ, ակնհայտ է, որ միջնորդներին պետք է ստիպել, որ նրանք գործեն արդյունավետորեն, քանի որ նրանք հաճախ փորձում են նաև առաջ մղել իրենց երկրների շահերը: Հայաստանը չի կարող և չպետք է անվերապահ դրական վերաբերմունք ունենա միջնորդների նկատմամբ:
Ոչ միայն այն պատճառով, որ նրանց դիրքորոշումը երբեմն լղոզված է ու հակասում է բանակցային փաստաթղթի սկզբունքներին: Բանակցությունների տեսությունում կա մի կանոն, ըստ որի, երբ կողմերից մեկը մշտապես գոհ է և պատրաստակամ զիջումների, շատ հաճախ զիջումների զգալի մասը հենց այդ կողմի հաշվին է արվում: Հետևաբար` մենք առաջին հերթին պետք է ճշտենք միջնորդների հետ հարաբերությունները կառուցելու մեր մոտեցումները:
Սակայն բոլորովին այլ հարց է բանակցություններից դուրս գալը: Ցավոք, ՀՀ-ում շատ հաճախ, քաղաքական գործիչների և «քաղաքագետների» ճնշող մեծամասնությունն անում է բացարձակապես չհիմնավորված, մերկապարանոց «առաջարկություններ»: Պատահական չէ, որ բանակցությունները բոյկոտելու կոչ անողներն իրենց նեղություն չեն տալիս մատնանշելու, թե դրանից հետո ինչ պետք է անել խնդրի կարգավորման ուղղությամբ: Հայաստանը ոչ Ռուսաստանն է, ոչ էլ Միացյալ Նահանգները, որ գործի ուժի դիրքերից:
Ավելին, լուրջ վերաբերմունքի դեպքում դժվար չէ հասկանալ, որ Ադրբեջանի փորձերը` խնդրի կարգավորման գործընթացն այլ հարթություն տեղափոխելու ուղղությամբ, առաջին հերթին նպատակ ունեն պարզապես ազատվելու «Մադրիդյան սկզբունքների» թակարդից, որի մեջ անիմաստ ինքնավստահության և տգիտության պատճառով հայտնվել է Ալիևը: Այդ փաստաթղթի հիմքում միջազգային իրավունքի երեք նորմեր են, այդ թվում` ինքնորոշման իրավունքը, ինչը մեծ դժվարությամբ, բայց տանում է դեպի ԼՂ-ի անկախություն:
Ու քանի դեռ բանակցային փաստաթղթի հիմքում այդ սկզբունքներն են, Ադրբեջանն ամեն ջանք գործադրելու է բանակցային այս փուլն ավարտելու և նոր նախագծի անցնելու համար: Հայկական կողմերի անելիքը ճիշտ հակառակն է` սկզբունքները պահպանել բանակցությունների հիմքում: Այլ բան է, որ Հայաստանը հենց բանակցությունների հիմքում գտնվող ինքնորոշման իրավունքն օգտագործելով վճռականորեն պետք է պահանջի այդ իրավունքը կրող ԼՂՀ-ի ներկայացուցչի մասնակցությունը բանակցություններին` օգտագործելով նաև վերջին իրադարձությունները:
Այսինքն, Հայաստանը ոչ թե պետք է իրականացնի Ադրբեջանի երազանքը` բանակցություններից հեռանալով արխիվ ուղարկի բանակցային նախագիծը, որի հիմքում ինքնորոշման իրավունքն է, այլ ամեն ջանք գործադրի, որ ԼՂ-ն մասնակցի բանակցություններին: Ինչ վերաբերում է ԼՂՀ անկախության ճանաչմանը, ապա այս հարցը պահանջում է ավելի նուրբ մոտեցում: Ակնհայտ է, որ Հայաստանի ճանաչումը միայն մեկ օղակն է միջազգային ճանաչման ճանապարհին, որի ապահովումը մեր գերխնդիրն է: Այդ գերխնդրի հստակ պատկերացումն ու մշակումն է, որ կարող է ցույց տալ, թե երբ պետք է անել այդ քայլը` գերխնդրի տեսակետից առավել արդյունավետություն ապահովելու համար: Մեկ քայլ պարունակող «առաջարկություններ» անելը նման բարդ խնդրի դեպքում կամ միամտություն է, կամ պարզունակ քաղաքական շահարկում:
– ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարել էր, թե «Մարդասպանին ներում շնորհելու հրամանագիրը ղարաբաղցիների` Անկախություն ունենալու բոլոր հիմնավորումների լավագույն ապացույցն է»: Արդյո՞ք դա իրատեսական է:
– Տարընթերցումներից խուսափելու համար ճիշտ կլինի, որ Ռոբերտ Քոչարյանն` ինքը, կամ իր գրասենյակը մեկնաբանի կամ հիմնավորի երկրորդ նախագահի հայտարարությունները: Առավել ևս, երբ հայտարարությունը վերաբերում է նման նուրբ և հուզական խորը լիցք ունեցող հարցի: Սակայն, կարծում եմ, Հայաստանի երկրորդ նախագահի հայտարարության հիմքը հետևյալն է. որևէ մեկն իրավունք չունի որևէ ժողովրդի ստիպել ապրելու մի երկրի կազմում, որտեղ այդ ժողովրդի նկատմամբ պետական ամենաբարձր մակարդակով իրականացվում են բացահայտ ռասիստական ամենավայրագ գործողություններ: Ի դեպ, Սաֆարովի և Ի. Ալիևի փոխկապակցված գործողությունները ցեղասպանության հայտանիշներից մեկն են:
Այդ առումով, իհարկե, սա զորեղ փաստարկ է ԼՂՀ անկախության օգտին, սակայն, ինչպես նախկինում առիթներ ունեցել եմ ասելու, անգամ Արդարադատության միջազգային դատարանում դատավորները գնահատում են ոչ թե երևույթները, այլ կողմերի բերած փաստարկները: Հետևաբար, այսօր անհրաժեշտ է, ինչպես արդեն նշեցի, լուրջ ջանքեր գործադրել, որ փաստերն ունենան փաստաթղթային արձանագրումներ:
Սակայն, վերադառնալով հարցադրմանը, կարծում եմ` ԼՂՀ անկախության օգտին ամենազորեղ փաստարկը ԼՂ-ի դեպքի անթերի լինելն է միջազգային իրավունքի տեսակետից, որի համաձայն` ԼՂՀ-ն ունի անվերապահ ինքնորոշման իրավունք իր քաղաքական կարգավիճակն ինքնուրույն որոշելու համար, այդ թվում և` անկախ պետականության ստեղծման տարբերակով: Իհարկե, երբ հակառակորդը թույլ է տալիս կոպիտ սխալներ, դրանք անպայման պետք է օգտագործել: Սակայն վստահ եմ, որ եթե Բաքուն նման սխալներ չանի էլ, Լեռնային Ղարաբաղի անկախության իրավունքը բացարձակապես անթերի է: Պարզապես պետք է կարողանալ բարդ, տևական, ամենօրյա աշխատանքով հասնել այդ իրավունքի իրացմանը միջազգային ասպարեզում:
– Ձեր կարծիքով, համարժե՞ք էր միջազգային հանրության արձագանքը կատարվածին: Շատերը տարօրինակ են համարում մասնավորապես Ռուսաստանի ուշացած և ոչ այնքան բարձր մակարդակով արված հայտարարությունը` հաշվի առնելով նաև այն տեղեկությունները, որ Սաֆարովի արտահանձնման գործընթացին նպաստել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համակուրսեցի ադրբեջանցի գործարարը:
– Կարծում եմ` լուրջ չէ Պուտինի կամ ՌԴ-ի նման ազդեցիկ որևէ երկրի ղեկավարի համակուրսեցիների, համադասարանցիների, բակի տղաների կամ նույն մանկապարտեզը հաճախած սաների գործողություններում ղեկավարի «մատը» տեսնելը, թեև, ցավոք, Հայաստանում դա երևի շատերի երևակայության սահմանն է: Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա ակնհայտ է, որ այն համասեռ և մեկ կենտրոնից կառավարվող կազմակերպություն չէ, արձագանքներն էլ չեն կարող նույնաբովանդակ լինել:
Առավել ևս, որ տարբեր միջազգային կազմակերպություններ գլխավորում են միանգամայն տարբեր փորձ, գիտելիքներ ու շահեր ունեցող մարդիկ, որոնք, դրանից զատ, այս կամ այն չափով հաշվի են առնում նաև իրենց երկրների ու այդ կազմակերպությունների շահերը: Ավելին, եթե որոշ կազմակերպություններ կարող են ունենալ զգալիորեն համընկնող շահեր, ապա պետությունների պարագայում այդ շահերը կարող են միանգամայն հակոտնյա լինել:
Անգամ այն պետությունների պարագայում, որոնք նույն կազմակերպության անդամ են: Մոլորություն է եվրոպական արժեքների նկատմամբ նույն մոտեցումն ակնկալել, օրինակ, Ֆրանսիայից, Հունգարիայից և Բուլղարիայից, թեև նրանք բոլորն էլ ԵՄ անդամ երկրներ են: Ինչպես այս դեպքում, այնպես էլ, օրինակ, ԼՂՀ նախագահի ընտրության դեպքում, որն օգոստոսին ներկայացվել է «168 ժամի» ընթերցողներին, հեշտ է համոզվել, որ արձագանքները զգալիորեն տարբեր են: Դա պայմանավորված է ինչպես` վերը նշված, այնպես էլ` մի քանի այլ հանգամանքներով:
Մեզ վերաբերող հարցերը, որոնք Հայաստանում միանգամայն տրամաբանական պատճառներով սուր են ընկալվում, այլ երկրների կամ միջազգային կազմակերպությունների համար շատ հաճախ ամենակարևոր հարցերի շրջանակում չեն լինում, հետևաբար և` արձագանքի ձևակերպման հարցն էլ շատ չի կարևորվում ու կարող է պատշաճ մակարդակով չիրականացվել: Որևէ քաղաքական հարցի արձագանքի ակնկալիքները չպետք է կապել այն բանի հետ, թե այդ հարցում ով է արդար, ով` մեղավոր:
Այդպիսի հուզական մոտեցումը շատ հաճախ հանգեցնում է հուսախաբությունների: Դրանցից խուսափելու և ցանկալի արձագանքներ ունենալու համար շատ կարևոր է հասկանալ, որ այդ արձագանքների բովանդակությունը կախված է լինում նաև քո երկրի ներկայացուցիչների կատարած աշխատանքից: Ընդ որում, ոչ միայն արձագանքման կարոտ իրադարձությունից հետո, այլև նախընթաց ժամանակահատվածում: Հետևաբար, շատ կարևոր է շարունակական աշխատանքը, կապերի ու համագործակցության խողովակների ստեղծումը, հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունների օրակարգերին, ընդունվող որոշումների ու հայտարարությունների տեքստերին նախապես ծանոթ լինելն ու դրանց վրա ազդելու հնարավորություններ ստեղծելը, և այլն:
Եթե այդ ամենը չկա, և ամբողջ հույսն արդարությունն է, ապա շատ հաճախ արդյունքը կլինի հուսախաբություն: Ինչպես ասում են, արդարությունը ևս պետք է բռունցքներ ունենա` ինքն իրեն պաշտպանելու համար:
– Կարևորագույն հարցերի դեպքում ՀՀ իշխանությունները հաճախ են իրականությունը թաքցնում «դիվանագիտական գաղտնիք» ձևակերպման տակ: Ձեր կարծիքով` հասարակությունը չպե՞տք է արդյոք տեղեկացված լինի բանակցային այս կամ այն գործընթացին այն մակարդակով, որպեսզի հետագայում հարցի գաղտազերծումը շոկ չառաջացնի նրանց մոտ:
– Բանակցային գործընթացները շատ հաճախ ընթանում են խորհրդապահական պայմաններում, քանի որ դրանք բարդ գործընթացներ են, և հաճախ կողմերը կիրառում են միջանկյալ հնարքներ, որոնցից շատերը լուծման վերջնական տարբերակում չեն արտացոլվում: Բանակցություններում առավել հաճախ կիրառվող բանաձևն է` քանի դեռ չկան լուծումներ բոլոր հարցերի համար, ոչ մի լուծում չկա: Որևէ ոչ ստանդարտ քայլի կիրառում, վերջին հաշվով, կարող է հաջողություն ապահովել բանակցություններում` որպես միջանկյալ քայլ, բայց դրա հրապարակումը բանակցությունների ընթացքում կարող է լուրջ քաղաքական շահարկման առարկա դառնալ` ոչ միայն տապալելով բանակցությունները, այլև ապակայունացնելով իրավիճակը:
Այս ամենը դարեր շարունակ կիրառվել է, և դժվար թե տեսանելի ապագայում այս ասպարեզում հեղափոխություն տեղի ունենա: Սակայն հարցադրման մեջ արծարծվում է հասարակության խնդիրը, որը պակաս կարևոր չէ: Իհարկե, երկրի համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները պետք է դառնան ակտիվ և հրապարակային հասարակական քննարկումների առարկա:
Սակայն դրա արդյունավետությունը կարող է ապահովվել մեկ պայմանի առկայության դեպքում` եթե երկրում կա կայացած մասնագիտական միջավայր, որի ներկայացրած կարծիքը (կարծիքները) դառնում են հասարակության համար կողմնորոշիչ` քաղաքական գործիչների մոտեցումները գնահատելիս: Մինչդեռ մեր իրականության մեջ հաճախ ոչ թե քննարկումներ են տեղի ունենում, այլ ներկայացվում են փոխադարձ վիրավորանքներ ու դաժան մեղադրանքներ, անհիմն գուշակություններ ու ասեկոսեների վրա կառուցված «կանխատեսումներ», և ունենում ենք ոչ թե քննարկումներ, այլ «Շունն ու կատվի» ժամանակակից բեմադրություն: Բերեմ երկու օրինակ, որոնք վերաբերում էին մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի:
2009թ. հրապարակվեցին երկու փաստաթղթեր` «Մադրիդյան սկզբունքները» և հայ-թուրքական արձանագրությունները: Քանի՞ հիմնավոր, մասնագիտական վերլուծություն հրապարակվեց կամ ներկայացվեց հասարակությանը: Քանի՞ գիտական կոնֆերանս կամ քննարկում տեղի ունեցավ: Իսկ դատարկ խոսակցությունների ու փոխադարձ մեղադրանքների պակաս չկար: Կարծում եմ, հատկապես քաղաքագիտության ոլորտում մասնագետների պատրաստման և մասնագիտական միջավայրերի ձևավորման և, ըստ այդմ, կրթության և գիտության զարգացման խնդիրը մեր երկրում դարձել է առավել կարևորներից մեկն, ու դրա հետագա ուշացումը հղի է աղետալի հետևանքներով: Սակայն դա առանձին զրույցի թեմա է, որին, հուսով եմ, հետագայում կանդրադառնանք: