Ատոմ Ջանջուղազյանը հրահանգել է, որ մեկ օրում թվով 162 կազմակերպություններ ազատեն տարածքը
Խոսքը Երևանի Սարյան 22 հասցեում գտնվող փոստի շենքի մասին է, մասնավորապես՝ այս շենքի 12-րդ հարկի 4 սենյակներում տեղավորված հասարակական կազմակերպությունների (հ/կ) մասին:
Տարածքը, որտեղ նրանք տեղակայվել են դեռևս դեռ նախորդ իշխանության օրոք, անհատույց տրամադրվել է Կառավարության հետ սոցիակալան և կոմունիկացիոն զանազան ծրագրերով համագործակցող կազմակերպություներին:
Հ/կ-ներին տրամադրված տարածքի համար հիմք է ծառայել կառավարության հետ այս կազմակերպությունների ունեցած համաձայնագիրը՝ կազմակերպություններից ստացած դիմումի հիման վրա:
Տարածքը պետական գույք է և պատկանում է ՀՀ ֆինանսների նախարարությանը:
168.am-ին փոխանցված տեղեկատվության համաձայն՝ երեկ օրվա կեսին Ֆինանսների նախարարությունից հ/կ-ները զանգ են ստացել:
Կարեն անունով ներկայացած անձը՝ առանց երկար-բարակ խոսելու, փոխանցել է միայն Ֆինանսների նախարարի հրահանգը՝ առ այն, որ մեկ օրում բոլոր հ/կ-ները պիտի դատարկեն տարածքն ու հեռանան։ Այդ լուրը հայտնողն անգամ չի պարզաբանել հրահանգը և թույլ չի տվել պատասխանողի կողմից իրեն լրացուցիչ հարցեր տալ:
Կազմակերպության ներկայացուցիչները խուճապի մեջ են, այլ տարածքներ փնտրելու, գույքը տարհանելու ժամանակ և հնարավորություն չունեն: Վիրավորված են, որ գործընկեր կառույցը, այս դեպքում՝ կառավարությունը, իրենց հետ խոսում է այսքան կոշտ լեզվով և բանավոր հրահանգի միջոցով փորձում է դուրս վռնդել տարածքից։
Ասում են՝ լեգիտիմ իշխանությունը, որ ժամանակին այդքան շատ էր բողոքում նախկիններից, անհամեմատ վատ է դրսևորում իրեն: Նրանց խոսքով՝ համագործակցությունը մի շարք ծրագրերով շարունակվում է նաև հեղափոխական կառավարության տարբեր օղակների հետ, դրանց արդյունավետության մասին երբեք վատ կարծիքներ չեն լսել, ավելին, առաջիկա ամիսներին այս կազմակերպություններից որոշների հետ կառավարությունը մասշտաբային միջոցառումներ ունի, ներկայումս աշխատանքների նախապատրաստական փուլում են:
«Վիրավորված և վրդովված ենք այս անմարդկային վերաբերմունքից, դժվար թե նախարարությանն այդ 4 սենյակներն այսքան հրատապ կերպով անհրաժեշտ դարձան: Այստեղ նստածներս համակարգում ենք շրջաններում ու մայրաքաղաքի համայնքներում գործող թվով 200 հասարակական կազմակերպությունների աշխատանքը: Այսօր լեգիտիմ կառավարությունը հրաժարվում է աջակցել կառավարության հետ բազմաթիվ ծրագրերով համագործակցող հ/կ-ներիս, ավելին՝ վատթար պայմաններ է ստեղծում մեր գործունեության և հետագա համատեղ համագործակցության համար: Մենք պահանջելու ենք թույլ տալ մեր գործունեությունը շարունակել տարածքում, հակառակ դեպքում՝ գոնե մարդկայնորեն մեզ խոհեմ ժամկետներ տան, որպեսզի տեղափոխվենք»,- ասում են հ/կ ներկայացուցիչները՝ ընդգծելով, որ չեն հավատում, թե այդ 4 սենյակներն այդքան օրհասական պահանջ էին նախարարության գործունեությունը ծավալելու համար:
«Այս տոտալ վերաբերմունքին մեր առաջին արձագանքը կլսեք երկուշաբթի, ստորագրահավաքով կարտահայտենք։ Նամակով-բողոքով երկուշաբթի մտադիր ենք դիմել գործադիրի ղեկավարին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը միջամտի գործին: Հուսով ենք՝ ՀՀ ֆինանսների նախարարությունն արդեն իրեն հարմար ձևով մոտիվացիաներ չի ներկայացրել կառավարության ղեկավարին»,- ասացին մեզ հետ զրույցում:
Սյուզի Բադոյան