«Առաջնթացների հետ մեկտեղ՝ կարող եմ արձանագրել, որ շատ սպասումներ չեն իրականացել». Գարիկ Քեռյան

Նոյմեբերի 26-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համաերևանյան երթը սկսեց Նոր Նորքի 6-րդ զանգվածից և անցավ Երևանի տարբեր համայնքներով։ Ըստ նրա, երթը յուրատեսակ ամփոփում է այն քայլարշավին, որը տեղի էր ունեցել մարտի 31-ին՝ Գյումրիից, որի արդյունքում էլ Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն։

Վարչապետի պաշտոնակատարի երթը, շատերի կարծիքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին քարոզչություն է, այն դեպքում, երբ քարոզարշավի մեկնարկին դեռ ժամանակ կար։

Թեմայի շուրջ 168.am-ը զրուցեց ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանի հետ։

– Պարոն Քեռյան, Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակ ուներ այս երթը, այն իսկապե՞ս երթ էր, թե՞ համաերևանյան քարոզարշավ։

– Հաշված օրեր անց տեղի է ունենալու խորհրդարանական ընտրություններ, և ըստ էության պառլամենտական համակարգին անցնելուց հետո սա առաջին խորհրդարանական ընտրությունն է։ Ճիշտ է, արտահերթ է, բայց այն հանգուցային ընտրություն է, որովհետև երբ 2017թ. ընտրություններն անցկացվեցին, այն ժամանակ դեռ չէր ավարտվել նախագահական կառավարման համակարգի ժամկետը։ Բնականաբար, սա իրոք երևույթ է, և այս ընտրություններում տեղի ունեցած իրադարձությունները որոշ առումներով կարող են հանդիսանալ և իրենց նշանակությամբ շատ ավելի կարևոր, ուղենիշային և բնորոշ լինել մեր նոր համակարգին։

Նախկինում մենք չենք ունեցել խորհրդարանական կառավարման համակարգ և ամեն դեպքում պետք է խոստովանենք, որ խորհրդարանական ընտրություները միշտ ստորադասվել են նախագահական ընտրություններին։ Սա առաջին խորհրդարանական ընտրություններն է, այստեղ լուծվում է շատ էական հարց, որ գործադիր իշխանությունն իր ձեռքում պահող քաղաքական ուժը պետք է, ի վերջո, վերցնի նաև օրենսդիր իշխանությունը։

Բնականաբար, այժմ բոլոր քաղաքական ուժերն էլ լարված են և անհամբեր սպասում են ստարտին, և կարծես թե այդ անհամաբերությունը բերեց այն հանգամանքին, որ որոշ քաղաքական ուժեր ավելի շուտ սկսեն իրենց քաղաքական ակցիաները։ Սակայն այստեղ որևէ վատ բան չեմ տեսնում, ինձ համար այդքան էլ ընդունելի չէ այն քննադատությունը, որ խախտվել է այս կամ այն օրենքը։ Եթե որևէ քաղաքական կուսակցություն այս պահին անցկացնի իր միջոցառումը կամ որևէ երթ, ապա անկախ այն հանգամանքից՝ քարոզարշավը սկսվե՞լ է, թե՞ ոչ, գոյություն ունի երթերի, ցույցերի կանոնակարգման վերաբերյալ օրենք, և կարող են դիմել ու իրենք էլ անցկացնել։

Իհարկե, մեկ բան ճշմարիտ է, որ մարդկության պատմության գոյության ընթացքում քանիցս եղել են ընտրություններ, և միշտ էլ կառավարող քաղաքական ուժն օգտագործել է իր գերակա դիրքը, սա երևույթ է, որը չի կարելի համարել օրենքի խախտում կամ հակաժողովրդական։

Ամենաժողովրդավարական երկրներում էլ անգամ այն քաղաքական ուժերը, որոնք տիրում են իշխանությանը, օգտագործում են իրենց ձեռքում եղած բոլոր հնարավորությունները՝ընտրություններում ավելի ամրապնդվելու կամ հաղթանակ տանելու համար։ Գուցե այն հանգամանքը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կառավարող ուժ է, նրան ավելի վստահություն է տալիս նման ակցիաներ իրականացնել մինչև քարոզարշավի մեկնարկը։ Բայց այստեղ լուրջ քննադատության սլաք ուղղել և ասել, թե մի քանի օր շուտ կամ ուշ են սկսում՝ այդքան էլ ճիշտ չէ, առանց այդ էլ քարոզարշավը տևելու է ընդամենը 12 օր։

Եթե որևէ քաղաքական ուժ մի քանի օր շուտ է սկսում քարոզարշավը, ապա այտեղ որևէ վատ բան չեմ տեսնում։ Տեսել եմ, որ այլ քաղաքական կուսակցությունների կողմից արդեն իրականացվում են դրամահավաքին նվիրված միջոցառումներ, քարոզչական բնույթի հավաքներ, լայնորեն օգտագործվում են սոցիալական ցանցերը՝ պատգամավորներին ներկայացնելու համար, հիմա նրանց քննադատե՞նք, որ քարոզարշավը չի մեկնարկել, բայց նրանք Ֆեյսբուքով կամ այլ սոցիալական ցանցով գովազդում են։

Մարդիկ պետք է տեղյակ լինեն ցուցակներին, իմանան նրանց մասին։ Եթե որևէ մեկը քննադատում է, ապա սլաքը պետք է ուղղվի ոչ թե՝ բուն ակցիայի իրականացման փաստին, այլ՝ լոզունգներին կամ այն մարդկանց, որոնք գլխավորում են այդ ակցիան, կամ էլ վերջին յոթ ամիսների նրանց գործունեությանը, և այլն։

– Այսօր երթի ժամանակ վարչապետի պաշտոնակատարը բացառեց, որ այս խորհրդարանը կարող է ունենալ մեկ ու կես կամ երկու տարվա կյանք, չնայած որոշ վերլուծաբաններ նման կանխատեսումներ արել են, Դուք ի՞նչ կարծիքի եք,
խորհրդարանը 1,5 կամ 2 տարվա կյա՞նք պետք է ունենա։

– Չեմ ժխտում, որ կարող է նորից արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, բայց դեռ մեկ արտահերթը չեղած՝ կանխատեսել հաջորդը, չի տեղավորվում տրամաբանության և քաղաքագիտական որոշակի գործընթացի տրամաբանության մեջ։ Ընդհանրապես արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինում են, որպես կանոն և առանց բացառության, քաղաքական որոշակի ճգնաժամի կամ իշխանության լեգիտիմության կորստի պայմաններում։

Քաղաքական ճգնաժամը խորհրդարանական կառավարման պայմաններում կարող է լինել այն դեպում, երբ առաջինը՝ տվյալ երկրի գործադիր իշխանությունը խորհրդարանում կորցնում է քաղաքական մեծամասնությունը և ստիպված է լինում հրաժարական տալ։ Երկրորդը՝ այնպիսի ցնցող իրադարձություն է լինում, որ ցնցում է հասարակական կյանքը, պետությունը, և դրանք կարող են կապված լինել սոցիալական լուրջ պայթյունների, տնտեսական ճգնաժամերի հետ։ Երրորդը՝ մեր աչքով տեսանք, որ, երբ առաջանում է քաղաքական ճգնաժամ իշխանության ներսում, տեղի է ունենում համաժողովրդական ընդվզում, ինչը մեզանում տեղի ունեցավ ապրիլին, որն անվանեցինք հեղափոխություն։

Այս երեք իրողությունների պայմաններում է, որ հնարավոր է՝ լինեն խորհրդարանական ընտրություններ։ Բնականաբար, նման իրավիճակի հասունացում մենք պետք է տեսնենք այս ընտրություններից հետո, և որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե իմ նշած սցենարներից որը կարող է լինել, որպեսզի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նշածս իրողությունների զարգացման համար նախադրյալներ կարող են առաջանալ միայն դեկտեմբերին կայանալիք արտահերթ ընտրություններից հետո՝ ոչ միայն ներքաղաքական, այլև՝ արտաքին քաղաքական գործընթացների պատճառով։

Թե ինչպիսի՞ն կլինեն դրանք, այժմ մենք կանխատեսման շատ քիչ հնարավորություներ ունենք։ Հատկապես, բացի ներքին խնդիրներից, որոնք այսօր կախված են մեր հասարակության գլխին, և դրանք բարդ խնդիրներ են, խոսքը գործազրկության, աղքատության վերացման մասին է, ինչպես նաև՝ ավտորիտար համակարգի ժողովրդավարացման, մենք ունենք նաև գերխնդիր՝ Արցախի խնդիրն է, որը միշտ պայմանավորել ենք մեր ներքաղաքական գործընթացներով, և այս ճակատում մենք ինչ զարգացումներ կունենանք՝ ավելի շատ կախված է ոչ թե՝ մեզանից, այլ՝ հզոր համաշխարհային ուժային կենտրոններից, որոնք այսօր շահագրգռված կամ ներգրավված են այդ հակամարտության կարգավորման գործընթացում։ Այնպես որ, կանխատեսել, թե նրանք ինչ կանեն, այժմ պարզապես անհնար է։

– Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ իր կառավարությունը լիարժեք կատարել է ժողովրդին տված խոստումները, նույնը հայտարարեց նաև երթի ժամանակ, տված խոստումներից որո՞նք են այս պահին կատարվել։

– Եթե խոստումներից մեկը համարենք համակարգի ժողովրդավարացումը, ավտորիտար երևույթների հաղթահարումը, որն առկա էր ՀՀ երրորդ նախագահի՝ հատկապես՝ երկրորդ կառավարման շրջանում, այստեղ, իհարկե, որոշակի առաջընթաց կա։ Սա տեսնում եմ ոչ թե՝ խոսքով թղթի վրա, այլ՝ կոնկրետ իրադարձություններով, իսկ նման իրադարձությունն ինձ համար կարող է հանդիսանալ, օրինակ, Երևանի ավագանու, ՏԻՄ ընտրությունները, և այս ամենը թույլ են տալիս ասելու, որ այնպիսի արատավոր երևույթներ, որ կային նախկին ընտրությունների ժամանակ, չնկատվեցին։

Առաջընթաց նկատում եմ նաև հակակոռուպցիոն պայքարում, մենք նկատում ենք, որ կոռուպցիոն գործողություններում թաղված մարմինները նախկինի նման չեն, օրինակ, ճանապարհային ոստիկանությունը, հարկային, մաքսային մարմինները։ Այժմ այստեղ կոռուպցիայի աստիճանը բավականին իջել է, սա ասում եմ՝ որպես ՀՀ քաղաքացի։

Առաջնթացների հետ մեկտեղ՝ կարող եմ արձանագրել, որ շատ սպասումներ չեն իրականացել։ Օրինակ, չեմ տեսել այն խոստացված ներդրումները, որոնք պետք է գային Հայաստան, դրանք դեռևս չկան, որևէ խոշոր գործարան կամ ձեռնարկություն չի բացվել, աղքատությունը շարունակում է մնալ նույն մակարդակին, և, ամենակարևորը, որ կուզեի իմ քննադատական խոսքն ասել, դա կադրային ոչ պրոֆեսիոնալ քաղաքականությունն է։ Կարծում եմ՝ այս երեք ոլորտներում կառավարությունը դեռ անելիքներ ունի։

Իհարկե, նորմալ է, երբ քաղաքական ուժն իր իշխանության ժամանակ կարող է ունենալ ինքնաքննադատության ինչ-որ չափաբաժին իր հռետորաբանության մեջ, բայց սովորաբար իշխանության տիրապետողը միշտ իրեն գովում է։ Բնականաբար, իշխող քաղաքական ուժը փորձում է ասել, որ իր խոստումներն ամբողջությամբ կատարել է, իսկ մենք՝ հետևելով այս ամենին, պետք է ինքներս վերլուծենք, թե այդ խոստումներից որն է կատարվել։ Դրական էլ կա, բացասական էլ, աշխատող կառավարության համար, բնականաբար, կլինեն ձեռքբերումներ և բացթողումներ։

– Երթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ նախկինում էլ է հայտարարել, որ իր լիակատար աջակցությունն է հայտնում Արցախի ներկայիս իշխանություններին, և ժողովուրդը պետք է որոշի իշխանություններին։ Արցախի նախագահական ընտրությունների ժամանակ, հնարավո՞ր է՝ ԼՂ-ում կրկնվեն ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները։

– Կարծում եմ՝ Արցախում հասարակությունը կորոշի, թե ինչպես վարվել։ Այն, որ Հայաստանի քաղաքական իարդարձությունները մեծամասամբ պատճենավորվում են և ազդում Արցախի քաղաքական իրողությունների վրա՝ չպետք է բացառել, քանի որ բացահայտ ճշմարտություն է։ Մենք պարզ տեսանք, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո քաղաքական որոշակի տեղաշարժեր կային նաև Արցախում։ Մթնոլորտն է փոխվել, քաղաքական ազատությունն ավելի շատ է։

Բայց ամեն դեպքում մենք պետք է ելնենք այն իրողությունից, որ սա պատերազմական գծի սահմանային մարզ է, և այդ սահմանային մարզի կամ չճանաչված պետության ներքաղաքական կյանքը չպետք է դիտարկվի սովորական կամ այնպիսի չափանիշերով, ինչպես Հայաստանում կամ մյուս երկրներում է։ Կիսապատերազմական վիճակը միշտ էլ իրենից ենթադրում է ավելի շատ կենտրոնացվածություն, գործադիր իշխանության ավելի շատ լիազորություններ և ուժային կառույցների ավելի մեծ ներգրավվածություն քաղաքական գործընթացներում։

Ուստի պնդել, թե ինչ այստեղ է տեղի ունենում, պետք է լինի նաև Արցախում՝ սխալ է, որովհետև մենք Արցախում ունենք սահմանային, ռազմաճակատային տարածք, այդ երկիրն իր բնակչությամբ և զինված ուժերով ամեն րոպե կարող է ներքաշվել բավականին բարդ գործընթացների և, Աստված չանի, պատերազմի մեջ։ Ցանկացած պայմաններում պետք է առաջին հերթին՝ հաշվի առնել անվտանգության խնդիրները, այնուհետև՝ դեմոկրատիայի, ազատության աստիճանը։ Ավելի լավ է՝ Արցախը լինի քիչ ավելի դեմոկրատական կամ ընդհանրապես դեմոկրատական չլինի, բայց այնտեղ զինվորականները կարողանան դրության տերը լինել, և այդ երկիրը լինի անվտանգ. կոկնկրետ Արցախի ժողովրդի համար, առաջին հերթին՝ անվտանգություն է կարևոր, այնուհետև՝ դեմոկրատիան։ Ի՞նչն է լավ, խոսքի ազատություն ունենալ, հետո զոհվել արկերի պայթյունի տա՞կ, թե՞ չունենալ խոսքի ազտություն, բայց լինել անվտանգ։

Նույնիսկ աշխարհի ամենադեմոկրատական երկրներն իրենց արտակարգ իրավիճակների պայմաններում սահմանափակել ու կոծկել են այն, ինչ սովորական քաղաքացիական հասարակության պայմաններում իրենք ունեցել են։ Միշտ էլ արտակարգ իրավիճակը պահանջում է իշխանության գերկենտրոնացում և ազատությունների սահմանափակում։ Արցախից պահանջել հեղափոխություն, նշանակում է՝ ստորադասել առավել կարևորը՝ մարդկային կյանքն ու անվտանգությունը՝ առավել ոչ կարևորին, օրինակ՝ դեմոկրատական արժեքներին։

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս