Օդանավակայանում ասացին, որ չես կարող մուտք գործել Հայաստան. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. Նիկոլ Փաշինյանը վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը սկսել է շփոթել Իջեւանի իր հայրական տան հետ: Նա կարծում է, թե իրեն քննադատող բոլորի մուտքը Հայաստան կարող է արգելել: Մարդիկ գալիս հասնում են Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան, սահմանային ծառայությունը, առանց որեւէ պատճառ նշելու, ասում է` ձեր մուտքը երկիր արգելված է, եւ մարդիկ հետ են մեկնում: Խոսքն օտարերկրյա քաղաքացիների մասին է, որոնց մեծ մասն ազգությամբ հայ է: Սա աննախադեպ երեւույթ է, առաջներում մարդիկ չեն հիշում նման բան, որ իշխանություններին քննադատելու համար մարդուն պերսոնա նոն գրատա հայտարարեին եւ չբացատրեին պատճառները: Դրանց շարքում են Անդրանիկ Միհրանյանը, Մուրադ Փափազյանը, Մարգարիտա Սիմոնյանը եւ այլք, թեեւ Մուրադ Փափազյանը դատական կարգով հասավ իր հանդեպ արգելքի վերացմանը: Այս անձինք գոնե հանրությանը հայտնի դեմքեր են, պարզվում է՝ իշխանությունները ոչ միայն ընդդիմադիր հանրային դեմքերին են խոշորացույցի տակ վերցրել, այլեւ՝ շարքային քաղաքացիներին:Վարդգես Փիրուզյան անունով ֆեյսբուքյան օգտատերը դիմել էր «Հրապարակին» եւ պատմում էր, որ օրեր առաջ անակնկալի է եկել:

«Զվարթնոց» օդանավակայանի սահմանային ծառայությունում իրեն հայտնել են, որ իր մուտքը Հայաստան արգելված է, անգամ ինչ-որ թղթի կտոր են տվել` ձեռագիր նշումներով: Փիրուզյանն ասում է, որ իրեն չեն ասել, թե որն է արգելքի պատճառը, միայն ասել են՝ չեք կարող Հայաստան մուտք գործել։ «Վիզայի հետ խնդիրներ չունեմ, փաստաթղթերի հետ խնդիրներ չունեմ, պատճառն իմ ֆեյսբուքյան գրառումներն են եւ իմ քննադատությունը` ուղղված իշխանություններին»,- ենթադրում է մեր զրուցակիցը: Այսինքն, մարդուն անգամ հստակ չեն ասել արգելքի պատճառը, նա ստիպված է ենթադրություններ անել, որ երեւի իր ֆեյսբուքյան ինչ- որ գրառումներ «բռնապետին» դուր չեն եկել:

«Ես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի եմ, բայց հաճախ եմ Հայաստան գալիս` բարեկամներիս այցելության, ինչպես նաեւ՝ գերեզմաններ եմ այցելում: Չգիտես ինչու, այս անգամ` օգոստոսի 9-ին, երբ Հայաստան եկա, ինձ արգելեցին մուտք գործել ՀՀ սահման: Վերջին անգամ երեք տարի առաջ էի եկել: Ես իմ ֆեյսբուքյան էջում գրել եմ այն, ինչ գրում են բոլորը, այո, քննադատել եմ իշխանություններին, բայց առանձնապես վիրավորանքներ չեմ հնչեցրել, պարզապես քննադատել եմ, եւ դրա համար, հավանաբար, ինձ արգելել են Հայաստան մտնել»,- պատմում է նա: Մենք ուսումնասիրեցինք նրա ֆեյսբուքյան էջը եւ ոչ մի արտառոց բան չտեսանք այնտեղ` շատ ավելի կոռեկտ եւ բարեկիրթ գրառումներ էին, քան շատ-շատերն են այժմ անում:

Մեր զրուցակիցը պատկերացում չունի, թե կոնկրետ որ գրառման համար են իրեն անցանկալի անձ համարել, եւ զարմանք է հայտնում` ո՞վ է տեսել քննադատության համար մարդու մուտքը փակեն. «Ոչ մի բան չեն ասում, ասում են` արգելքի պատճառն այլ է: Հարցնում եմ` ի՞նչ այլ պատճառ, չեն ասում: Ես պարբերաբար գրառումներ եմ անում, քննադատում եմ իշխանությանը, դա իմ իրավունքն է, որ ասեմ՝ միայն ես եմ քննադատում` չէ, այսօր գրեթե մեծ մասը քննադատում է իշխանությանը, բայց ես եմ հայտնվել թիրախում: Ահագին պահեցին օդանավակայանում, տպավորություն էր, որ հերթապահը չէր ուզում այդ պատասխանատվությունն իր վրա վերցնել, եւ միայն հերթափոխությունից հետո ինձ ճանապարհեցին Մոսկվա: Մի՞թե սրանք ուրիշ բանուգործ չունեն եւ Ֆեյսբուքում նստած հետեւում են, թե ով ինչ գրառումներ է անում»:

Մենք փորձեցինք իրավապահներից ճշտել` ի՞նչն է Վարդգես Փիրուզյանի մուտքը Հայաստան արգելելու պատճառը: Քննչական կոմիտեից մեզ հետ զրույցում ասացին, որ այս առնչությամբ չունեն որեւէ տեղեկություն: Դե, իսկ ԱԱԾ-ն ամենաանթափանց կառույցն է, որից որեւէ պաշտոնական մեկնաբանություն ստանալ հնարավոր չէ:
Հուսանք՝ այս հրապարակումը պաշտոնական հարցում կդիտվի, եւ ԱԱԾ-ից մեծ կտեղեկացնեն, թե ինչու են արգելել Վարդգես Փիրուզյանին՝ այցելել իր հայրենիք:

Հուսով ենք նաեւ, որ այս խնդրին կարձագանքեն փաստաբաններ, իրավաբաններ, որոնք կաջակցեն քաղաքացուն` վերականգնելու իր ոտնահարված իրավունքները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31