Բաժիններ՝

«Եթե դա վերածվելու է քաղաքական իշխանության կողմից մի գործիքի, իհարկե՝ ոչ…». իրավապաշտպանը՝ բռնության կոչերի քրեականացման մասին

Բռնության կոչը պետք է արգելվի, պարզապես պետք է շատ լավ նկարագրված լինի, թե ինչ է բռնության կոչն ու ինչն է արգելվելու: Այս մասին «Բռնության և ատելության կոչերը սոցիալական ցանցերից` իրականություն. հետևանքներ և իրավական գնահատականներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա» հ/կ ղեկավար Հովհաննես Մադոյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավորներից մեկի՝ բռնության կոչերը քրեականացնելու մասին նախագիծ պատրաստելու հայտարարությանը։

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը տեղեկացրել էր, որ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ է պատրաստում, որի համաձայն՝ կքրեականացվի բռնության կոչը։

Հ. Մադոյանը, սակայն, նշեց, որ այն չպիտի վերածվի քաղաքական իշխանության գործիքի.

«Ես կողմ եմ, պարզապես կախված է բովանդակությունից. եթե դա վերածվելու է քաղաքական իշխանության կողմից մի գործիքի, որ հետո իր նկատմամբ քննադատությունն էլ դրա տակ մտցնի, իհարկե, ոչ… »։

Ըստ նրա՝ դա պիտի լինի շատ հավասարակշռված, քանի որ խոսքի ազատության և բռնության ու ատելության կոչերի սահմանափակման բալանսը պահպանելը դժվար է։

«Գործընթացը պետք է արվի շատ հավասարակշռված, հասկանալի՝ առանց լրացուցիչ մեկնաբանությունների հնարավորության»,- հավելեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

«Դա պետք է բացառի խոսքի ազատության հնարավորությունը, ու մենք չգնանք-ընկնենք ավոտրիտար ռեժիմի պետությունների օրը, որ մի լայքի համար քեզ ձերբակալեն։ Այդ անմեղսունակության վիճակի չի կարելի հասնել, բայց ամեն դեպքում թույլ տալ, որ շարունակվի այս վիճակը, որը ունենք, անթույլատրելի է»,- նշեց նա։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե՝ «քաղաքական որևէ աջակցություն ստանալու հեռանկարի հանդեպ հուսահատ որոշ շրջանակներ որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության և բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ», նշեց, որ ցավալի է, որ սա հասնում է «վարչապետի մակարդակի».

«Ոստիկանությունը և այլ իրավապահ մարմիններ պետք է որ արդեն իսկ իրենց օրենքով սահմանված գործառույթները կատարեին, երբ տեղի է ունենում հանրային վայրերում օրինախախտ երևույթներ»։

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս