Իգոր Սարգսյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հոկտեմբերի 23-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը դատի է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Պատճառը վարչապետի այս տարվա հոկտեմբերի 23-ի որոշումն է՝ Իգոր Սարգսյանին բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

Իգոր Սարգսյանը պահանջում է անվավեր ճանաչել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 23-ին կայացրած որոշումն ու, որպես իրավական հետևանք, իրեն վերականգնել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում:

«Հայցը վարչապետի որոշման դեմ է, որը կայացվել է Բնապահպանության տեսչական մարմնի ղեկավարի կեղծ տեղեկություններ ներկայացնելու փաստի հիման վրա: Այսինքն՝ վարչապետը տեղյակ չի եղել, որ այդ տեղեկությունը կեղծ է, այդ մարդամեկը հրամցրել է այդ կեղծ տեղեկությունը, մենք էլ վիճարկել ենք այն»,- 168.am-ին ասաց Իգոր Սարգսյանի փաստաբան Մկրտիչ Դավթյանը:

Փաստաբանը վստահեցնում է՝ «ուղղվածությունը» ոչ թե վարչապետի դեմ է, այլ նրա որոշման: Հույս ունեն, որ սա պատճառ կհանդիսանա, որպեսզի հաջորդիվ նմանատիպ որոշումներ ընդունելուց առաջ հիմքերն ուսումնասիրվեն:

Հարցը դատական կարգով լուծելու որոշում կայացրել են այն բանից հետո, երբ իրադարձությունների իրական ընթացքի մասին վարչապետին ուղղված Իգոր Սարգսյանի նամակը մնացել է անպատասխան:

Հիշեցնենք, որ Իգոր Սարգսյանին աշխատանքից ազատելու շուրջ իրադարձությունները սկսվել են օգոստոսին, երբ Սարգսյանը՝ լինելով արձակուրդում, վիրահատվել էր, ինչի պատճառով արձակուրդի ժամկետը երկարաձգվել էր: Նա դեռևս վերջնական չապաքինված՝ գնացել է աշխատանքի և տեղեկացել է, որ տեսչության ղեկավար Վիգեն Ավետիսյանը 4 օր առաջ Ամուլսարում ստուգումներ իրականացնելու մասին հանձնարարական է ստացել, բայց ոչ ոքի այդ մասին չի հանձնարարել՝ չնայած դրա հրատապությանը:

Իգոր Սարգսյանի արձակուրդում եղած ժամանակ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը նաև թիվ-304 հրամանն էր ստորագրել, որով փոխել էր Սարգսյանի լիազորությունների շրջանակը և Կենսաբազմազանության վերահսկողության, Ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության վարչություն համակարգման փոխարեն՝ տվել համակարգման այլ՝ Ռիսկի գնահատման և վերլուծության վարչությունը, Ընդերքի վերահսկողության վարչության ոլորտները: Վիգեն Ավետիսյանը նաև Իգոր Սարգսյանին էր հանձնարարել կատարել վարչապետի հրահանգը՝ Ամուլսարում ստուգումներ իրականացնելու մասին:

«Վստահորդս նայում, ասում է՝ «բա 4 օր ինչի՞ է մնացել հրահանգը, ի՞նձ էիք սպասում, ուրիշ տարբերակ չկա՞ր»: Ամեն դեպքում ասել է, որ իր համար պատիվ է այդ գործով զբաղվելը»,- անցած դեպքերի մասին պատմելով՝ 168.am-ին ասաց փաստաբան Մ. Դավթյանը՝ հավելելով, որ խնդիրներն ու ապօրինությունները սկսվել են հենց այստեղից:

Ըստ փաստաբանի՝ լիազորությունների նման շրջանակ Սարգսյանի վրա դնելն արդեն իսկ օրենքի խախտում է, քանի որ պետք է լինի լիազորությունների շրջանակի հստակ տարանջատում. վերահսկողական, վերլուծական և պլանավորման գործառույթները մի անձի չեն կարող հանձնարարվել:

Հետո առաջացել է հիմնական խնդիրը: Տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը հանձնարարել է Իգոր Սարգսյանին ստուգում իրականացնել  Ամուլսարում և իրեն տվյալներ ներկայացնել:

Փաստաբան Մկրտիչ Դավթյանի խոսքով՝ մինչ ստուգում սկսելն Իգոր Սարգսյանը փորձել է ծանոթանալ «Էլարդ» ընկերության ստուգման եզրակացությանը, հետևություններին, ԳԱԱ եզրակացությանը, հանդիպումներ է ունեցել: Արդյունքում՝ գրություն է ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին՝ նշելով, որ համապարփակ ստուգում իրականացնելու համար անհրաժեշտ է համապատասխան մասնագետների խումբ, և, որ հաշվի առնելով Ամուլսարի շուրջ եղած իրողությունները, անհրաժեշտ է կա՛մ վերստուգում, կա՛մ լրացուցիչ ստուգում: Այս տարբերակների միջև ընտրություն կատարելու համար անհրաժեշտ էր իրավաբանական խորհրդատվություն, որպեսզի հետագայում «Լիդիանի» կողմից հարցը վիճարկելու դեպքում այդ հիմքով ստուգում սկսելը չվիճարկվեր, և արդյունքներն անվավեր չճանաչվեին: Հենց այդ պատճառով Սարգսյանը խնդրել է նաև իրավաբանների մասնագիտական խումբ ձևավորել:

Դրանից հետո Ավետիսյանը Սարգսյանին հայտնել է, որ խումբ է ձևավորվել, որի ղեկավարը նշանակվել է Սարգսյանը, ստուգում իրականացնելու բոլոր իրավասություններն էլ տրվել են նրան:

«Իգոր Սարգսյանը փորձում է նախ հեռախոսով կապվել, անընդհատ ասում են՝ ղեկավարը զբաղված է: Փորձում է անձամբ հանդիպել, ամեն անգամ ասում են, թե խորհրդակցության է: Հերթական անգամ, երբ ասում են՝ խորհրդակցության է, մտնում է ներս, տեսնում, որ խորհրդակցություն չկա, ղեկավարն իր խորհրդականի հետ նստած է, հարցնում է՝ «ի՞նչն է պատճառը, որ այս հրատապ հարցով ինձ չես ընդունում»: Ղեկավարն առանց որևէ պատճառաբանության՝ Սարգսյանին սենյակից դուրս է հրավիրում»,- ասաց Մկրտիչ Դավթյանը՝ հավելելով, որ դրանից հետո Իգոր Սարգսյանը խորհրդակցություն հրավիրելու խնդրանքով կրկին գրավոր դիմել է:

Խորհրդակցություն տեղի չի ունեցել: Հրավիրվել է ժողով, որի ընթացքում Վիգեն Ավետիսյանը հաստատել է, որ  բոլոր լիազորությունները դրված են Սարգսյանի վրա՝ որպես խմբի ղեկավար, և հանձնարարել է ստուգումներ անել և 1-2 օրում զեկուցել արդյունքների մասին: 1-2 օրում, ըստ Սարգսյանի, ստուգում իրականացնելն ու զեկուցելն անհնար կլիներ, մանավանդ, երբ խորհրդակցություն չէր եղել:

Այստեղ, ըստ փաստաբանի, կրկին օրենքի խախտում կա: Նախ՝ ղեկավարը չի տվել ստուգում սկսելու հրամանը, ինչի վարչական պաշտոնների դեպքում պարտադիր է: Բացի այդ, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն օրենքով ստուգում իրականացնել չի կարող: Ստուգում պետք է անի տեսուչը:

Դրանից հետո Իգոր Սարգսյանը Mulberry համակարգից տեղեկացել է, որ Ավետիսյանը գրություն է ուղարկել վարչապետի աշխատակազմի ղեկավարին, ըստ Սարգսյանի՝ կեղծ, խեղաթյուրված տեղեկություններով: Արդյունքում՝ ստացվել է պատասխան վարչապետի աշխատակազմից, որով Իգոր Սարգսյանն ազատվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ «մասնագիտական ունակությունների անբավարարության պատճառով»:

«Մարդը բացատրում է, որ ստուգումը պետք է արվի այնպես, որ վիճարկման ենթակա չլինի: Ուզում եմ մի բան հասկանալ: Իգոր Սարգսյանին ուղարկում էին փորձության, որ գնար, չկարողանա՞ր համապարփակ ստուգում անել՝ չունենալով համապատասխան մասնագետներ, թե՞ չունենալով համապատասխան իրավաբաններ, ստուգումը սխալ սկսել, արդյունքում՝ ինչ եզրակացություն էլ լիներ, օրենքին հակասող լինելու պատճառով անվավեր կճանաչվեր»,- նկատում է փաստաբանը:

Վարչապետի որոշումը բողոքարկող կողմը վստահ է, որ այս երկու հանգամանքներից մեկն է միանշանակ եղել տեսչական մարմնի ղեկավարի սեղանին: Փաստաբանն այդ կարծիքին է, քանի որ Վիգեն Ավետիսյանը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելուց առաջ աշխատել է Բնապահպանության նախարարությունում՝ որպես Ընդերքի վարչության պետ, և հենց ինքն է հավանություն տվել Ամուլսարի շահագործմանը:

Փաստաբանը կարծում է, որ Ավետիսյանին ձեռնտու չէր մի ստուգում, որով կհիմնավորվեր Ամուլսարի շահագործման թույլտվության ապօրինությունը, քանի որ նա կարող էր կանգնել հարցի առաջ: Ի վերջո, եթե հիմա արգելեր շահագործումը, ինչպե՞ս կարող էր նախկինում տված իր համաձայնությունն արդարացնել:

Ամեն ինչ այսքանով չի ավարտվել: Այս հարցը փորձել են տեղափոխել նաև քաղաքական դաշտ, քանի որ Իգոր Սարգսյանը մասնակցել է Արցախյան ազատամարտին և ՀՅԴ անդամ է:

«Փորձել են տանել այդ դաշտ, իբր՝ տեսեք, դաշնակները չեն ուզում ստուգում անել, դիտավորյալ ուզում են ձախողել այդ կարևոր հարցը»,- ասաց Մկրտիչ Դավթյանը՝ վստահեցնելով, որ իրականությունը լրիվ այլ է:

Իգոր Սարգսյանի հայցը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ Վարչական դատարանում օրեր առաջ է վարույթ ընդունվել: Այն քննելու է դատավոր Դանիել Դանիելյանը:

Տեսանյութեր

Լրահոս