Հարկերի անհավանական աճերից են խոսում, բայց 1 օրում կես միլիարդ դոլարից ավել վարկ են վերցնում

Գլուխ են գովում, որ վերջին տարիներին մեծապես ավելացրել են բյուջեի հարկային եկամուտները։ Վերջերս էլ Ազգային ժողովում կառավարության գործունեության հնգամյա ծրագրի անցած տարվա զեկույցի ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանն իրենից ինքնագոհ հայտարարում էր, թե 2025 թվականին պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի ցուցանիշից ավելի են 2.3 անգամով. 1 տրիլիոն 648 մլրդ դրամով կամ 4.3 միլիարդ դոլարով ավել հարկ ենք հավաքել։

Շատ լավ, բա եթե այդպես է, ո՞ւր են գնում այդ գումարները, որ 1 օրվա ընթացքում կառավարությունը կես միլիարդ դոլարից ավելի վարկ է վերցնում։

4.3 միլիարդը մեծ գումար է Հայաստանի համար։ Բայց շատ դեպքերում այդպես էլ հայտնի չի լինում, թե ո՞ւր են գնում այդ գումարները, ինչի՞ վրա են ծախսվում ու առավել ևս՝ ի՞նչ են տալիս քաղաքացուն։

Եթե բյուջեի եկամուտներն այդքան ավելացել են, ինչո՞ւ այդ գումարների հաշվին չեն իրականացնում այն ծրագրերը, որոնք իրականացնում են վարկերով ու երկիրն այսպիսի անհամաչափ բարձր ֆինանսական բեռի տակ են դնում։ Գրեթե 4 անգամ ավելի կարճ ժամանակում պետական պարտքը հասցրել են ավելի քան կրկնապատկել։ Շուրջ 8 մլրդ դոլարով ավելացրել են, բայց դրանով էլ չեն բավարարվում։ Շարունակում են մեծ տեմպերով ու մեծ քանակությամբ վարկեր վերցնել։

Կարդացեք նաև

Օրերս 1 օրում ընդամենը 2 վարկային համաձայնագրերով կառավարությունը որոշեց հերթական խոշոր վարկային միջոցները ներգրավել։

Համաձայնագրերից մեկը՝ Ասիական զարգացման բանկի, մյուսը՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ է։ Ասիական զարգացման բանկից պատրաստվում են վերցնել՝ 293 մլն դոլարի, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից՝ 264.4 մլն դոլարի վարկ։ Ընդհանուր առմամբ խոսքն ավելի քան 557 մլն դոլարի մասին է։ Միայն այս 2 համաձայնագրերով կես միլիարդ դոլարից ավելի վարկ են վերցնում։

Ասիական զարգացման բանկի 293 մլն դոլարով  նախատեսում են, այսպես կոչված՝ սեյսմակայուն դպրոցներ կառուցել։ Խոսքը 50 դպրոցի մասին է։

Սա մեկ անգամ ևս վկայում է, որ դպրոցների կառուցման ծրագիրն էլ, որն այդքան շահարկում են, վարկերով են անում։ Նիկոլ Փաշինյանը հարկերը 4.3 մլրդ դոլարով ավելացնելուց է խոսում, բայց 293 մլն դոլար վարկեր են վերցնում՝ դպրոց կառուցելու համար։ Ու հատկանշականն այն է, որ երբեմն այդ վարկերն առևտրային վարկերից ոչնչով չեն տարբերվում։

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի 264.4 միլիոնն էլ վերցրել են  արցախցիների բնակարանային ապահովության խնդրի լուծման համար։ Համաձայնագրի հիմնավորման մեջ գրել են, որ գումարի շրջանակներում նախատեսում են ապահովել շուրջ 109 հազար փախստականների համար երկարաժամկետ բնակարանային լուծումներ։

Բռնագաղթած էլ չէ, «փախստական»։

Խոսքը վարկի մասին է, բայց այնպես են ներկայացնում, որ տպավորություն է, թե դրամաշնորհի հետ գործ ունենք։ Ճիշտ է, այդ վարկի մեջ դրամաշնորհային բաղադրիչ կա, սակայն այն գումարի ընդամենը մի փոքր մասն է։

264.4 միլիոն դոլարից 240 միլիոնը վարկն է, ընդամենը 24.4 միլիոնը՝ դրամաշնորհը։

Կառավարությունն այս գումարը վերցնում է՝ բռնագաղթած ու ունեզրկված արցախցիների բնակապահովման ծրագիրն իրականացնելու համար։ Ու կրկին նույն հարցն է առաջանում, իսկ ինչո՞ւ վարկերով, եթե բյուջեի եկամուտներն 4.3 մլրդ դոլարով ավելացրել են։ Կարող էին, չէ՞, այդ 4.3 միլիարդից 264.4 մլն դոլարը հատկացնել ու լուծել արցախցիների բնակարանային ապահովության խնդիրը։

Հատկապես որ, այդ ծրագիրը նախատեսում են ոչ թե միանգամից՝ մեկ տարում, այլ տարիների ընթացքում իրականացնել։

Այն ժամանակ, երբ պետական բյուջեի հարկային եկամուտները դեռ չէին հասցրել 4.3 մլրդ դոլարով ավելացնել, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, ու դեռ չէին կործանել Արցախը, Հայաստանը տարեկան ընդհուպ 130-140 մլրդ դրամի օժանդակություն էր տրամադրում Արցախին՝ անտոկոս վարկի տեսքով։ Վաղուց արդեն այդպիսի օժանդակության կարիք այլևս չկա, որովհետև Արցախն էլ չկա, ու այդ գումարները մնում են բյուջեում։

Ինչո՞ւ Արցախին ժամանակին տրամադրվող այդ գումարների հաշվին կառավարությունը չի իրականացնում արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը, որ մի բան էլ 264.4 մլն դոլար վարկ է վերցնում դրա համար։

Կարող էին հանգիստ տեղավորվել այդ գումարի շրջանակներում ու ոչ մի վարկի կարիք էլ չէր լինի։

Ի վերջո՝ խոսքը շատ ավելի մեծ գումար մասին է, քան այդ 264.4 մլն դոլարի վարկն է։ Եթե ժամանակին անտոկոս վարկի տեսքով Արցախին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը վերածենք տարադրամի, կստացվի տարեկան առնվազն 350 մլն դոլար։ Անհամեմատ ավելի մեծ գումար, քան ներգրավվող վարկն է։

Բայց դրա փոխարեն՝ կառավարությունը որոշել է, որ վարկերով պիտի լուծի արցախցիների բնակարանային ապահովության խնդիրը։ Այդպիսով ևս մեկ առիթ կունենան՝ արդարացնելու պետությանը պարտքերի մեջ թաղելու իրենց արտավոր քաղաքականությունը։ Վերջին շրջանում տեսնում ենք, թե ինչպես են փորձում միլիարդներով կուտակած պետական պարտքերը «դուրս գրել» սպառազինություն ձեռք բերելու վրա։

Բացի այդ էլ՝ դրանով «պարտքի տակ» կթողնեն արցախցիներին։ Հատուկ այդ նպատակով էլ այս վարկային համաձայնագրի մասին հիմա են հայտարարում, որպեսզի ընտրությունների նախօրյակին սիրաշահեն նրանց։

Մինչ այդ էլ, ինչպես հայտնի է, որոշեցին որոշ կատեգորիաների համար ավելացնել բնակապահովման ծրագրի հատուցումները։ Երկու տարի է, մարդիկ բողոքում էին, որ կառավարության առաջարկած գումարներով հնարավոր չէ՝ ինչպես Երևանում, այնպես էլ՝ Երևանից դուրս բնակարան գնել, բնակարաններն անհամեմատ ավելի թանկ են, քան հատկացվող գումարներն են, բայց լսող չկար։ Այն ժամանակ ընտրությունների շունչը դեռ չէր զգացվում, արցախցիներին սիրաշահելու խնդիր չկա։

Ընտրությունները մոտեցան, արցախցիներին էլ հիշեցին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930