Մանդատը զորություն չի տալիս

Քաղաքական գործընթացներին հետևելիս ակնհայտ է մի բան. եթե որևէ երևույթի ու իրադարձության մասին խոսում են պարբերաբար, ավելին, այն դառնում է լայն զանգվածների քննարկման ու մեկնաբանության առարկա, նշանակում է՝ կայացած իրադարձություն է։ Օրերս Զագրեբում տեղի ունեցավ ԵԺԿ հերթական համագումարը, որին մասնակցում էր նաև Սերժ Սարգսյանը։ ՀՀԿ նախագահի՝ ԵԺԿ համագումարին հնչեցրած թեզերը շարունակում են ՀՀ քաղաքական դաշտում քննարկումների և զանազան մեկնաբանությունների առիթ հանդիսանալ։

ՀՀ գործող իշխանությունների ներկայացուցիչների համար Սարգսյանի բարձրաձայնած թեզերը բավականին ցավոտ էին և, ըստ էության, բավական խորքային ազդեցություն են ունեցել, քանի որ ՀՀ երրորդ նախագահը փաստացի իշխանություններին մեղադրեց պսևդոհեղափոխականության և դասական պոպուլիզմի մեջ, ինչպես նաև ողջ Եվրոպային ներկայացրեց ՀՀ ներքաղաքական կյանքում տիրող ռեպրեսիվ մթնոլորտը։

Ինչպես հայտնի է՝ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո Փաշինյանի ու նրա իշխանության ամբոջական թիրախի ներքո հայտնվեց ՀՀԿ-ն ու անձամբ Սերժ Սարգսյանը։ Այդ օրերին էր, որ քաղաքական տարբեր շրջանակներում խոսվում էր ՀՀԿ-ի քաղաքական «մահվան», ինչպես նաև կուսակցության ողջ քաղաքական թիմի վերջնական դեգրադացման մասին։ Տարբեր փորձագետներ ու իշխանություններին սատարող քաղաքագետներ պարբերաբար գուժում էին ՀՀԿ-ի՝ քաղաքական արենան հիմնովին լքելու մասին։

Իրականում չի բացառվում և շատ հավանական էր, որ այս կանխատեսումներն իրականություն դառնային, եթե կուսակցության ղեկավարը դիրքավորվեր այնպես, ինչպես նախկինում վարվել էին նախորդ երկու նախագահները։ Նշենք, որ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունից հեռանալուց հետո նրա ողջ քաղաքական թիմն ամբողջովին հայտնվեց քաղաքական լուսանցքում, իսկ Ռոբերտ Քոչարյանն ամբողջովին մեկուսացավ և ոչ մի կերպ չէր խառնվում քաղաքական գործընթացներին, միայն պարբերաբար ինչ-ինչ գնահատականներ էր հնչեցնում երկրում ընթացող որևէ գործընթացի վերաբերյալ։

Ի տարբերություն նախորդ նախագահների՝ Սերժ Սարգսյանն ամբողջությամբ կցված էր կուսակցության կյանքին։ Այս ընթացքում ՀՀԿ շարքերը բավականին նկատելի նոսրացան, սակայն այն բուն կորիզը, որն այսօր կազմում է կուսակցության հիմքը, հիմնականում այն մարդիկ են, ովքեր կուսակցության շուրջ համախմբվել են գաղափարի համար։ Կարելի է ասել, որ փաշինյանական իշխանափոխությունը նպաստեց, որպեսզի ՀՀԿ-ում ինքնամաքրում տեղի ունենա։

Եթե անդրադառնանք Զագրեբում տեղի ունեցած հայտնի ելույթին, ապա Սերժ Սարգսյանն այդ ժեստով ապացուցեց, որ այն մարդիկ և ուժերը, ովքեր տարիուկես առաջ կազմակերպում էին ՀՀԿ-ի «թաղումը», ականատես եղան, թե ինչպես է ամենամիջազգային հարթակից ՀՀԿ նախագահը հստակ քաղաքական մեսիջներ հնչեցնում։ Սա խոսում է Երրորդ նախագահ Սարգսյանի և իր քաղաքական թիմի քաղաքական կապիտալի ու ներուժի մասին, քանի որ չնայած քաղաքական հետապնդումներին ու տոտալ ռեպրեսիաներին՝  կարողանում են միջազգային հարթակներում պատշաճ կերպով երկիր ներկայացնել։ Կարելի է ասել, որ այսօր ՀՀԿ-ն միջազգային հարթակներում ամենաներկայացված ու ընդունելի քաղաքական կառույցն է, չնայած առանց մանդատի, սակայն այդ կուսակցությունը կարողանում է հանրային հարթակում ներկայացնել ոչ թե զուտ կուսակցությանը, այլ՝ պետությանը վերաբերող լուրջ խնդիրներ, ինչպես նաև տարածաշրջանային մարտահրավերների հետ առնչվող խնդիրներ։ Սերժ Սարգսյանն իր հերթին՝ եվրոպական կառույցների կողմից ընկալելի ու հարգված լիդեր է, ում կարծիքի ու հնչեցրած թեզերի հետ հաշվի են նստում եվրոպական էլիտար շրջանակները։

Այս ամենի հետ մեկտեղ՝ հետաքրքիր է, թե ՀՀ գործող իշխանությունների ներկայացուցիչներից քանիսի՞ն կհիշեն իրենց միջազգային գործընկերները (եթե, իհարկե, դրանք գոյություն ունեն),  օրինակ, իշխանազրկումից վեց ամիս հետո։ «Մանդատը զորություն չի տալիս» խոսքն ապացուցում է ՀՀԿ-ի վերջին մեկուկես տարվա արտախորհրդարանական գործունեությունը. որքան էլ Նիկոլ Փաշինյանն ամեն միջոց ու լծակ կիրառեց, որպեսզի ՀՀԿ-ն ներկայացված չլինի խորհրդարանում, նրանք, միևնույն է, շարունակում են իրենց «փայ» գործն անել։ Ի դեպ, Սերժ Սարգսյանի ելույթն ապացուցեց, որ այդ գործունեությունը ոչ միայն միջազգային հարցերի վերաբերյալ էր, այլև ազգային ու պետական կարևորագույն հարցերի, ինչպես, օրինակ՝ Արցախի հարցի։ Եթե համեմատենք Փաշինյանի ու նրա թիմի գործունեությունը և նրանց միջազգային ներկայացվածությունը, ապա ակնհայտ է, որ «իզմեր» չունեցող քաղաքական ղեկավարի թիմը նույնպես ոչ մի կառույցի հետ ինտեգրված չէ ու փոխգործակցության եզրեր չունի։ Փաշինյանն ակնհայտորեն չի կուտակում ոչ մի արտաքին լուրջ կապիտալ, որը հետագայում իր համար կունենա լուրջ հենարան․ Փաշինյանն անգամ իր քաղաքական կարիերայի համար չի կապիտալիզացնում այսօրվա իր հեղափոխականի իմիջն ու վարչապետի պաշտոնը։ ԵԺԿ համագումարից պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի մասնակցությունը  պատահական չէր, քաղաքական կշռի հարց էր, որովհետև, թեև Արևելյան գործընկերության նախկին այլ առաջնորդներ ևս  ներկայացված էին (Պորոշենկո, Սահակաշվիլի), սակայն համագումարի ժամանակ նրանք ելույթ չունեցան։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս