ԿԴՀ-ում 300 հազարից ավելի մարդ է փախստական դարձել ռազմական գործողությունների պատճառով
Հունիսի սկզբից ի վեր ավելի քան 300 հազար մարդ իրենց տները հարկադրաբար լքել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հյուսիսարեւելյան նահանգներում, որտեղ շարունակվում են տեղի զինված խմբավորումների մարտական բախումները: Այդ մասին հունիսի 18-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության (ՄԱԿ-ի ՓԳԿՎ) պաշտոնական ներկայացուցիչ Բաբար Բալոխը։
«Կոնգոյի ԴՀ-ի հյուսիսարեւելյան մասերում բռնությունը, ինչպես հաղորդվում է, հունիսից ի վեր հանգեցրել է ավելի քան 300 հազար մարդու վերաբնակեցման: Անցյալ շաբաթվա կեսերից իրադրությունը Իտուրիի նահանգում վատացել է, բազմաթիվ գրոհներին մասնակցում են Հեմա եւ Լենդու խմբավորումները»,-հայտարարել է նա:
Բալոխը հավելել է, որ ՄԱԿ-ի ՓԳԿՎ-ի ներկայացուցիչները հնարավորություն չունեն այցելելու բոլոր այն տարածաշրջաններ, որտեղ մարտական գործողություններ են տեղի ունենում, իսկ իրադրության գնահատումը կատարվել է 125 վայրերից ստացված տեղեկատվության հիման վրա:
Դրա հետ մեկտեղ վարչությունն անհանգստացած է խաղաղ բնակիչների առեւանգումների, սպանությունների, նրանց նկատմամբ սեռական եւ այլ բռնության վերաբերյալ հաղորդումներից:
Մարտական գործողություններն այս տարածաշրջանում նաեւ դժվարացնում են պայքարը Կոնգոյի ԴՀ-ում Էբոլա հեմոռագիկ տենդի մահացու վիրուսի տարածման դեմ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ մարդկանց վերաբնակեցումը խանգարում է ստույգ հետեւել հիվանդացածների բոլոր հնարավոր շփումներին:
ԱՀԿ-ի տվյալներով՝ Իտուրիի նահանգում, մասնավորապես, գրանցվել է Էբոլայով հիվանդանալու 211 դեպք, դրանցից 124-ը՝ մահացու ելքով: Ընդամենը Կոնգոյի ԴՀ-ում գրանցվել է հիվանդության 2 հազար 168 դեպք եւ տենդից մահացության 1449 դեպք:
Մարտական գործողությունների ակտիվանալու կապակցությամբ Կոնգոյի ԴՀ-ում իրադրության կայունացման ՄԱԿ-ի առաքելությունը (MONUSCO) որոշում է ընդունել այս տարածաշրջանում իր ներկայությունն ընդլայնելու մասին եւ երեք լրացուցիչ ռազմակայան է բացում երկրի հյուսիս-արեւելքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։