Սաֆարովի գործն ու ՀՀ նախագահական ընտրությունները

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովի Ադրբեջան արտահանձնումը և դրան հաջորդած իրադարձությունները, ինչպես և կարելի էր սպասել, աստիճանաբար տեղափոխվում են Հայաստանի ներքաղաքական դաշտ:

Դա բնական և օրինաչափ լինելով հանդերձ, ունի նաև որոշակի վտանգներ, քանի որ առջևում նախագահական ընտրություններ են, և արտաքին սպառնալիքի դեմ պայքարի անընդհատ թեժացող մթնոլորտը կարող է օգտագործվել ներքաղաքական նպատակներով:

Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ուրբաթ օրը հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում, ապա նաև՝ օտարերկրյա դիվանագետների հետ արտակարգ խորհրդակցության ժամանակ հնչած ելույթներից հետո մեր քաղաքական ուժերի մեծ մասը հանդես եկավ կատարվածի վերաբերյալ գնահատականներով: Ոմանք ողջունեցին Սերժ Սարգսյանի ձեռնարկած քայլերը, ինչպես, օրինակ, ՀՀԿ-ն  իշխանական մյուս ուժերը, ոմանք տեղի ունեցածի համար մեղադրեցին իշխանություններին` հանցավոր անգործության համար, ինչպես, օրինակ, Հայ ազգային կոնգրեսը, և այդպես շարունակ: Սակայն կուսակցական հայտարարությունների մեջ առանձնանում է ՀՅԴ-ի հայտարարությունը, որը, բացի կատարվածի վերաբերյալ գնահատականներից, հանդես է գալիս կոնկրետ առաջարկներով ու պահանջներով:

Մասնավորապես, ի թիվս այս կետերի, ՀՅԴ-ն պահանջում է «վերատեսության ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով Ղարաբաղյան հարցի վերաբերյալ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու նպատակահարմարությունը և Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև ռազմաքաղաքական դաշինք կնքելու գործնական քայլ ձեռնարկելե: Այլ կերպ ասած, ՀՅԴ-ն իշխանություններից պահանջում է պատերազմ հայտարարել Ադրբեջանին: Իհարկե, բացառված չէ, որ դա նաև մարտավարական նպատակով արված քայլ է` գուցե նույնիսկ համաձայնեցված իշխանությունների հետ: Այն իմաստով, որ «պատերազմի սպառնալիքըե միջազգային հանրությանը կարող է ներկայացվել՝  որպես ապացույց, թե որքան զգայուն են  Հայաստանի հանրությունն ու քաղաքական դաշտն այս հարցում: Սակայն, եթե ՀՅԴ-ի այս քայլը մարտավարական նպատակներով չէ պայմանավորված, կարող է ունենալ վտանգավոր հետևանքներ` կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Հայաստանում, ինչպես հայտնի է, նախընտրական շրջանում պետական շահը, մեղմ ասած, առաջնային պլանում չէ: Իսկ «պատերազմի սպառնալիքըե նման դեպքերում հրաշալի հնարավորություն է՝ «հասարակության կոնսոլիդացիայի համար»: Ընդ որում, այդ դեպքում ժողովրդավարական նորմերի պահպանումը «թիթիզությունե է համարվում: Սովորաբար, ընտրություններից առաջ կամ ընթացքում «պատերազմի վտանգըե ձեռնտու է գործող իշխանությանը:

Սակայն Հայաստանի ներկայիս քաղաքական իրողություններում այդ օրինաչափությունը կարող է խախտվել: Խոսքը, բնականաբար, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է, ում նկատմամբ քաղաքական համակրանքը ՀՅԴ-ն երբեք չի թաքցրել և չի թաքցնում: Զարմանալի չի լինի, եթե պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում Քոչարյանը իր «վոինիե կերպարով դառնա այս օրերին թափ հավաքող ազգայնական պաթոսը սպասարկող թեկնածուն: Դա, իհարկե, չի նշանակում, որ ՀՅԴ-ի այսօրվա հիմքում ընկած է հենց այդ հաշվարկը, սակայն չի կարելի բացառել, որ համապատասխան «իրադրությանե դեպքում պատերազմի վտանգը կարող է օգտագործվել քոչարյանական ուժերի կողմից:
Այս իմաստով շատ կարևոր է Սերժ Սարգսյանի առաջարկը՝ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու մասին: Այդ նիստը կարող է լինել նաև դռնփակ:

Ի վերջո, սա այն եզակի դեպքերից է, որ քաղաքական ուժերը պետք է կարողանան վեր կանգնել իրենց շահերից և պետական շահերից բխող լուծումներ գտնեն: Նույն ՀՅԴ-ի առաջարկը գուցե արժանի է լուրջ քննարկման՝ դրա կատարման հնարավոր հետևանքները հաշվարկելու և արտաքին քաղաքականության ընդհանուր հայեցակարգում կիրառելու կամ մերժելու համար: Այսինքն` պետության խնդիրը պետք է լինի ստեղծված իրավիճակը ներքաղաքական նպատակներով օգտագործելու որևէ փորձ բացառելը:

Որևէ մեկը չի կասկածում, որ իշխանությունն ամեն ինչ անելու է այս իրավիճակը Հայաստանի Հանրապետության համար շահեկան օգտագործելու, առնվազն՝ դրանից կորուստներ չկրելու համար: Միևնույն ժամանակ, բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները, այդ թվում` Սերժ Սարգսյանը, պետք է զերծ մնան Սաֆարովի գործը նախընտրական նպատակներին ծառայեցնելու գայթակղությունից:

Տեսանյութեր

Լրահոս