Անցած տարի ամուսնացել եմ եւ այժմ ցանկանում եմ իմ կյանքը նվիրել ընտանիքիս. Տաթև Հակոբյան
Արդեն ժամանակ է՝ նվիրվել ընտանիքին: Անցած տարի ամուսնացել եմ եւ այժմ ցանկանում եմ իմ կյանքը նվիրել ընտանիքիս: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս տարիներին իմ կողքին են եղել եւ աջակցել են ինձ ծանրամարտում:
Այսպես իր վերջին հրաժեշտի մրցելույթը եւ կարիերան ավարտելու մասին որոշումը մեկնաբանեց Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր, կանանց Հայաստանի հավաքականի +86 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը:
Բաթումիում ավարտվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Տաթեւ Հակոբյանը հրում վարժության երկրորդ մոտեցումից հետո մրցահարթակում հանեց մարզակոշիկներ եւ հայտարարեց մարզական կարիերան ավարտելու մասին:
«Շուրջ 15 տարի մեծ սպորտում եմ: Ճիշտ գտա արդեն թերթել կարիերայիս այս էջը: Այս տարիներն ինձ կոփեցին, տվեցին շատ ուժեղ գծեր, կարելի է ասել՝ իմ բնավորությունը կերտվել է հենց ծանրամարտում: Ծանրամարտն իմ մեջ զարգացրեց կամքի ուժը, ինչպես նաեւ առաջ շարժվելու ընդունակությունը:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն անձանց, ովքեր այս տարիներին իմ կողքին են եղել: Հաջողություն եմ մաղթում մեր թիմին: Ցավոք, կարիերաս չավարտեցի այնպես, ինչպես ցանկանում էի, բայց գոհ եմ այն աշխատանքից, որն այս տարիների ընթացքում արել եմ:
Կարիերաս ավարտելու որոշումը վաղուց էի կայացրել: Անցած տարի ամուսնացել եմ եւ գտնում եմ, որ ընտանիքին նվիրվելու ժամանակն է: Ամուսինս երբեք դեմ չի եղել իմ կարիերային, ես ինքս եմ ցանկանցել ավարտել եւ թեքվել դեպի ընտանիք: Տղամարդկանց պարագայում գուցե հնարավոր է համատեղել ընտանիքը եւ կարիերան ծանրամարտում, բայց կանանց պարագայում մի փոքր բարդ է:
Նախնական ծրագրեր ունեմ, որի մասին հետագայում կխոսեմ: Գուցե ծանրամարտից հեռու լինեմ, բայց սպորտից հեռու չեմ լինելու:
Այսօր մրցահարթակում շատ հանգիստ էի: Չեմ կարող ասել, թե ինչ-որ բան խանգարեց: Մարզումների ընթացքում ավելի շատ կիլոգրամներ էի բարձրացրել, ցավոք այսօր այստեղ չկարողացա բարձրացնել: Երեւի այն միտքը, որ ավարտում եմ կարիերաս, երեւի ավելի շատ այդ հուզմունքն ինձ խանգարեց: Ամեն ինչ նորմալ է»,- արցունքները զսպելով ասաց Տաթեւ Հակոբյանը:
Բաթումիում իր վերջին պաշտոնական մրցաշարում Հայաստանի հավաքականի կազմում Տաթեւ Հակոբյանը երկամարտում գրանցեց 231 կգ արդյունք եւ զբաղեցրեց 12-րդ տեղը: Եվրոպայի փոխչեմպիոնը պոկեց 106 կգ եւ հրեց 125 կգ:
Տաթեւ Հակոբյանը 2013 թ. Եվրոպայի Մ17 առաջնության բրոնզե մեդալակիր է, 2017 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր, 2018 թ. Եվրոպայի Մ23 չեմպիոն: 2019 թ. Բաթումիում անցկացված Եվրոպայի առաջնությունում 4-րդն էր, նույն տարվա աշխարհի առաջնությունում՝ 10-րդ-ը: 2021 թ. աշխարհի առաջնությունում Հակոբյանը երկամարտի 230 կգ արդյունքով 5-րդն էր: 2022 թ. Եվրոպայի առաջնությունում ձախողելուց հետո, 2023 թ. Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Տաթեւ Հակոբյանը 76 կգ քաշային կարգում երկամարտի 226 կգ արդյունքով նվաճեց փոխչեմպիոնի կոչումը (104+122): Նույն տարում Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացված աշխարհի առաջնությունում Հակոբյանը 87 կգ քաշայինների պայքարում երկամարտի 237 կգ-ով գրավեց 5-րդ տեղը (105+132):
Աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր է:



