Նիկոլ Փաշինյանը սպանդանոցային մորթից դժգոհող քաղաքացիներին առաջարկ և վերջնագիր է ներկայացնում

Հանրության ուշադրության կենտրոնում վերջին օրերին գտնվող սպանդանոցների հարցն Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին բարձրացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ ասելով, թե սպանդանոցային մորթի մասին միակողմանի տեղեկություններ են տարածված հասարակության մեջ, ու որոշ մարդիկ «համառորեն պնդում են իրենց անձնական շահը, մոռանալով, որ հանրային շահը գերակա է՝ մեզանից յուրաքանչյուրի անձնական շահի համեմատ», իսկ ըստ պատգամավորի՝ միակողմանի տեղեկություն տալիս են «հայտնի շրջանակներն ու նրանց քարոզչամեքենաները», որոնք ասում են, թե անհրաժեշտ քանակի սպանդանոցներ չկան:

Պարզվում է՝ «հայտնի շրջանակներն ու նրանց քարոզչամեքենաներն» իրավացի են: Հենց վարչապետը հաստատեց, որ անհրաժեշտ քանակի սպանդանոցներ հանրապետությունում չկան:

«Այո՛, և միանշանակ այո՛, մենք պետք է անցնենք սպանդանոցների համակարգի, որովհետև սա, բացի Ձեր նշած առողջապահական համակարգի խնդիրներից, սա երկրի ստանդարտի և  երկրի վարկանիշի հարց է: Արդյո՞ք մեր այն սիրելի հայրենակիցները, ովքեր բողոքի ձայն են բարձրացնում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, ունեն արդարացի փաստարկներ: Այո՛, և այդ փաստարկներից ամենակարևորն այն է, որ մենք, ցավոք, այս պահի դրությամբ չունենք սպանդանոցների բավարար քանակ և խտություն»,- հարցին պատասխանելիս՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իսկ ինչո՞ւ չկա անհրաժեշտ քանակություն, ինչո՞ւ է կառավարությունը գնացել սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելու քայլին՝ առանց սպանդանոցների անհրաժեշտ քանակն ապահովելու:

«Մի պարզ պատճառով, որովհետև մենք անընդհատ այս որոշումը հետաձգում ենք: որովհետև այն մարդիկ, ովքեր մտադրված են ներդրում կատարել կամ ներդրման, շինարարության պրոցեսի մեջ են (վերջին մեկ ու կես տարվա ընթացքում մենք երկու անգամ այդ հետաձգումն արել ենք), մարդը փող է դնում, մեկ էլ մտածում է՝ «կարո՞ղ ա էս սպանդանոցը կառուցեմ՝ փող ծախսելով, պարզվի, որ կառավարությունն էս կարգավորումը չեղյալ է անելու»»,- ասաց վարչապետը:

Ըստ նրա՝ մի կողմում այն քաղաքացիներն են, որոնք ոլորտում ներդրում են արել, իսկ մյուսում՝ նրանք, որոնք, ըստ վարչապետի, խնդիրներ ունեն  ծրագրի հետ: Արդյունքում՝ կառավարությունում որոշել են ինչ-որ քայլ ձեռնարկել:

«Մինչև սույն թվականի  փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի՝ սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անել, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի, այդ թվում՝ տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Բացի այդ, կառավարությունը  պատրաստվում է մարզպետարանների և Սննդի անվտանգության տեսչության հետ ձևավորել սպանդանոցների նախընտրելի քարտեզ:

Փաշինյանը նաև հարցի շահագրգիռ կողմներին մեկ այլ առաջարկ ունի: Եթե այդ մարդկանց համար ընդունելի լինի այն տարբերակը, որ մինչև հուլիսի 1-ը միասին աշխատեն, պայմանով, որ հուլիսի 2-ից այս թեմային այլևս չեն վերադառնալու, վարչապետը պատրաստ է քաղաքացիներին մինչև այդ ժամանակ տալ, որ գումար վերցնեն ու պատրաստվեն հուլիսի 2-ից պարտադիր սպանդանոցային մորթին:

«Մենք չենք կարող ասել՝ եկեք ցեխի մեջ շարունակենք ապրել, որովհետև այդտեղ հարմար է, այնտեղ սովորել ենք ապրել: Հիմա եթե բողոքող մեր հայրենակիցների համար այդ առաջարկն ընդունելի է, ուրեմն մենք պատրաստ ենք այս 3 գործողությունն անել ՝ 1. «ծյունինգ անել» սուբսիդավորվող վարկերն ու լիզինգային ծրագրերը, 2. Մինչև հուլիսի 1-ը, բացառությամբ Երևան քաղաքի սուպերմարկետների և Երևան քաղաքի ռեստորանների, հանրային սննդի ցանցի, հանրապետության մյուս հատվածներում  թողնել նույն իրավիճակը, պայմանով, որ հուլիսի 2-ին ոչ մի պարագայում այս թեմային չենք վերադառնալու՝ ինչ պարզվի-չպարզվի»,- առաջարկն անելով՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Եթե քաղաքացիները չընդունեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած գործարքը, ապա կառավարությունը շարունակելու է  սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելու գործընթացը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս