«Արցախում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նախագահի թեկնածուներ չէին, այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և ԱԳ նախարար». Դավիթ Իշխանյան

ՀՅ Դաշնակցության Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը որոշել է, որ խորհրդարանական ընտրություններին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մասնակցելու է առանձին ցանկով, իսկ Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններին առաջադրելու՝ Դավիթ Իշխանյանի թեկնածությունը: 168.am-ի հետ զրույցում նա միանգամայն բնական համարեց Դաշնակցության՝ Արցախի նախագահական ընտրություններում սեփական թեկնածուով հանդես գալը, և ոչ թե՝ մեկ այլ թեկնածուի աջակցելը:

«Համապետական ընտրություններ են, իսկ Դաշնակցությունը՝ որպես կայացած քաղաքական ուժ, չի կարող դրանց չմասնակցել: Ձևաչափի մասին մենք հայտարարել էինք դեռևս ամիսներ առաջ, թե ինչպիսի քաղաքական զարգացումներ և նախաձեռնություն մենք կցուցաբերենք, և ինչ ակնկալիքներ ունենք: Այդ ընդհանուր քննարկումների և մեր նախաձեռնությունների արդյունքում մեր Ժողովը որոշեց առաջադրել սեփական թեկնածուն»,- նշեց նա:

Հարցին՝ համաձա՞յն եք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն դիտարկմանը, որ էլիտայի տարբեր հատվածները ներկայացնող թեկնածուների այս քանակը ոչ թե ժողովրդավարության նշան է, այլ մասնատվածության դրսևորում, Դավիթ Իշխանյանը պատասխանեց.

«Մենք մեր տեսակետները հայտնել ենք մի քանի ամիս առաջ, ես կարծում եմ, որ Երկրորդ նախագահի հարցադրմանն արձագանքելու կամ մեկնաբանելու կարիք չկա, մենք ունենք մեր տեսակետներն ու դիրքորոշումները, որոնք արտացոլված են օգոստոսի 30-ի մեր Կենտրոնական կոմիտեի հայտարարության մեջ, դրան հաջորդած նախաձեռնություններով և երեկվա որոշումով»:

Հիշեցնենք, որ վերը նշված օգոստոսի 30-ի որոշման մեջ, մասնավորապես, ասվում էր, որ «ՀՅ Դաշնակցությունը` նկատի ունենալով արտաքին և ներքին մարտահրավերները, համոզված է, որ Արցախի առաջընթացի երաշխիքը՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում ազգային օրակարգով առաջնորդվող իշխանության ձևավորումն է: Ի կատարումն ՀՅ Դաշնակցության Արցախի Շրջանային ժողովի որոշման՝ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն սույն թվականի սեպտեմբերի 10-ից խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության առաջիկա նախագահական ընտրություններում նախագահի հավանական թեկնածուների հետ նախաձեռնելու է բանակցություններ՝ ազգային միասնական օրակարգի հիման վրա նախագահի համաձայնեցված թեկնածու առաջադրելու շուրջ»:

Իսկ թե ինչ ընտրություններ են սպասվում Արցախում 2020-ին, Դաշնակցության թեկնածուն շեշտեց՝ ինչպես միշտ, լինելու են ժողովրդավարական, ազատ և թափանցիկ ընտրություններ:

«Վերադառնալով թեկնածուների շատ լինելու հարցին, բնականաբար, Սահմանադրության, այսպես ասած, ընձեռած հնարավորությամբ է պայմանավորված թեկնածուների շատ լինելու հանգամանքը»,- լրացրեց Դավիթ Իշխանյանը՝ հավելելով, որ իրենց ծրագրերն ու մարտավարությունը կներկայացնեն ավելի ուշ՝ քարոզարշավին:

Մեր խնդրանքով անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում տեղի ունեցած հանդիպմանը միայն 3 թեկնածուների հետ, ինչպես մեկնաբանեց մամուլը, որին նաև ինքն է ներկա եղել, Իշխանյանը ճշտում մտցրեց. «Այդտեղ նախագահի թեկնածուներ չէին, այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ԱԳ նախարար: Վարչապետի հետ հանդիպմանը մեր նախագահի նախաձեռնությամբ և հրավերով մենք որոշ քննարկումներ ենք ունեցել՝ ինչպես Արցախի հիմնահարցի, այնպես էլ՝ ապագա ընտրությունների հետ կապված»:

Հակադարձմանը՝ ՀՀ-ի և Արցախի միջև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ կա՞ն տարաձայնություններ, մեր զրուցակիցն արձագանքեց.

«Ես կարծում եմ, որ կային որոշ չհասկացվածություններ և որոշակի սառը հարաբերություններ, բայց վերջին շրջանում կարծես այդ հարաբերությունները հարթված են: ՀՀ վարչապետի վերջին այցելությանը տեսանք ՀՀ-ի և Արցախի իշխանության ներկայացուցիչների միջև բավականին ջերմ հարաբերություններ»:

Դիտարկմանը՝ Դաշնակցությունն ունի՞ մտահոգություններ ղարաբաղյան հարցի հետ կապված, ինչպես Վիտալի Բալասանյանը, Դավիթ Իշխանյանը նախընտրեց այս պահին դրանից չխոսել՝ ասելով, որ ամիսներ առաջ հայտնել են իրենց մտահոգությունները, առաջիկայում էլ դեռ առիթ կունենան:

Պնդմանը՝ այս պահին հնարավո՞ր չէ ասել, թե ինչն է այս պահի դրությամբ մտահոգում Դաշնակցությանը՝ ելնելով վերջին զարգացումներից, Իշխանյանը պատասխանեց.

«Բնականաբար, կան մտահոգություններ, որոնք կմանրամասնենք առաջիկայում: Խոսքը, օրինակ, Բրատիսլավիայի հանդիպմանն է վերաբերում»:

Մեր զրուցակիցը նախընտրեց հետոյին թողնել և շրջանցել «ԼՂ ադրբեջանական համայնքի» մասին ադրբեջանական թեզի վերաբերյալ մեր հաջորդ հարցադրումը:

Տեսանյութեր

Լրահոս