Կարևոր շրջադարձ Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում
Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների վերջին` հունիսի 19-ին Լոս Կաբոսում արված համատեղ հայտարարությունը հաստատեց նույն ձևաչափով նախորդ երեք հայտարարությունների համեմատական վերլուծության հիման վրա մեկ տարվա վաղեմության այն հետևությունը («168 ժամ», թիվ 59 (819), 9-10 հունիսի, 2011թ.), որ կարգավորման գործընթացը հայտնվել է ճգնաժամում: Պուտինը, Օբաման և Օլանդը հայտարարեցին, որ «հակամարտության կողմերը չպետք է այսուհետև էլ հետաձգեն կարևոր որոշումների ընդունումը, որոնք անհրաժեշտ են ամուր և խաղաղ կարգավորման համար: Մենք ափսոսում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները չեն անում այն վճռական քայլերը, որոնք մենք նախատեսել էինք 2011թ. մայիսի 26-ին Դովիլում արված համատեղ հայտարարությունում… Մենք Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին կոչ ենք անում կատարել 2012թ. հունվարի 23-ին Սոչիում արված համատեղ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները` Ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնական սկզբունքների առնչությամբ համաձայնության հասնելու գործընթացն արագացնելու վերաբերյալ»: Այդուհանդերձ, Լոս Կաբոսի հայտարարությունից ընդամենը մեկ ամիս անց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ընտրության առնչությամբ արձանագրվեցին մի շարք զարգացումներ, որոնք վկայում են, որ կարգավորման գործընթացում տեղի են ունենում միջազգային հարաբերություններին հատուկ նուրբ, բայց կարևոր տեղաշարժեր: Հաշվի առնելով այն համգամանքը, որ հակամարտությունների կարգավորումն ընդհանրապես, իսկ Լեռնային Ղարաբաղի դեպքում` հատկապես, բարդ, բազմագործոն, գերտերությունների ու դրան հավակնող երկրների շահերի լուրջ բախումներով ուղեկցվող և ամենօրյա մանրակրկիտ, շարունակական աշխատանք պահանջող գործընթաց է, որտեղ անգամ հանգրվանային հաջողությունները պահանջում են ընթացիկ դրական տեղաշարժերի տևական կուտակում, վերջին շրջանի զարգացումներն արժանի են հատուկ ուշադրության:
ԼՂՀ Նախագահի ընտրության արդյունքները
ԼՂՀ նախագահի ընտրությունը շահեկանորեն տարբերվեց ոչ միայն այլ չճանաչված պետություններում, այլև նախկին ԽՍՀՄ տարածքի ճանաչված պետություններում անցկացվող ընտրություններից, որոնց ընթացքում գրեթե անխուսափելի են կոշտ դիմակայությունները, բողոքի գործողությունները կամ տարաբնույթ սկանդալները: Պատահական չէ, որ Արևելյան Եվրոպայից ժամանած դիտորդները արձանագրում էին, որ ոչ մի տարբերություն չնկատեցին ԼՂՀ-ում կայացած ընտրության և իրենց երկրներում կազմակերպվող ընտրական գործընթացների միջև: ԼՂՀ նախագահի ընտրության արդյունքները ևս տպավորիչ էին: Դա վերաբերում է ոչ միայն հաղթած, գործող նախագահ Բակո Սահակյանի և երկրորդը ճանաչված թեկնածուի` Վիտալի Բալասանյանի բարձր ցուցանիշներին (համապատասխանաբար` 66.7% և 32.5%), այլև վերջինիս արձագանքին ընտրության արդյունքների հրապարակմանը: Նա հայտարարությամբ ընդունեց դրանք, շնորհավորեց ԼՂՀ ժողովրդին` «քաղաքական զարթոնքի կապակցությամբ, ինչն արտահատվել է նախագահական քարոզարշավի և քվեարկության ժամանակ», ինչը ևս եզակի երևույթ է նախկին ԽՍՀՄ տարածքում:
Հատկանշական է մեծ թվով օտարերկրյա դիտորդների մասնակցությունը: Հաշվի առնելով, որ ԼՂՀ բնակչության թիվը չի անցնում 150000-ը, Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի 26 երկրներից (Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Ֆրանսիա, Կանադա, Գերմանիա, Ավստրիա, Չեխիա, Իռլանդիա, Կիպրոս, Լեհաստան, Հունգարիա, Բուլղարիա, Իսրայել, Արգենտինա, Ուրուգվայ և այլն) ժամանած ութ տասնյակ դիտորդների մասնակցությունն ընտրությանը տպավորիչ է և նրանց ու ընտրողների թվերի հարաբերակցությամբ չի զիջում Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում անցկացվող ընտրություններին: Ավելին, միջազգային դիտորդների մասնակցությունը հատկապես կարևորում է այն հանգամանքը, որ նրանց շարքում էր մասնագիտական կառույցի` Ընտրական համակարգերի փորձագիտական կենտրոնի (ICES) առաքելությունը, որը ԼՂՀ նախագահի ընտրության գործընթացը ճանաչեց որպես «հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտության ժողովրդավարական ակտ, որը համապատասխանում է ընտրական իրավունքի միջազգային նորմերին»:
Որևէ երկրում ընտրություններն առաջին հերթին այդ երկրի ներքին կյանքը կազմակերպելու նպատակ ունեն և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հայտնվում են, եթե այդ երկիրը մեծ ազդեցություն ունի միջազգային հարաբերությունների վրա կամ, եթե դրանց անցկացման ժամանակ տեղի են ունենում արտառոց իրադարձություններ: ԼՂՀ Նախագահի ընտրությունը չի համապատասխանում ոչ առաջին դեպքին, ոչ` երկրորդ, սակայն թե դիտորդների, թե միջազգային կազմակերպությունների ու հեղինակավոր լրատվամիջոցների արձագանքն աննախադեպ էր իր ընդգրկումով: Հիմնական պատճառը, թերևս, Ադրբեջանի ավանդական դարձող նախընտրական աղմուկն էր` քարոզչական շոուի ակնկալիքով: Սակայն թե միջազգային կազմակերպությունների, թե հեղինակավոր լրատվամիջոցների արձագանքը վկայում են, որ ոչ միայն ադրբեջանական շոուն ձախողվեց, այլև հակամարտության ընկալման, հետևաբար և կարգավորման տեսակետից արձանագրվեցին աննախադեպ դրսևորումներ, որոնց նշանակությունն ավելի է մեծանում բանակցային գործընթացում առկա ճգնաժամի պայմաններում:
Միջազգային արձագանքները ԼՂՀ նախագահի ընտրությանը
Միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա լրատվամիջոցների արձագանքները ԼՂՀ նախագահի ընտրությանը թեև աննախադեպ էին, սակայն միանգամայն տեղավորվում են նրանց գործունեության շրջանակներում: Մինչդեռ մի քանի երկրների արտգործնախարարությունների արձագանքները թեև հասկանալի դրդապատճառներ ունեն, սակայն անտրամաբանական են առնվազն մի քանի պատճառով: Նախ, ինչպես վերը նշվեց, ընտրություններն, առավել ևս` միջազգային հարաբերություններում մեծ ազդեցություն չունեցող երկրներում անցկացված, եթե չեն հանգեցրել բարդությունների կամ երկրի կուրսի կտրուկ փոփոխության, միջազգային արձագանքներ չեն ունենում: Երկրորդ, որևէ երկիր այլ երկրում տեղի ունեցած ընտրությունները ճանաչելու կամ չճանաչելու լիազորություն չունի: Երրորդ, ընտրությունների անցկացմամբ պաշտոնական Ստեփանակերտը երբեք չի ակնկալել դրա հետևանքով ԼՂՀ անկախության միջազգային ճանաչում, թեև ակնհայտ է, որ ցանկացած երկրի կայացվածության ցուցանիշներից մեկն էլ ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է: Եվ, ըստ ՄԱԿ-ի անդամակցության ստանդարտների, միայն կայացած երկիրը կարող է հավակնել անկախության միջազգային ճանաչման` օգտագործելով ինքնորոշման իրավունքի իրացման գործընթացը: Սակայն մի քանի երկրների արտաքին գերատեսչություններ, ամենայն հավանականությամբ, չեն կարողացել մերժել Բաքվի խնդրանքը կամ դրա նյութականացման փորձերը և հայտնվել են անհեթեթ իրավիճակում: Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ «հաստատում է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցությունը» և չի ճանաչում նախագահական ընտրությունները: Վրաստանում հավանաբար չգիտեն, որ տարածքային ամբողջականության սկզբունքը կանոնադրական նորմ է ՄԱԿ և ԵԱՀԿ անդամ երկրների համար և վերահաստատման կարիք չունի: Ավելին, այդ սկզբունքը որևէ կապ, այդ թվում և հակասություն չունի ընտրական կամ ինքնորոշման գործընթացների հետ, գործում է ՄԱԿ և ԵԱՀԿ անդամ երկրների միջև հարաբերությունների կարգավորման ժամանակ, մինչդեռ ինքնորոշվող ժողովրդի և մետրոպոլիայի հարաբերությունները կարգավորվում են ինքնորոշման իրավունքի շրջանակներում, ինչը 2010թ. ևս մեկ անգամ արձանագրեց Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի կարծիքը` Կոսովոյի խնդրի առնչությամբ: Հետևաբար Վրաստանի «աջակցությունն» Ադրբեջանին գրոշի արժեք չունի, թեև սփոփիչ գին հավանաբար ունի: Լատվիայի արտգործնախարարությունը փորձել է խուսափել նման անհեթեթ վիճակում հայտնվելուց և ավելի զուսպ է գտնվել, միայն հայտարարելով, որ «չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում հուլիսի 19-ին տեղի ունեցած նախագահի ընտրությունը»: Ի տարբերություն Թբիլիսիի, Ռիգայում շատ լավ հասկանում են, որ ԼՂՀ նախագահի ընտրությունը ոչ մի կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ ու դրան չեն անդրադարձել, սակայն, ինչպես իրենց վրացի գործընկերները, «մոռացել են», որ որևէ երկրի նախագահի ընտրության ճանաչման կամ չճանաչման լիազորություն չունեն ու նման բան երբեք չեն էլ արել որևէ այլ դեպքում: Թեև Թուրքիայի արտգործնախարարությունը շատ ավելի փորձառու է, սակայն նույնպես չի կարողացել խուսափել վերոհիշյալ անիմաստ ձևակերպումներից. «Թուրքիան չի պատրաստվում ճանաչել նախագահական ընտրությունները, որոնք պետք է անցկացվեն Լեռնային Ղարաբաղում, մի տարածքում, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև չկարգավորված վեճի առարկա է… Թուրքիան դատապարտում է այդ ընտրությունները` որպես Ադրբեջանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ոտնահարման նոր տեսակ»: Ակնհայտ է, որ նման հայտարարությունները միայն ներքին` Ադրբեջանում և Թուրքիայում օգտագործման նպատակ են հետապնդում:
Իհարկե, Մինսկի խմբի համանախագահող Ռուսաստանի արտգործնախարարություն չէր կարող իրեն թույլ տալ անհեթեթ ձևակերպումներ և արդյունքում, թեև հայտարարություն արել է, սակայն այն սոսկ արձանագրում է երկու փաստ, իսկ տեղի ունեցած ընտրության նկատմամբ որևէ բացասական վերաբերմունք չի արտահայտում. «Մենք Լեռնային Ղարաբաղը չենք ճանաչում որպես անկախ պետություն և չենք համարում, որ խաղաղ գործընթացի արդյունքները կարող են կախված լինել ընտրությունների անցկացումից»: Ավելին, դժվար չէ նկատել, որ այս հայտարարությունը ժխտում է ադրբեջանական պնդումները, որ տեղի ունեցած ընտրությունը կխաթարի բանակցությունների բնականոն ընթացքը:
Հավանաբար, պաշտոնական Բաքուն ևս հասկանում է, որ ի տարբերություն այլ անգամների, ոչ միայն խիստ նեղ է ԼՂՀ նախագահի ընտրության վերաբերյալ հայտարարություններ արած երկրների շրջանակը (մի քանի նախկին խորհրդային հանրապետություններ և Թուրքիա), այլև դրանք, ըստ էության, բովանդակազուրկ են, ձևական ու չեն ծառայում Ադրբեջանի հետապնդած նպատակներին: Թերևս դա է պատճառը, որ իրավիճակը փրկելու համար Ադրբեջանը դիմել է «ավանդական» հնարքի` կեղծիքի, տեղեկություն տարածելով, որ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը հայտարարել է, որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած նախագահական ընտրությունները, Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս և հարգանքով է վերաբերվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Պաշտոնական Բաքուն հավանաբար չէր սպասում, որ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտն անմիջապես կհերքի «լուրը»` նման հայտարարություն չի արել ու չի անելու: Փաստորեն, ԼՂՀ նախագահի ընտրության կապակցությամբ մի քանի երկրների հայտարարությունները ոչ միայն չծառայեցին Բաքվի քարոզչական նպատակներին, այլև առիթ դարձան պաշտոնական Բաքվի հերթական կեղծիքի բացահայտմանն ու մի շարք հեղինակավոր օտարերկրյա լրատվամիջոցներով ԼՂՀ մասին տեղեկատվական ալիքի տարածմանը:
Օտարերկրյա լրատվամիջոցների արձագանքները: Ի տարբերություն առանձին երկրների, ԼՂՀ նախագահի ընտրությանն արձագանքեցին մեծ թվով օտարեկրյա էլեկտրոնային ու տպագրվող լրագրեր` սկսած ամերիկյան փոքր ու միջին քաղաքների (Սան Անտոնիո, Կանզաս և այլն) օրաթերթերից մինչև «Վաշինգթոն փոսթ»: Մեծ էր արձագանքը նաև հանրահայտ ռադիո և հեռուստակայանների կողմից` «Ազատություն», «Սի Էն Էն», «Բի Բի Սի», «Սի ԲԻ Էս» և այլն: Այն աննախադեպ էր իր ծավալով և բովանդակությամբ: Առաջինը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Ադրբեջանն այս անգամ ավելի մեծ ջանքեր ու միջոցներ էր տրամադրել հակաղարաբաղյան ու հակահայաստանյան քարոզչական արշավին: Միաժամանակ, լրատվամիջոցներն անդրադառնում էին ոչ միայն նախագահական ընտրությանը` որպես իրադարձության, այլև միջազգային կազմակերպությունների ու մի քանի երկրների արձագանքներին: Անդրադարձերն ընտրությանն ուղեկցվում էին հակամարտության վերաբերյալ սեղմ տեղեկատվությամբ: Արևմտյան լրատվամիջոցների համար որպես աղբյուր ծառայում էին հիմնականում «Ասոշիեյթեդ փրես», «Ռոյթեր», ինչպես նաև ռուսական «Ռեգնում», «ՌԻԱ-նովոստի» և «Ինտերֆաքս» գործակալությունների տրամադրած հաղորդագրությունները, որոնց շեշտադրումները նախորդ դեպքերի համեմատ շատ ավելի զուսպ էին և օբյեկտիվ: Հատկանշական է, որ որոշ լրատվամիջոցներ փորձել են հավասարակշռություն պահպանել Ադրբեջանի և ԼՂՀ-ի միջև: Մասնավորապես, «Բի Բի Սի»-ն, մատնանշելով Ադրբեջանի գնահատականն ընտրություններին` որպես «սադրանք», ներկայացնում է նաև ԼՂՀ արտգործնախարար Վ. Աթաջանյանի տեսակետն` ըստ «Ռոյթերի». «Մենք բոլոր հիմքերն ունենք աշխարհին ասելու, որ ընտրությունն անցկացնում ենք օրենքին լիակատար համապատասխան: Մենք կարող ենք ասել, որ որևէ տարբերություն չկա մեր և ժողովրդավարական Եվրոպայի միջև»:
Տեղեկատվական գործակալությունների տարածած հաղորդագրություններից լրատվամիջոցները հաճախ օգտագործել են «Ասոշիեյթեդ փրես»-ի տարածածը, որն աչքի է ընկնում չեզոքությամբ և ճշգրտությամբ: Ռուսական գործակալությունների շարքում շահեկանորեն առանձնանում են «Ռեգնում»-ի հաղորդագրություններն` իրենց ծավալով և անաչառությամբ: Մինչդեռ ռուսական «ՌԻԱ-նովոստի» և «Ինտերֆաքս» գործակալությունների հաղորդագրություններում, ի տարբերություն «Ռեգնում»-ի, որոշ հաստատագրումներ կրկնում են իրողություններն աղավաղող ադրբեջանական տեսակետը: Մասնավորապես, «ՌԻԱ-նովոստի»-ն խնդիրը ներկայացնում է որպես «հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև» և համարում, որ «տարածաշրջանը 1994-ից ի վեր գտնվում է Հայաստանի վերահսկողության ներքո»:
Իհարկե, ԼՂՀ նախագահի ընտրությանն օտարերկրյա լրատվամիջոցների և գործակալությունների անդրադարձերն առաջին հերթին ունեն տեղեկատվական և քարոզչական նշանակություն, մինչդեռ հակամարտության կարգավորման տեսակետից առավել կարևոր են միջազգային կազմակերպությունների արձագանքները:
Միջազգային կազմակերպությունների արձագանքները: Այդ կազմակերպությունների արձագանքները տարաբնույթ են` կախված կարգավորման գործընթացում նրանց ներգրավվածությունից կամ տարածաշրջանում ունեցած դերակատարությունից, թեև, ընդհանուր առմամբ, շահեկանորեն տարբերվում են նախորդ ընտրական գործընթացների վերաբերյալ արված հայտարարություններից: Այդ առումով միայն Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջ. Ափաթուրայի հայտարարությունն է մնացել տարիների վաղեմության մակարդակին: Այն ևս մեկ առիթ տվեց համոզվելու, որ ՆԱՏՕ-ն հատուկ քաղաքական խնդիրների լուծման ռազմական կառույց է` վերջինիս բնորոշ դանդաղկոտությամբ և ճկունության բացակայությամբ: Այդուհանդերձ, ՆԱՏՕ-ի արձագանքը` հավատարիմ միջազգային կազմակերպությունների տարիների վաղեմության հայտարարությունների ոգուն ու տրամաբանությանը, հնարավորություն է տալիս առարկայորեն գնահատելու իրավիճակի փոփոխությունն ու նախկինում արվող նման հայտարարությունների անհեթեթությունը: Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության, Ափաթուրայն ասել է. «ՆԱՏՕ-ն, ինչպես մյուս միջազգային կազմակերպությունները, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում ընթացող «նախագահական ընտրությունները»: Նման ընտրությունների անցկացումը չի նպաստում հակամարտության խաղաղ և ամուր կարգավորմանը»: Ակնհայտ է, որ ընդամենը երեք տողանոց երկու նախադասության մեջ արվել է երեք կոպիտ սխալ: Նախ, «մյուս միջազգային կազմակերպությունները» Ափաթուրային չեն լիազորել իրենց անունից հայտարարություն անել, իսկ մի քանիսն իրենք են իրենց տեսակետն արտահայտել` բոլորովին այլ ձևակերպումնեով: Երկրորդ, ՆԱՏՕ-ն որևէ լիազորություն չունի որևէ երկրի ընտրությունները ճանաչելու կամ չճանաչելու վերաբերյալ: Թեև, ինչպես հայտնի է, ԽՍՀՄ փլուզումից հետո ՆԱՏՕ-ն իր լիազորությունների հետ կապված բարդույթներ չունի ու առանց երկմտելու և «ձևականությունների»` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնության, անգամ պատրաստ է ռազմական ագրեսիայի` լրջորեն «մտահոգված» հակամարտությունների ընթացքով: Դրա համեմատ ընտրությունների ու կարգավորման միջև անհիմն բացասական կապի «հայտնաբերումը» կարելի է համարել անմեղ կատակ, թեև օգտակար կլիներ, եթե Ափաթուրայը չշտապեր և հաշվի առներ ավելի լուրջ քաղաքական փորձառություն ունեցող կազմակերպությունների արձագանքները: Մասնավորապես, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր հանձնակատար Ք. Էշթոնը հայտարարել է. «Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում տեղի են ունենալու «նախագահական ընտրություններ»: Ցանկանում եմ ընդգծել, որ ԵՄ-ն չի ճանաչում սահմանադրական և իրավական նորմերի շրջանակը, որում դրանք անցկացվելու են: Այդ ընտրությունները չպետք է կանխորոշեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը, որը որոշվելու է հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների ընդհանուր շրջանակներում»: Ակնհայտ է Էշթոնի հայտարարության էական տարբերությունը ոչ միայն ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հայտարարությունից, այլև մի քանի տարի առաջ արված իր նմանատիպ հայտարարություններից, մասնավորապես, 2006թ. ԼՂՀ սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ. «ԵՄ-ն չի ճանաչում ոչ հանրաքվեն, ոչ դրա արդյունքները և համարում է, որ այդպիսի «հանրաքվեի» անցկացումը, այդպիսով կանխորոշելով ընթացիկ բանակցությունների արդյունքները, չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորման կառուցողական ջանքերին»: Դժվար չէ նկատել, որ ԼՂՀ նախագահի ընտրության կապակցությամբ արված Էշթոնի հայտարարությունը ոչ միայն շատ ավելի զուսպ է` նա խուսափել է «չի ճանաչում ընտրությունները» անհեթեթ ձևակերպումից, այլև բանակցությունների ընթացքի վրա ընտրական գործընթացների բացասական ազդեցության վերաբերյալ անվերապահ կարծիք չի հայտնել, ինչպես Ափաթուրայը: Բանակցային փաստաթղթում` «Մադրիդյան սկզբունքներում» ինքնորոշման իրավունքի առկայության պարագայում նման ձևակերպումներ օգտագործողները հայտնվում են անհեթեթ իրավիճակում մի քանի պարզ դատողությունների շղթայի արդյունքում: Ինքնորոշման իրավունքի առկայությունը հակամարտության բոլոր կողմերի ու միջնորդների համար ընդունելի կարգավորման սկզբունքների շարքում անվերապահորեն ենթադրում է, որ ինքնորոշվող կողմը Լեռնային Ղարաբաղն է, քանի որ մյուս երկուսի` միջազգայնորեն ճանաչված պետություններ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ դա կիրառելի չէ: Ակնհայտ է նաև, որ ինքնորոշման իրավունքի իրացման գործընթացում ինքնորոշվող կողմը պետք է ունենա իր ներկայացուցիչները, որոնք լիազորված պետք է լինեն այդ կողմի անունից բանակցություններ վարելու և այդ գործընթացն իրականացնելու համար, քանի որ, ըստ միջազգային իրավունքի նորմերի, միայն ինքնորոշվող կողմն է իրավասու կամքի ազատ արտահայտմամբ որոշելու իր քաղաքական կարգավիճակը: Ըստ հակամարտության կողմերի և կարգավորման երեք միջնորդների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորությունների, ինչպես նաև միջազգային իրավունքի լիազորված ներկայացուցիչներ ընտրելու միակ հիմնավոր մեխանիզմը ժողովրդավարական ընտրությունն է: Ավելին, միջնորդներն ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղի անունից հանդես գալու լիազորություն ունեցող ներկայացուցիչը ընտրված նախագահն է: Հակառակ դեպքում տարիներ շարունակ չէին այցելի Ստեփանակերտ և ԼՂՀ նախագահին ներկայացնի բանակցությունների ընթացքը: Ուշադրության արժանի է նաև այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ն ու Եվրամիության պարբերաբար իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների գործունեությանը և ակնհայտ է, որ նրանց դրքորոշումները, որոշ ուշացումով, բխում են համանախագահների մոտեցումներից: Հետևաբար, միջազգային հանրության առավել ճշգրիտ և ժամանակին ու զարգացումներին համապատասխան դիքորոշումն արտահայտում է հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, քանի որ նրանք, որպես միջնորդներ, առավել լավատեղյակ են կարգավորման ընթացքին ու հեռանկարներին: Իսկ նրանց հայտարարությունը հուլիսի 19-ին տեղի ունեցած ԼՂՀ նախագահի ընտրության վերաբերյալ աննախադեպ որակական շեշտադրումներ ունի. «համանախագահները ճանաչում են փաստացի իշխանությունների կողմից իր բնակչության կյանքը նման ժողովրդավարական միջոցառման միջոցով կազմակերպելու անհրաժեշտությունը: Այդուհանդերձ, համանախագահները նշում են, որ ոչ երեք երկրներից որևէ մեկը, ոչ այլ երկիր Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ և ինքնիշխան պետություն: Համանախագահներն ընդգծում են, որ հուլիսի 19-ի միջոցառումը ոչ մի ձևով չի կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը և ընթացիկ բանակցությունների արդյունքները, որոնք պետք է հանգեցնեն Ղարաբաղյան հակամարտության ամուր և խաղաղ կարգավորման»: Իհարկե, համանախագահները լավ հասկանում են, որ, ինչպես վերը նշվել է, ԼՂՀ նախագահի ընտրությունը, կարգավիճակի որոշման բանակցությունները և անկախության ճանաչումն ուղղակի կապ չունեն և հայտարարության երկրորդ նախադասությունը քաղաքական կամ իրավական որևէ իմաստ կամ նշանակություն չունի: Այն ունի սոսկ մեկ` հոգեբանական, սփոփիչ նպատակ Ադրբեջանի համար` Լեռնային Ղարաբաղի նախագահի ժողովրդավարական ընտրության փաստի արձանագրման դիմաց: Հայտարարությունը ոչ միայն արտահայտում է Մինսկի խմբի համանախագահների վերաբերմունքը տեղի ունեցած ընտրությանն, այլև լեգիտիմացնում է ԼՂՀ նախագահի հետ իրենց հանդիպումները: Նման հայտարարություն համանախագահները պարզապես չէին կարող չանել ոչ միայն վերոհիշյալ տրամաբանական շղթայի գոյության պատճառով, այլև, որ դրա առկայությունը միանգամայն բավարար հիմք է, որ Լեռնային Ղարաբաղը պահանջի իր ուղղակի մասնակցությունն իր ինքնորոշման հարցերին վերաբերող բանակցություններին: Համանախագահները չեն կարող ամեն անգամ «խոսքը կտուրը գցել» ԼՂՀ մասնակցության վերաբերյալ հարցադրումների կապակցությամբ: Հայտարարության նման ձևակերպումը փաստորեն միջանկյալ քայլ է ԼՂՀ մասնակցության ճանապարհին:
Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի նախագահի հուլիսի 19-ի ընտրության միջազգային արձագանքներում ակնհայտ է շեշտադրումների էական փոփոխություն նախորդ նմանատիպ արձագանքների համեմատ, իսկ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն արձանագրում է կարևոր շրջադարձ ճգնաժամում հայտնված կարգավորման գործընթացում: Ինքնորոշման ճանապարհով հաստատված անկախ պետականության միջազգային ճանաչման գործընթացի հաջողությունը պահանջում է բարդ, տևական, ամենօրյա աշխատանք, այդ գործընթացի յուրաքանչյուր փուլում առավելագույն դրական արդյունքի ձեռքբերում: Թեև, իսկապես, Լեռնային Ղարաբաղի նախագահի հուլիսի 19-ի ընտրությունը չի կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, սակայն հետընտրական զարգացումները փաստում են, որ բանակցային փաստաթղթում ինքնորոշման իրավունքի առկայությունը` որպես կարգավորման սկզբունք, ինչպես նաև ընտրության ժողովրդավարական բնույթը ոչ միայն հնարավորություն տվեցին խափանել հակամարտության կարգավորման լուրջ խոչընդոտ հանդիսացող Ադրբեջանի քարոզչական գրոհն, այլև կարևոր տեղաշարժ ապահովել կարգավորման գործընթացում` որպես բանակցություններում ԼՂՀ լիարժեք մասնակցության և անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ արված քայլ: Դրական զարգացումների շարունակականությունն ապահովելու համար Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական գործընթացների հարթությունում հաջորդ կարևոր քայլը պետք է լինի բազմակուսակցական համակարգի կայացումն ու ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Իսկ կարգավորման գործընթացի հաջողության գրավականը բանակցային փաստաթղթում ինքնորոշման իրավունքի առկայության ընձեռած հնարավորությունների աստիճանական իրացումն է: Հետևաբար պետք է ամեն ջանք գործադրել կարգավորման հիմնական սկզբունքները` հատկապես ինքնորոշման իրավունքը բանակցայի փաստաթղթում պահպանելու, իսկ տարրերն ամուր տեսական հիմքի առաջադրմամբ լրջորեն վերանայելու համար:
ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ
Քաղաքական գիտությունների դոկտոր