Ինչու է «Տարածքներ՝ անվտանգության դիմաց» բանաձևը փոխարինվում «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»-ով. պարզաբանում է Երվանդ Բոզոյանը
«Այն մթնոլորտը, որը կար վերջին յոթ-ութ ամիսների ընթացքում, ճնշող էր, կասկածներ կային, իսկ այս դիրքորոշմամբ փորձ է արվում չեզոքացնել դրանք»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ մեկնաբանելով Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքում հայտնված տեղեկությունն այն մասին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մարդասիրական միջոցառումներ իրականացնել:
Երվանդ Բոզոյանի խոսքով՝ միայն կարելի է ենթադրել, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել ղեկավարները Վիեննայում, որը հայտնի կդառնա ժամանակի ընթացքում: Նրա խոսքով՝ հավանաբար կարող է խոսք գնալ մարդկային շփումներն ակտիվացնելու, որոշակի շերտերի միջև շփումներ, հաղորդակցություն ստեղծելու մասին, որպեսզի հնարավոր լինի գոնե մարդկային մակարդակում կողմերի միջև լարվածությունը թուլացնել:
«Կարծում եմ, որպես մարդասիրական միջոցառում՝ կարող է դիտարկվել նաև պայմանավորվածությունը՝ խուսափել և ձեռնպահ մնալ հակահայկական կամ հակաադրբեջանական քարոզչության խրախուսումից»,- նման կարծիք հայտնեց Երվանդ Բոզոյանը:
Քաղաքագետը չի կարծում, որ փախստականների հարցը կարող է դիտարկվել նման միջոցառումների կոնտեքստում, քանի որ, նրա որակմամբ, փախստականների հարցը լուրջ քաղաքական խնդիր է, պայթյունավտանգ թեմա է, և այն դժվար թե շոշափված լիներ այս միջոցառումների կոնտեքստում: Ինչ վերաբերում է գերիների և դատապարտվածների հարցում հայ-ադրբեջանական համագործակցության հնարավորությանը` Բոզոյանն ասաց, որ այս հարցում անհամաչափություն կա:
«Արցախում սպանության համար դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ կան, իսկ Ադրբեջանում կան հայ գերիներ, որոնք սպանության հետ չեն առնչվել: Մոտ ապագայում կիմանանք կամ չենք իմանա` ինչ են քննարկել: Տարբեր հարցեր են, բայց կարծում եմ, որ փոխանակումները պետք է համաչափ լինեն, մարդասպանն այլ է, սահմանը հատած անձը` այլ»,- ասաց Բոզոյանը:
Անդրադառնալով ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, թե «Տարածքներ՝ անվտանգության դիմաց» բանաձևը փոխարինվել է «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» դիրքորոշմամբ` Բոզոյանն ասաց, որ, անկախ ամեն ինչից, այս տեսակի խոսակցություններն արդյունք են նրա, որ վերջին ժամանակների ընթացքում շատ էր խոսվում «Տարածքներ՝ անվտանգության դիմաց» բանաձևի մասին, և պաշտոնական Երևանից չկար որևէ լուրջ արձագանք: Ավելին, կային կասկածներ այն մասին, որ կուլիսայի գործընթաց կա մինչև այն պահը, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայում հրապարակավ հայտարարեց, որ չկա նման բան:
«Իմաստն այսպես եմ հասկանում, որ հայկական կողմը տարածքներ հանձնելու ծրագրեր չունի, և եթե այդպես է, դրական է սա, որովհետև անկախ ամեն ինչից՝ այն մթնոլորտը, որը կար վերջին 7-8 ամիսների ընթացքում, ճնշող էր, կասկածներ կային, իսկ այս դիրքորոշմամբ փորձ է արվում չեզոքացնել դրանք»,- ասաց Բոզոյանը:
Քաղաքագետը դժվարանում է նշել` արդյոք բանակցություններում կա՞ մի այնպիսի կուլիսային գործընթաց, որի համար պաշտոնական Երևանին հարկավոր էր նման հայտարարությամբ հանդես գալ: