Բաքվի և Անկարայի մասնակցությամբ ի՞նչ իրադարձություններ են նախորդել Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել օպերացիային

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը լայնամասշտաբ օպերացիա սկսեցին Իրանի դեմ, որն իր վերջնագծին չի հասել: Նման դեպքերում երբեմն արժե հետադարձ հայացք նետել ինչ-ինչ դրվագների վրա, տվյալ դեպքում՝ ի՞նչ իրադարձություններ են նախորդել Իրանի դեմ հարձակմանը, որն առնչվում է Ադրբեջանին, Թուրքիային, Արաբական Միացյալ Էմիրություններին և այլն:

Եվ այսպես:

Նախ՝ 2025 թվականի հոկտեմբերի 22-ին Բաքվում Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության ուժերը և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահական գվարդիայի հատուկ նշանակության օպերացիաների հրամանատարությունն «Անսասան գործընկերություն-2025» անվանումով զորավարժություններ էին անցկացրել: Ընդ որում, դրանք եղել են իրական մարտական պայմաններին համահունչ միջավայրում, որի ժամանակ կիրառվել է զրահատեխնիկա, բանակային ավիացիա, անօդաչու թռչող սարքեր: Ավելին, ստորաբաժանումները կատարել էին մարտական տարբեր առաջադրանքներ՝ կրակային պատրաստություն, դեսանտավորում, դիպուկահար հրաձգություն, հակառակորդի օբյեկտի ոչնչացում, բնակավայրի հակառակորդից «մաքրում»:

Ի դեպ, հաշվի առնելով զորավարժության փակման արարողության կադրերը, կարելի է ենթադրել, որ այս զորավարժությանը մասնակցություն է ունեցել նաև Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայության ստորաբաժանումը («Yarasa»):

Կարդացեք նաև

Նշենք, որ ադրբեջանական աղբյուրներում կան տեղեկություններ, որ «Yarasa»-ի անձնակազմը 44-օրյայի մարտական գործողությունների ժամանակ գործել է հայկական բանակի թիկունքում և մասնակցել բնակավայրերի գրավմանը, մասնավորապես՝ Կուբաթլիի (Որոտան) հատվածում, ուստի նրանք առաջին անգամ մասնակցել են 2020 թվականի դեկտեմբերի 10-ի ադրբեջանական զորահանդեսին:

Արդեն 2026 թվականի փետրվարին 3-ին Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահ Ալիևը և ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյան հետևել էին «Խաղաղության վահան -2026» երկու երկրների զինված ուժերի համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին:

Իսկ զորավարժությունների ընթացքում, որոնք, ի դեպ, անցկացվել էին բնակավայրային պայմաններում կամ տարածքներում, լեռնային տեղանքում և ծովային միջավայրում, ստորաբաժանումների կողմից կատարվել են հետևյալ խնդիրները՝ անօրինական զինված խմբավորումների հայտնաբերում և չեզոքացում, գրավված նավի նկատմամբ վերահսկողության վերականգնում, ահաբեկչական տարրերի չեզոքացում և պատանդների ազատում, վիրավորների տարհանում, բնակեցված տարածքում հասարակական անվտանգությանը սպառնացող անկարգությունների և դիվերսիաների կանխում, ինչպես նաև՝ հակահրդեհային միջոցառումների իրականացում։

Նշվել էր, որ ռազմական այս միջոցառման նպատակը կայուն խաղաղության հաստատմանը նպաստելն է:

Իսկ դրանից առաջ Ալիևը և Նահյան քննարկել էին տնտեսական և պաշտպանական ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Այսինքն, Բաքուն փորձել է ԱՄԷ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությանը նոր որակ հաղորդել, հատկապես, երբ ԱՄԷ-ն պաշտպանության և ռազմարդյունաբերության ոլորտում ընկալվում է՝ որպես բավարար զարգացած տեխնոլոգիական սեկտոր, Ադրբեջանն էլ փորձում է զարգացնել սեփական ռազմարդյունաբերական պոտենցիալը:

Միաժամանակ, Ադրբեջանի և ԱՄԷ-ի նախագահների մասնակցությամբ ստորագրվել էր փաստաթուղթ՝ կապված Ադրբեջանի Էկոնոմիկայի նախարարության «Հարավային գազային միջանցք»-ում չվերահսկվող բաժնեմասի որոշակի մասն Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության ներդրումային ստորաբաժանում XRG-ին վաճառելու հետ։ Սա՝ Ադրբեջանի հետ կապված: Ի դեպ, ավելի վաղ հայտնել են, որ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել հարձակումից օրեր առաջ Ադրբեջանի ՀՕՊ զորքերին հանձնարարականներ են տրվել: Ինչ վերաբերում է Թուրքիային:

Փետրվարի 3-ին նախագահ Էրդողանը մեկնել էր Սաուդյան Արաբիա, որի շրջանակում մի շարք պայմանավորվածություններ էին ձեռք բերվել:

Մասնավորապես, թուրքական կողմն ընդգծել էր Սաուդյան Արաբիայի Թագավորության առաջատար դերը համաշխարհային նավթային շուկաների հուսալիության և կայունության ամրապնդման գործում: Այնուհետև կողմերը պայմանավորվել էին ամրապնդել համագործակցությունը նավթի, նավթամթերքի և նավթաքիմիական նյութերի մատակարարման ոլորտում: Բացի այս, կողմերը ռազմավարական նշանակության պայմանավորվածություններ էին ձեռք բերել նաև էներգետիկ ոլորտում:

Իսկ փետրվարի 14-ին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը փետրվարի 17-18-ն այցելելու է ԱՄԷ և Եթովպիա:

Ավելի ուշ՝ փետրվարի 16-ին, տեղեկություն էր տարածվել, որ ԱՄԷ Էրդողանի այցը չեղարկվում է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի առողջական խնդիրների պատճառով, փոխարենը՝ շփումը տեղի է ունեցել հեռախոսով:

Փետրվարի 19-ին էլ CBS News-ը, հղում տալով իր աղբյուրներին, հայտնել էր, որ փետրվարի 21-ին ԱՄՆ-ը մտադիր է հարվածներ հասցնել Իրանին, այս ժամկետին նաև Իսրայելն էր պատրաստվել:  Axios-ը նույնիսկ գրել էր, որ ռազմական օպերացիան լայնամասշտաբ է լինելու: Բայց հարձակումն Իրանի դեմ նշված ժամկետից մի քանի օր հետո սկսվեց, ինչը ոչ միայն բանակցություններով էր պայմանավորված, այլև թարմացված հետախուզական տվյալներով:

Ի դեպ, դեռ փետրվարին Թուրքիան և Կատարը փորձում էին կանխել Իրանին այդ ժամանակ հնարավոր համարվող հարվածները, ինչը չհաջողվեց:

Իսկ այսօր, երբ Իրան-ԱՄՆ-Իսրայել ռազմական հակամարտությունը թեժ փուլում է, Թուրքիայի ղեկավարությունը, մասնավորապես՝ Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարում է, որ Կատարի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Բահրեյնի վրա հարձակումները վտանգում են անմեղ քաղաքացիների կյանքը և մեծացնում պատերազմի տարածման հավանականությունը։

Այսինքն, ըստ նրա, երրորդ երկրի դեմ Իրանի հարձակումները շատ սխալ են, քանի որ նման գործողությունները որոշ չափով նաև նպաստում են Իսրայելի էքսպանսիոնիզմին, որն այժմ ծավալվում է այս տարածաշրջանում։ Եվ ոչինչ, որ Իրանը պարբերաբար հայտնում է, որ իրենց թիրախում ԱՄՆ բազաներն են և իսրայելական ռազմական օբյեկտները: Իհարկե, «շեղումներ» լինում են, բայց հիմնական նպատակն ԱՄՆ-ին և Իսրայելին թիրախավորումն է, և նրանց, որոնք կօգնեն նրանց: Այնպես որ, Թուրքիան պետք է կարողանա ԱՄՆ-ի «ձեռքը բռնել», ով առաջնահերթություն է համարում Իսրայելի շահերը, ինչը բախվում է թուրքական շահերի հետ:

Տեսանյութեր

Լրահոս