Ինչպես էր Լեռ Կամսարը ծաղրում Քրիստոսին ու Քրիստոնեությունը

Աթեիստական «Անաստված» թերթի ու թերթում տպագրվող հայ գրողների մասին արդեն իսկ խոսել ենք։ Եթե Գուրգեն Մահարին, Խաչիկ Դաշտենցն ու այդ թվականներին աթեիստական ստեղծագործություններով հանդես եկող մյուս գրողները ներկայացնում էին հոգևորականների անպարկեշտ կյանքն ու ողջունում էին, թե ինչպես են փակվում ու քանդվում եկեղեցիները, ապա Լեռ Կամսարը դրանց հետ մեկտեղ՝ գրում էր նաև աթեիստական աշխատանքներ։ Կամսարի մոտ աթեիզմի հիմքերն ամուր էին։ Եթե Մահարին ու Դաշտենցը գրում էին, քանի որ հակառակ տարբերակ չկար, ապա Լեռ Կամսարը ներկայացնում էր կեղծ քրիստոնեությունը, որի պատճառով ապագայում հասարակության մեջ կվերանա կրոնը։ Իր գաղափարներով Կամսարը հետևում էր Կարլ Մարքսին, ով վստահ էր, որ ապագայում կվերանան բոլոր կրոնները։

«Աստված ստեղծեց առաջին մարդուն, կնիկ տվավ իրեն, ըսավ աճեցեք, բազմացեք ու լեցուցեք աշխարհը․ բայց ամենակարևորը՝ չըսավ, թե այդ ինչի՞ համար։ Երևակայեցեք սպասուհի մը, որին զամբյուղն ու դրամը տված շուկա կըղըրկես, առանց ըսելու, թե այդ դրամով ինչ պիտի առնի։ Աշխարհի ստեղծագործությունը քերականորեն կիսատ, հետևաբար մտքի կողմեն չամբողջացած նախադասություն է, որ կվերջանա բազմակետերով»։

Իր աթեիստական գաղափարներն ու կրոնի նկատմամբ պատկերացումները Կամսարն օգտագործում էր իր ստեղծագործությունների մեջ։ Նա ներկայացնում էր մարդկանց կուրությունն ու կրոնին կուլ գնացած աչքերը։

«Կրոնը մութ սենյակ մըն է, ուր նստած է աստված։ Սենյակն ինչքան ավելի մութ ըլլա՝ այնքան աստված կա, իսկ եթե լուցկի մը վառես՝ աստված չկա։

Կար ժամանակ, երբ աստված ժողովրդի մոտ էր․ յուրաքանչյուր թափառական ազգ իր կաշվե շինված աստվածն իր վրանի տակ կպահեր, իր քթին տակ։ Այնքան ճանճերն ապականեցին այդ աստվածները, որ ժողովուրդները լեռները հանեցին զանոնք, այսինքն՝ հեռացուցին (հույները՝ Օլիմպոս, հայերը՝ Մասիս), իսկ երբ այդ լեռներն ալ մարդկային ոտք կոխեց՝ թռցուցին երկինք ու ազատվեցան անոնց հոգսեն»։

Լեռ Կամսարն իր «Հիսուս Քրիստոս» պիեսում ծաղրում է Նոր կտակարանում նկարագրված Քրիստոսի ծնունդը։ Պիեսի վերնագրի տակ՝ փակագծերի մեջ, գրողը գրում է՝ եթե ճիշտ ըլլար։ Այս ստեղծագործության մեջ Կամսարը ներկայացնում է, թե ինչպես է Աստված իր մոտ կանչում Մարիամ Աստվածամորը, Հիսուսին ու սուրբ Հովսեփին և հրամայում, որ արդեն ժամանակն է, ու նրանք նորից պիտի գան երկիր մոլորակ։

«Հիսուս- Նստելու ժամանակ չկա, մայր, ուշացեր ենք արդեն․ յեթե հասնենք՝ լավ ե․-այս տարին նոր տոմարով պիտի ծնվիմ։

Մարիամ- Պատրաստ եմ, իջանք։

Հովսեփ- (Վարանած է) Յե՞ս ալ գամ։

Մարիամ- Հարկավ պիտի գաս․ մեզի ո՞վ պիտի Յեգիպտոս փախցնի։

Հովսեփ- (միշտ վարանած) Գալը կուգամ… բայց ավանակս ծախեցի»։

Կամսարի այս ու մնացած աթեիստական փոքր պիեսները նման են ֆրանսիացի աթեիստ գրող Լեո Տաքսիլի (իսկական անունը՝ Գաբրիել Անտուան Պաժես, 1854-1907)  «Զվարճալի Աստվածաշունչ մեծահասակների և երեխաների համար» գրքին, որտեղ ֆրանսիացի գրողը սարկազմով է ներկայացնում Աստվածաշնչում տեղի ունեցող իրադարձություններն ու երկխոսությունները։ Ճիզվիտական դպրոցում ուսում ստացած գրողն իր հուշերում գրում է․ «Իզուր չէ, որ իմ պատանեկության տարիներն անց եմ կացրել վանքի պատերի մեջ, հոգևորականության շրջանում, ուր լիովին հասկացա, թե ինչի վրա է հիմնված պապական հավատը»։

Գրքի հրատարակման ժամանակ հեղինակի նկատմամբ Աստվածաշնչի նկատմամբ անպարկեշտ ծաղրի պատճառաբանությամբ մեղադրանք էր առաջադրվել։ Ինքը՝ Լեո Տաքսիլը, «Զվարճալի Աստվածաշնչի» մասին գրել է․

«Զվարճալի Աստվածաշունչը» չի նպաստի «կրոնի ամրապնդմանը», այլ, ընդհակառակը, կպարզաբանի ընթերցողներին՝ «ինչին և ինչու պետք չէ հավատալ»։

Այսպես էր և Լեռ Կամսարի մոտ, ով ներկայացնում էր, թե ինչին ու ինչու պետք չէ հավատալ։ Իր աթեիստական հոդվածներում Կամսարը զրուցում է նաև Աստծո հետ, նրան հարցեր է տալիս ու փորձում է գտնել դրանց պատասխանները։ Հետաքրքիր է այն, որ Լեռ Կամսարը զրուցում է հենց աստծո հետ ու այդ հոդվածներից մեկն էլ վերնագրված է այսպես․ «Ի խորոց սրտի խոսք ընդ աստուծո»․

«Դուք ստեղծեցիք առաջին ՄԱՐԴԸ, դրիք դրախտին մեջ և զայն Ադամ կոչեցիք։  Հետո՝ տեսնելով, որ մենակ կձանձրանա՝ ընկեր մը տվիք  իրեն ԿԻՆ անունով։ Հարցեր։ Եթե Ադամը չձանձրանար՝ աշխարհիս  մեջ կին չպիտի՞ ստեղծվեր։ Կամ սկզբեն չէի՞ք  գիտեր, որ Ադամը պիտի ձանձրանա մենակ, ինչո՞ւ երկուսը միասին չստեղծեցիք։ Կամ ինչե՞ն գիտեիք, որ  մենակ մարդիկ  կձանձրանան առհասարակ, կամ  դուք ինչո՞ւ  հավիտյանս մենակ  եք ու չեք ձանձրանար և կամ ձանձրանալիս ձեզ համա՞ր  ալ կին մը պիտի ստեղծեք»։

Աթեիստական ստեղծագործություններ էին գրում նաև Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Զորյանը, Վահագն Դավթյանը, Նաիրի Զարյանը, Նար-Դոսը, Շիրվանզադեն, Հակոբ Պարոնյանն ու շատ-շատերը։ Նրանց գործերին մենք դեռ առաջիկայում կանդրադառնանք։

Շարունակությունը՝ առաջիկա համարներում։

Զ․ Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս