«Օրենքներում հաճախակի փոփոխություն անելն իրավական ռեժիմի բռնաբարություն է». փաստաբան Տիգրան Խուրշուդյան

Արդարադատության նախարարության կողմից Քրեական օրենսգրքում և Քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքների բազում նախագծեր են այս պահին դրված քննարկման: Փաստաբան Տիգրան Խուրշուդյանի դիտարկմամբ՝ դատական համակարգում օրենքներում փոփոխությունների կամ լրացումների նախագծեր քննարկման են դրվել դեռ 1999 թվականի հունվարի 1-ից:

Փաստաբանի խոսքով՝ 1999 թվականից ամեն ինչ արվում է, որ փուլերով իրականացնեն դատական համակարգի փոփոխություն, բայց՝ «ինչքան գնում է, գործերն ավելի դժվարանում են, ժամկետներն ավելի երկարում են, հայտնի անեկդոտի նման՝ նույն բանն է, բայց թղթաբանությունն է շատացել»:

Տիգրան Խուրշուդյանի գնահատմամբ՝ նախագծերի խնդրահարույց դրույթներից է դատավորների տարիքային շեմի նվազեցումը: Փաստաբանը դեմ է այն դրույթին, որ 25 տարեկան անձը կարող է դատավոր նշանակվել:

«Անձն առնվազն 10 տարվա իրավաբանի աշխատանքային փորձ պետք է ունենա, նոր ընդգրկվի ցուցակում ու նշանակվի: Դատավոր լինելը միայն օրենքներին լավ տիրապետելը չի: Արդարադատություն իրականացնելն այդքան էլ հեշտ չէ»,- ասաց փաստաբանը:

Ըստ Տիգրան Խուրշուդյանի՝ խնդրահարույց է նաև նոր ստեղծվող հանձնաժողովներում փաստաբանների ընդգրկված չլինելու հանգամանքը:

«Այնպիսի տպավորություն է, որ արդարադատություն իրականացնելիս փաստաբանը որևէ մասնակցություն չունի: Ընդգրկված են դատավորներ և ՀԿ ներկայացուցիչներ: Եթե խոսքը վերաբերում է բուն դատական համակարգին, ինչքանո՞վ անմիջական շփում ունեն ՀԿ-ները»,- նշեց Խուրշուդյանը՝ հավելելով, որ փաստաբանների և ՀԿ-ների անմիջական մասնակցության չափը դատական պրոցեսներին անհամեմատելի է:

Փաստաբանը վստահեցնում է՝ դատավորն այսօր դարձել է օրենսգրքի գերին: Ցանկացած որոշում կայացնելիս պետք է թերթի օրենսգրքերը, հետևի նոր փոփոխություններին, մինչդեռ աշխատանքային ծանր գրաֆիկի արդյունքում հաճախ ժամանակ չի ունենում բոլոր փոփոխություններին ժամանակին ծանոթանալ:

«Օրենքներում հաճախակի փոփոխություն անելն իրավական ռեժիմի բռնաբարություն է»,- ասաց փաստաբան Տիգրան Խուրշուդյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս