Եթե Լաշա Տալախաձեն ցանկանում է վերադառնալ եւ մրցել ինձ հետ, ես սպասում եմ նրան. Վարազդատ Լալայան
Շատ ուրախ եմ այս հաղթանակի համար: Աշխարհի առաջնությանը կներկայանամ ավելի բարձր կիլոգրամներով եւ ավելի լավ մարզավիճակում: Եթե Լաշա Տալախաձեն մարզվում է, ցանկանում է վերադառնալ եւ մրցել ինձ հետ, ես սպասում եմ նրան: Շատ ուրախ կլինեմ նրան նորից տեսնել մրցահարթակում եւ պայքարում:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եվրոպայի եռակի չեմպիոն Վարազդատ Լալայանը:
«Շատ ուրախ եմ երրորդ չեմպիոնության համար: Այսօր ավելի քիչ էի պատրաստ, ավելի քիչ էի մարզավիճակ հավաքել: Նորմալ էին այն կլիոգրամները, որոնք արեցի: Գիտեի, որ այդքանը բավարար է չեմպիոն դառնալու համար: Հրում վարժության վերջին երկու մոտեցմանը եկա այն ժամանակ, երբ արդեն նվաճել էի չեմպիոնի կոչումը: Եկել էի մրցաշարի լավագույն մարզիկ դառնալու նպատակով, բայց չստացվեց: Շատ եմ բարձրացրել 253 կգ, դրանից ավելի՝ նույնպես:
Աշխարհի առաջնությանն ավելի բարձր կիլոգրամներով կներկայանամ թե՛ պոկում, թե՛ հրում վարժություններում:
Ինձ համար բոլոր ոսկե մեդալները կարեւորություն ունեն: Չեմ առանձնացնում այս մեդալը, ինձ համար բոլորն էլ թանկ են: Այս մեդալներն իմ կյանքից, իմ ուժից, իմ ամեն ինչից մի մասնիկ է, որ ձեռք եմ բերել:
Այսօր մրցակցություն չտեսա, նույնիսկ տեղյակ չեմ, թե որքան է բարձրացրել երկրորդ տեղը զբաղեցրած մարզիկը: Հարգում եմ բոլորին, որպես մարզիկ, նրանց բարձրացրած կիլոգրամները: Փորձում են մոտենալ, դեռ պետք է փորձեն, մոտենան: Ես էլ եմ փորձել, մոտեցել: Հարգում եմ բոլոր իմ մրցակիցներին, նրանց արած աշխատանքը»,- ասաց Վարազդատ Լալայանը:
Հարցին, թե կցանկանա արդյոք պայքարի մեջ տեսնել Լաշա Տալախաձեին, որն այսօր NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսել էր իր հավանական վերադարձի մասին, Վարազդատ Լալայանն ասաց.
«Եթե նա վերադառնա, ինձ թվում է՝ ես ավելի ուրախ կլինեմ, որովհետեւ այն, ինչ Փարիզում չստացվեց, այդ ժամանակ արդեն կարող է եւ ստացվի: Եթե Լաշան մարզվում է, պատրաստվում է Լոս Անջելես-2028-ին, նրան հաջողություն եմ մաղթում, սպասում եմ նրան, նրն հետ մրցակցությանը, եթե ուզում է մրցենք միասին: Շատ հարգում եւ սիրում եմ Լաշա Տալախաձեին, թե՛ որպես մարդ, թե՛ որպես մարզիկ»,- նշեց Վարազդատ Լալայանը:
Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը Բաթումիում ավարտված Եվրոպայի առաջնությունում երկամարտի 451 կգ արդյունքով երրորդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:



