Դեղին քարտ՝ Մեդվեդևի այցից հետո. Ծառուկյանը՝ պատմական ընտրության առջև. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գրություն է հղել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որն այլ կերպ, քան խոշոր սեփականատեր պատգամավորին ուղղված դեղին քարտ գնահատելը բավական դժվար է:
ԱԺ նախագահի գրության առիթը վերջին օրերին ծավալված քննարկումներն են Գագիկ Ծառուկյանի ձեռնարկատիրական գործունեության եւ պատգամավորության հակասահմանադրական համատեղման խնդրի շուրջ:
Քննարկումները սկսեցին ցեմենտի շուրջ հայտնի օրինագծի քննարկումից, որի արդյունքում էլ Գագիկ Ծառուկյանի եւ նրա կուսակիցների արած մի շարք հայտարարություններ ՔՈ կուսակցությանը հիմք էին տվել դիմել ԱԺ նախագահին Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթաց սկսելու համար:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ հայտարարել է, որ հարցն ուղղարկվել է ՀՔԾ, քանի որ կա քրեական հանցակազմի տարր: Դրան էլ, փաստորեն, ավելի ուշ հաջորդում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գրությունը ԲՀԿ նախագահին:
Այդպիսով ակնառու է, որ կառավարող ուժը ԲՀԿ նախագահի առաջ հարցը դնում է զգալիորեն ուղիղ՝ առայժմ, իհարկե, հորդորով, որ նա հանրությանը ներկայացնի ձեռարկատիրությամբ զբաղվելու հիմնավոր կասկածները հիմնավորապես հերքող փաստարկներ եւ տեղեկություններ:
Միեւնույն ժամանակ, հանգամանքը, որ գործը նաեւ ՀՔԾ-ում է, վկայում է, որ Գագիկ Ծառուկյանին հուշում են, որ տեղի ունեցողն ամենեւին կատակ չէ:
Ի դեպ, այս դեղին քարտը կամ խնդրի գործնականում գերհասունացումը հատկապես հետաքրքիր է «կատակասեր» Մեդվեդեւի այցին նախորդելու հանգամանքով, եթե նկատի ունենանք այն, որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի քաղաքական դաշտում դիրքավորման, տեղի եւ դերի հարցում փաստացի անթաքույց է հայցել ու հայցում եվրասիական աջակցություն՝ ներկայանալով որպես Հայաստանում եվրասիականության հուսալի հենարան:
Ահա այս համատեքստում, նրան ցույց տրված դեղին քարտը խորհրդանշականորեն հաջորդում է ԵՏՄ նիստին ու Մեվեդեւի այցին, որն ավարտվեց անսպասելի կատակային աղմուկով:
Մինչ այդ, Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարել էր, որ իր մանդատի սահմանադրականության առնչությամբ հարցադրումների «տակը բան չկա», այսինքն՝ մեղադրանքները կամ կասկածներն անհիմն են: Սակայն իշխանության արձագանքի շարունակությունը վկայում է, որ կառավարող ուժը այդ հարցում տրամադրված է բավականին լուրջ:
Իսկ հաշվի առնելով այն իրողությունները, որոնք ոչ միայն երեկ եւ այսօր, այլ ըստ էության տարիներ շարունակ՝ առնվազն ԲՀԿ գործունեության տասնամյակում են դրսեւորվել հանրության առաջ, Գագիկ Ծառուկյանի ապացուցելու հավանականությունը թերեւս մոտ է զրոյին, իսկ հակառակ դեպքում նոր իշխանությունը կունենա հանրությանն ապացուցելու բաներ՝ այդ հարցում նախորդ իշխանությունից տարբերվելու առումով:
Ի վերջո, բիզնեսի եւ քաղաքականության տարանջատումը նոր Հայաստանի կերտման համար ֆունդամենտալ խնդիր է, եւ դա ամենեւին Գագիկ Ծառուկյանի հարցը չէ, սակայն միեւնույն ժամանակ, ԲՀԿ նախագահի առաջ էլ խնդիրն այն է, որ հարցը չդառնա հենց ինքը: Այդ իմաստով, Ծառուկյանը կանգնած է պատմական ճամփաբաժանի եւ ընտրության առաջ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: