Ընտանիքով Ծառուկյանի դստեր հարսանիքին սելֆի էին անում, էսօր էդ մարդուն ոչնչացնում է. ով ռեսուրս, գույք կամ փող ունի՝ հետևից գնալու է. Կարեն Վրթանեսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը հանրային գործիչ Կարեն Վրթանեսյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- «Ժողովրդավարության բաստիոն» եզրույթը 2019թ. ասել է Արարատ Միրզոյանը: Այդ նույն ելույթում ինքն ասում էր՝ մենք պատերազմ ենք վարում: Ո՞ւմ դեմ էին վարում… Հաստատ ոչ Ադրբեջանի: Նիկոլ Փաշինյանն այն պահից, երբ եկել է իշխանության, ու մինչ այդ էլ, անընդհատ քաղաքական պատերազմ է վարում երկրի ներսում: Իրենց բոլոր գործողությունները պատերազմական տրամաբանության մեջ են:

- Ցանկացած մեկը, ով ունի ռեսուրս, Նիկոլի համար խնդիր է։ Դրա համար նա հեռացնելու է նաև իր կողքի մարդկանց, ովքեր, իր կարծիքով, սկսում են ինչ-որ ազդեցություն կուտակել։ Նա չի սպասում, որ նրանք դառնան մրցակից, այլ անմիջապես խաղից հանում է… Սա, ընդհանրապես, բոլոր հեղափոխությունների տրամաբանությունն է։ Ինչպես ժամանակին Ստալինը վերացրեց ու ջնջեց հին բոլշևիկներին, նույն ձևով գործելու է և գործում է Նիկոլ Փաշինյանը։ Շատերին, ովքեր իր հետ եկել էին առաջին օրերին կամ օգնում էին տարբեր առիթներով, նա վաղուց դուրս է մղել։ Նա կարող է գնալ մարդու երեխայի հարսանիքին, իսկ հետո այդ նույն մարդուն այսպիսի ձևով ջախջախել։ Հիշում ենք, չէ՞, այն լուսանկարները, երբ Նիկոլ Փաշինյանն ընտանիքով Գագիկ Ծառուկյանի դստեր հարսանիքին էր, ընտանեկան սելֆիներ էին անում՝ «բա հարսանիքի ենք»…

Հիշեցնենք. Նիկոլ Փաշինյանն՝ ընտանիքի և կարկառուն ՔՊ-ականների հետ, 2019թ. ներկա էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Անահիտի և Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտի հարսանեկան արարողությանը: Եվ նա, և նրա ընտանիքի անդամները, և ՔՊ-ականները հրապարակել էին լուսանկարներ:
- Ինքը պատերազմը չի ավարտում, ավարտում է մի գործողությունը, սկսում է մյուսը… Նույնիսկ 44-օրյա պատերազմի ժամանակ նա պատերազմ էր մղում երկրի ներսում, ոչ թե թշնամու դեմ… Ցանկացած մեկը, ով ունի ռեսուրս, Նիկոլի համար խնդիր է: Դա իր կողքիններին էլ է վերաբերում: Նա չի սպասում, որ նրանք դառնան մրցակից, միանգամից հարցերը լուծում է… Սա ճիշտ բոլշևիկյան, ստալինյան գործելակերպ է:
- Եթե Ալեն Սիմոնյանը կուտակել էր ինչ-որ ֆինանսներ, կապեր, թեկուզ համակարգի ներսում ուներ ազդեցություն ու խնդիրներ էր լուծում, Նիկոլ Փաշինյանը չի սպասում, որ նրանք հավաքեն այնքան ռեսուրս, որ դառնան մրցակից։ Նա անմիջապես ջախջախում է։ Եվ այն, ինչ հիմա կատարվեց Գագիկ Ծառուկյանի կամ Սամվել Կարապետյանի հետ, հասնելու է նաև մյուս բոլոր խոշոր ու միջին բիզնեսներին։ Ընդ որում, այդ մարդիկ հետո զարմանալիորեն ասում են՝ «բայց ես քաղաքականությամբ չէի զբաղվում, աջակցում էի, գնում էինք իրենց նախաճաշերին, մի միլիոն դրամ կամ չգիտեմ ինչքան փող էինք տալիս, բացի այդ էլ՝ ինչ մեզնից ուզում էին, միշտ տալիս էինք, ինչո՞ւ են հիմա մեզ հարվածում»։ Խնդիրն այն է, որ դու ռեսուրս ունես։ Դու ունես ռեսուրս, որը թեկուզ տեսականորեն մի օր կարող է օգտագործվել իր դեմ, և նա այնպես է անելու, որ երկրում ոչ ոք իր դեմ դուրս գալու ռեսուրս չունենա։ Դա է նրա տրամաբանությունը։
- Նիկոլը նախևառաջ սպասարկում է իր շահերը, հետո սպասարկում է ցանկացած շահեր, բացի Հայաստանի շահից:
- Ոստիկանությունը դրոններ է օգտագործում մարդկանց հետևելու համար: Օգտագործում են բոլոր AI գործիքները՝ դեմքերը ճանաչելու համակարգեր, համացանց մտնելը սարքում են դեմքերի իդենտիֆիկացիայով… Հայաստանում մեծ արագությամբ ընդօրինակվում է թվային կոնցլագեր կառուցելու, տոտալ վերահսկողության համաշխարհային մեթոդը: Պոպուլիստական բռնապետների ողջ զինանոցը մեզ մոտ կիրառվում է:
- Իրականում այն մարդիկ, ովքեր մի քիչ արհամարհանքով են խոսում ընդդիմության մասին ու ասում են՝ «դե, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»… նման բան ասող մարդիկ պետք է ամեն օր մոմ վառեն այս՝ թեկուզ շատ քննադատության արժանի ընդդիմադիրների համար։ Որովհետև այս պահին հենց այդ ընդդիմադիրներն են զբաղեցնում, դիմադրում Նիկոլի ռեպրեսիվ ապարատին։ Այս ընդդիմադիրները, որ անընդհատ բանտեր են նետվում («պտտվող դռների» սկզբունքով՝ մեկը դուրս է գալիս, երեքը նստում են իր փոխարեն), եթե չլինեն, շատ արագ պարզվելու է, որ քաղաքականությամբ չզբաղվելն արդեն ոչ մի բանի երաշխիք չէ։ Ընդհանրապես, ինչ-որ նյութական ռեսուրս, գույք կամ փող ունենալն արդեն դառնալու է խնդիր։ Մի օր էլ ասելու է՝ «իսկ դու ինչո՞ւ ես այդքան փող աշխատում»։

- Սկզբում արցախցիներին զրկեց ընտրելու իրավունքից… Արցախցիները ՀՀ քաղաքացիներ են, ունեցել են ՀՀ նորմալ անձնագրեր, ոչ թե ճամփորդական անձնագրեր: Շոկի մեջ գտնվող, ջախջախված արցախցիներից շատերն ուշադրություն չդարձրին՝ ինչ է կատարվում: Արցախցիներին ընտրելու իրավունքից զրկեց, մարսեց, հիմա էլ արգելեց դրսից եկող ՀՀ քաղաքացիներին քվեարկել: Սա Սահմանադրության ոտնահարում է… ՀՀ քաղաքացին, ուզում է Ռուսաստանից, այլ երկրից կամ Լուսնից գա, քվեարկելու իրավունք ունի: Դա այդ մարդկանց իրավունքն է: Հենց այս իշխանությունից ազատվենք, քվեարկելու իրավունքը պետք է ավտոմատ վերականգնվի: Այս իշխանությանը պետք չի, որ իրենից կախվածության մեջ չգտնվող մարդիկ քվեարկեն: Այսպես շարունակվելու դեպքում, հետո մարդկանց քվեարկելու իրավունքը կսկսեն սահմանափակել այլ հիմքերով…
- Երևանում տրանսպորտային կոլապսը հատուկ է ստեղծվել, ես վստահ եմ, որովհետև հնարավոր չէ անընդհատ տապալել ինչ-որ բան, անընդհատ քանդել աշխատող համակարգերը… Հիմա ամառ է, շատ մարդիկ Երևանից դուրս են, դպրոցները փակ են, բայց ցերեկը՝ ժամը 13:00-ին, Երևանում անմարդկային խցանումներ են… Հիմա հարց՝ այս կարևորագույն խնդրի վերաբերյալ ընդդիմադիրների կողմից ինչի՞ չկա պլանավորված արշավ: Ինձ թվում է՝ եթե այդ մարդիկ սկսեն օգտվել հասարակական տրանսպորտից, անցնեն այդ անմարդկային ստորացումների միջով, կդառնան սրտացավ ընդդիմադիրներ:
- Ընդդիմությունը նախ և առաջ պետք է իջնի իր այդ բարձր աթոռներից, սկսի ուղիղ շփվել, մտնի այդ ամեն ինչի մեջ ու իր մաշկի վրա զգա նաև առողջապահության համակարգի կոլապսն ու թալանը։ Այն, ինչ իրենք անվանում էին «առողջապահական բարեփոխումներ», իրականում միջին խավի թալանի ծրագիր է։ Հիմա այնպիսի խայտառակ ու աբսուրդ բաներ են կատարվում. համ մարդկանցից գումար են վերցնում, համ էլ մարդիկ նույնիսկ վճարովի հիմունքներով չեն կարողանում ժամանակին նորմալ բուժօգնություն ստանալ, ամիսներով հերթագրվում են։ Այդ համակարգը քիչ թե շատ աշխատում էր (ինչքանով որ կարելի էր նորմալ անվանել Արսեն Թորոսյանի ավերած համակարգը), իսկ հիմա այդ ձևն էլ չկա։ Սա ընդդիմության համար առանձին մեծ օրակարգ պետք է լիներ, բայց դրանով զբաղվում են ընդամենը 1-2 անհատներ, ոչ թե համակարգված թիմ։
- Ես մեր ընդդիմադիր առաջնորդներից առաջին անգամ Հայաստանի գաղութացման հստակ ձևակերպումը լսեցի Սամվել Կարապետյանից:
- Ցավոք, ընդդիմադիրներից շատերը Նիկոլ Փաշինյանին մրցակից են ընկալում, բայց նա իրենց թշնամի է ընկալում:
- Հայաստանում կան մարդիկ, ովքեր իրենց կարիերան կառուցել են կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարելով՝ մարդու իրավունքներ, և այլն… Ես չեմ ասում՝ Հայաստանում բռնության դեպքեր չկան, բայց այդ մարդիկ լռում են, երբ զոհը հարմար մարդ չի լինում:

- Մեզ պետք է անկախ, սուվերեն, ազգային մամուլ: Դրանք Հայաստանում շատ քիչ են: Դաշտի 80%-ում գերիշխում է Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի ասելիքը, ինչը շատ սխալ է… Մեզ պետք է նաև Հայաստանի շահերից գործող անկախ փորձագիտական համայնք, ազգային գիտակրթական համակարգ, որը հիմա ջախջախված է այն աստիճանի, որ դրա նպատակը դարձել է փոքրիկ նիկոլիկներ արտադրելը: Մյուս կարևորագույն ինստիտուտն ազգային քաղհասարակությունն է: Ցավոք, մեզ մոտ ձևավորված քաղհասարակությունը գործակալական ցանց էր, կապ չունեն ո՛չ Հայաստանի, ո՛չ մեր ազգային շահերի հետ: Ահռելի ծավալի աշխատանք պիտի կատարվի՝ դիմադրության համակարգ ձևավորելու համար:
- Ընդդիմության 5 մանդատը «Բարգավաճ Հայաստանից» գողացան, ու թեման փակվեց, մոռացան, ընդդիմության 5 մանդատը չպաշտպանվեց… Ի՞նչ պլաններ կան: Ընդդիմադիրներին են ձերբակալում, Պլան Բ ունե՞ք: Եթե քո դեմ մեքենա է աշխատում, համակարգ, դու չես կարող ինքնաբուխ պոռթկումներով դրան դիմադրել: Համակարգ է պետք ձևավորել:
- Բռնապետությունների դեմ կա՛մ ներքին դիմադրություն պետք է լինի, կա՛մ արտաքին ճնշում: Մեր դեպքում երկուսն էլ չկան:
- Ընդդիմության՝ մանդատները վերցնելու և ԱԺ գնալու մասին: Ես չեմ ուզում արդարացնել նրանց, որովհետև ընդդիմությանը քննադատելու շատ պատճառներ կան, բայց այս իրավիճակում ինչպե՞ս պետք է վարվել։ Մանդատները պետք է վերցնել: Չէ՞ որ Ազգային ժողովը կարևոր ռազմավարական դիրք է, որը լքելը միայն Նիկոլին է լրացուցիչ առավելություն տալու։ Այլ հարց է, որ միայն այդ դիրքը հնարավոր չէ պահել, եթե չկա հարակից աջակցություն։ Ես չեմ ուզում օգտագործել «փողոցային պայքար» ձևակերպումը, որովհետև դա շատ սխալ տերմին է։ Փողոցն այդ պայքարի միայն մի փոքր մասն է։ Ուղղակի մենք դեռ շարունակում ենք մնալ 2018 թվականի ապրիլյան այդ երկու շաբաթվա հիպնոսի տակ։

- Օրինակ՝ Նիկոլի թիմը մինչև 2018 թվականն ակտիվ սովորում էր. սերբերի, ամերիկացիների հետ թրեյնինգներ էին անցնում։ Իսկ մեր ընդդիմությունը սկզբունքորեն սովորելու հանդեպ սեր չունի, դրա համար էլ ամեն անգամ ինչ-որ ֆարս է ստացվում։ Ուղղակի միայն ԱԺ-ով, միայն փողոցով կամ Ռուսաց ցարին նամակներ գրելով հարց չի լուծվելու… Պետք է արտաքին աշխատանք տանել բոլոր երկրների հետ (ինչքան էլ նրանք աջակցեն Նիկոլին), պետք է աշխատել մարդկանց հետ գետնի վրա, պետք է սովորել ու պատրաստ լինել զանգվածային բողոքի ակցիաների։ Պետք է պայքարել ԱԺ-ում, մեդիադաշտում, կոլեկտիվ հիշողության ու հասարակական նորմերի դաշտում, որտեղ Նիկոլի թեթև ձեռքով ստելն այսօր դարձել է հպարտության, այլ ոչ թե ամոթի առարկա։ Էնպես չէ, որ մինչև 2018-ը քաղաքականության մեջ չէին ստում, բայց հիմա դա դարձել է պետական գաղափարախոսություն։ Այս բոլոր ուղղություններում այսօր վակուում է, ու պարզ է, որ միայն ԱԺ մանդատներով (որը կարևոր, բայց ընդամենը մի փոքր դիրք է) հնարավոր չէ հաջողության հասնել. մնացած դաշտերն էլ է պետք պահել։
Մանրամասները՝ տեսանյութում:

