Տեր հայր, կասե՞ք՝ քանի՞ մոմ վառեմ, որ խնդրանքս կատարվի
«Եկեղեցում ուշադրություն պետք է դարձնել ոչ թե մոմ վառելուն, այլ բարեպաշտական միջավայրի ձևավորման արդյունքում մարդու և Աստծո միջև անձնական կապին: Մոմը նպաստում է բարեպաշտական միջավայր ստեղծելուն, բայց կապը մարդու և Աստծո միջև հավատքով է իրական: Հետևաբար, ուշադրություն պետք չէ դարձնել մոմերի քանակին: Որքանո՞վ է այդ մոմի լույսը ձևավորում հոգևոր բարեպաշտական միջավայր, որքանով հավատում ու վստահում ենք Աստծուն». Տեր Զաքարիա քահանա Անանյան

Գիտեի՞ր, որ…
Մոմի լույսը ստեղծում է խորհրդապաշտական միջավայր, որն օգնում է հաղորդական խոկումներին նվիրվելուն։ Մոմ գնելը նաև օգնություն է եկեղեցուն:
Մոմավառությունն ընդունված է եղել նաև վաղ շրջանում: Ժամանակին հեթանոսների հալածանքների պատճառով քրիստոնեական պաշտամունքները կատարվում էին գիշերով, գաղտնի աղոթատեղիներում, որտեղ մոմեր ու կանթեղներ էին վառում` տարածքը լուսավորելու համար:
Մոմավառությանը տրվել է նաև խորհրդանշական գեղեցիկ իմաստ: Առհասարակ, լույսի մասին հաճախ է խոսվում Աստվածաշնչում: Աշխարհի Լույսը Քրիստոսն է, քրիստոնյաները՝ լույսը տարածողները: Մեր ձեռքին վառվող մոմը խորհրդանշում է հավատքի լույսը, Քրիստոսի պատվիրաններն աչքի առաջ ունենալը և դրանց կատարումը:
Կա հետաքրքիր համեմատություն. ինչպես մոմն է խավար առանց հրի, այնպես էլ հավատն է մեռած առանց գործերի: Ինչպես մոմն ու հուրն առանց պատրույգի չեն վառվում, նույնպես հավատքն ու գործն առանց սուրբ նպատակի անպիտան են:
Աստծո տանը ճրագ կամ մոմ վառելու ավանդությունը գալիս է դեռևս Հին Ուխտի ժամանակներից: Աստված Մովսեսի միջոցով ժողովրդին պատվիրեց, որ ձիթենու զուլալ, անարատ ձեթ բերեն լույսի համար, որպեսզի մշտավառ ճրագ լինի Վկայության խորանում (Ելք 27:20-21): Առհասարակ Հին Կտակարանի մի շարք համարներ՝ կապված կրակի և լույսի հետ, խորհրդանշում են Աստվածային ներկայությունը. Աստված ասաց՝ «Թող լույս լինի» (Ծննդոց 1.3), Նա ստեղծեց լուսատուներ, Տերը հրեա ժողովրդին գիշերն անապատում առաջնորդում էր հրե սյունով և այլն:
qahana.am



