«Կարևոր է, որպեսզի նախարարական հանդիպումների ընթացքում ԼՂ գոտում հրադադարն ամրապնդող որոշումներ կայացվեն». Ֆելգենգաուեր

«Իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում պայթյունավտանգ ու բարդ է՝ ինչպես միշտ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով նախարարների մակարդակով հանդիպման հնարավոր արդյունքներին:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահի միջնորդությամբ Բրատիսլավայում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, որի ընթացքում կողմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը. «Ես ակնկալում եմ հյուրընկալել երկու արտգործնախարարներին մոտ ժամանակներս Բրատիսլավայում»:

Գործող նախագահը բարձր է գնահատում նաև Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից հակամարտության կարգավորման ուղղությամբ գործադրված ջանքերը. «Այս տարվա ընթացքում մենք դրական նշաններ ենք տեսել, առաջնորդների երկխոսություն, ինչպես նաև երկխոսություն նախարարների մակարդակով: Միաժամանակ, գրանցվել են նաև մտահոգիչ դրվագներ շփման գծում, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների: Սակայն այժմ իրավիճակը կարծես կայուն է»: Բրատիսլավայում դեկտեմբերի 5-6-ը ծրագրված է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստը. այն ավանդաբար անցկացվում է նախագահող երկրի մայրաքաղաքում դեկտեմբերի սկզբին:

Ֆելգենգաուերն ասաց, որ նախարարների  սպասվող դեկտեմբերյան հանդիպումը լինելու է հերթական պլանային բնույթ կրող շփումը նախարարների միջև: Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը վերջերս իր տված հարցազրույցներից մեկում անկեղծացավ՝ նշելով, որ առարկայական բանակցություններ տեղի չեն ունենում, ուստի ինքը հիասթափված է այդ հանդիպումներից:

«Ես կարծում եմ, որ հաջորդ հանդիպումը և ընդհանրապես հանդիպումները մեզ անակնկալի չեն բերելու, քանի որ համանախագահ երկրները՝ հասկանալով, որ չկա կարգավորման մեկ փաթեթ Հայաստանի և Ադրբեջանի համար, փորձում են գոնե պահպանել շփումները կողմերի միջև: Սակայն, բացի շփումներից, ընթանում են բանակցություններ հումանիտար գործընթացների կազմակերպման շուրջ, որոնց առնչությամբ ևս հիասթափություն  կա ադրբեջանական կողմում, քանի որ այս դեպքում ևս կողմերը փոխանակումների ձևաչափերի  շուրջ համաձայնության չեն կարողանում գալ, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, հակամարտության գոտում  վերջին սրման պատճառն էր:

Կարծում եմ՝ առաջիկայում գործընթացները դեռ նման ուղիով են գնալու, հատկապես, երբ հակամարտող երկու երկրներում էլ ներքին կյանքն իր զարգացումների փուլում է, կողմերին ձեռնտու է պահել հակամարտության կարգավորման գործընթացը ներկայիս փուլում, թեկուզև անարդյունք, այլապես կողմերը չեն ցանկանում արդյունքներով գործընթաց, որը յուրաքանչյուր կողմի համար ռիսկերով է լի, իսկ ստատուս-քվոյի պահպանումն ընդհանուր առմամբ ձեռնտու է»,- նման կարծիք հայտնեց Ֆելգենգաուերը:

Չնայած նա նաև նշեց, որ լայնածավալ լարվածության վտանգ ևս կա հակամարտության գոտում: «Այս դեպքում այդ վտանգը ոչ միայն ուղիղ է, այլև անուղղակի, քանի որ շփման գիծը նման հակամարտությունների դեպքում վտանգավոր է, ցանկացած կրակոց, կրակահերթ, դիվերսիա պարունակում է իրավիճակի զարգացման  ու խորացման վտանգ, վերահսկելը չափազանց դժվար է: Հենց այդ պատճառով կարևոր է, որպեսզի նախարարական հանդիպումների ընթացքում հրադադարն ամրապնդող որոշումներ կայացվեն, սակայն հայտնի է նաև այն, որ  բոլոր կողմերին չէ, որ ձեռնտու է այս քայլը: Ընդհանուր առմամբ բոլոր բաղադրիչներով իրավիճակը հակամարտության գոտում  պայթյունավտանգ ու բարդ է՝ ինչպես միշտ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս