«Ի՞նչ դրական տեղաշարժի մասին է խոսքը, եթե բանակցություն ասվածն առհասարակ բացակայում է». Տիգրան Աբրահամյան
Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Փետրվարի 10-16-ը ադրբեջանական կողմը այն խախտել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց: Շփման գոտում առկա վիճակի և ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:
– Պարոն Աբրահամյան, մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանն Արցախի ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց: Այս հանգամանքի առկայությունը որքանո՞վ է տեսանելի դարձնում ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի հաջողության համար խաղաղության մթնոլորտի հաստատման հավանականությունը:
– Անհրաժեշտ մթնոլորտի ապահովումը միայն կրակոցների ինտենսիվությամբ չէ պայմանավորված, կան մեծ թվով այլ գործոններ, որոնք առավել հստակ են դարձնում ընդհանուր պատկերը: Դրանք սկսվում են Ադրբեջանից հնչող հայտարարությունների ինտենսիվությունից, սրությունից, տրվող ուղերձներից՝ վերջացրած սպառազինության մեծածավալ գնումներով: Այս շարքը կարող է երկար շարունակվել:
– Եթե Ադրբեջանը հայկական կողմի հետ հանդիպումներում փորձում է դրական տրամադրվածություն ցույց տալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, ապա ինչո՞վ են պայմանավորված սահմանին նրանց կողմից անընդհատ կրակոցները:
– Այդքան էլ էական չէ, թե ինչ մոտեցում կամ տրամադրվածություն են ի ցույց դնում Ադրբեջանի նախագահը կամ արտգործնախարարը Հայաստանի իրենց գործընկերների հետ հանդիպումներում, էականն արդյունքն է, որը չկա: Կա ընդամենը պարզ տեղեկատվական մանիպուլյացիաներ, գործընթացին պատրաստ լինելու իմիտացիա և ոչ ավելին:
– Չնայած կրակոցների թվին, այնուամենայնիվ խոսվում է ադրբեջանական կողմից որոշ պասիվության մասին: Այս մասին խոսվում էր նաև ամռանը, երբ նշվում էր, որ պատերազմի վերսկսման մեծ վտանգ կա: Արդյոք այդպիսի վտանգ կա՞ նաև այժմ, երբ Ադրբեջանը դարձյալ նույն պասիվությունն է ցույց տալիս:
– Ռազմական գործողությունների վերսկսման վտանգ և եղել է ապրիլի երկրորդ կեսից և ամառվա ընթացքում: Իսկ ո՞վ է ասում, որ գարնան վերջին կամ ամառվա ամիսներին պասիվություն է եղել: Ավելին՝ բացի զրահատեխնիկայի, հրետանու կուտակումներից, հակառակորդը առաջին գիծ էր դուրս բերել նաև ուժային տարբեր կառույցների հատուկ նշանակության ստորաբաժանումներին: Ակտիվություն կամ պասիվություն ասվածը միայն սահմանին կրակոցների առկայությամբ չէ պայմանավորված: Ակտիվություն ասվածն իր մեջ ենթադրում է զորքերի ակտիվ տեղաշարժ, կուտակումներ, ինժեներական աշխատանքներ, տարբեր խմբերի՝ հատկապես հատուկ նշանակության ստորաբաժանումների ներկայություն առաջնագծում: Էլ չեմ ասում, որ ակտիվություն ասվածը նաև ենթադրում է քաղաքական հայտարարություններ, քարոզչություն, տեղեկատվական ապահովում և այլն:
– Ադրբեջանի նախագահն ու պաշտպանության նախարարը աչքի են ընկնում նաև ագրեսիվ հռետորաբանությամբ: Այս պայմաններում որքանո՞վ է իրատեսական կանխատեսել, որ բանակցային գործընթացում դրական տեղաշարժ կարձանագրվի:
– Ի՞նչ դրական տեղաշարժի մասին է խոսքը, եթե բանակցություն ասվածն առհասարակ բացակայում է: Ադրբեջանի այս պահվածքն արդեն իսկ ձախողման առաջ է կանգնեցնում բանակցությունների վերսկսման հնարավորությունը: Ադրբեջանը բաց տեքստով հայտարարում է, որ այս տարիներին միլիարդներ է ծախսել իր բանակը ուժեղացնելու և տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ, որովհետև ժամանակակից աշխարհում հարցերը լուծվում են ոչ թե ճշմարտության, այլ ուժի տեսանկյունից: Չկան բանակցություններ, և Ադրբեջանն էլ այս ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում, որովհետև իր համար արդեն որոշել է, որ իր համար լուծման արդյունավետ ճանապարհը ուժի կիրառմամբ անելն է: Մնացած «գեղարվեստական մանրապատումները» իր որոշումը հիմնավորելու փաթեթավորումն են:
2018թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում կարճ զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել: Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում: 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։
Նորայր Շողիկյան