Հայկական Պիզայի լույսն ու ստվերը

Իշխանության ու հասարակության հարաբերությունները բնութագրելու համար ընդունված է կիրառել աշտարակի ու հրապարակի այլաբանությունը։

Աշտարակի՝ իշխանության, ու հասարակության՝ հրապարակի խզումը հատկապես մեծանում է ավտորիտար համակարգերում, ինչպիսին այսօրվա Հայաստանն է։

Բայց ինչպես գրեթե բոլոր ավտորիտար ռեժիմները, Հայաստանի իշխանությունը ևս ամեն ինչ անում է՝ հասարակ մարդկանց զանգվածի՝ «հպարտ քաղաքացիների» աչքերում այդ խզումը ոչ միայն անտեսանելի դարձնելու, այլև աշտարակի ու հրապարակի միջև ներդաշնակության, միասնականության պատրանք ցույց տալու համար։

Առայժմ դա նրան հաջողվում է։ Մասշտաբային միջոցառումները, ինչպես Անկախության տոնի վերջին գռեհիկ համերգը, զանազան ֆեստիվառներն ու փառատոները հենց այդ՝ քաղաքական խնդիրն են լուծում այն ժամանակ՝ մինչ ընդդիմությունը կենտրոնանում է այդ միջոցառումների չհիմնավորված ծախսերի՝ դրանց միջոցով բյուջետային մսխումների վրա։

Կարդացեք նաև

Հանրային միջոցների ծախսման վերահսկողությունն, իհարկե, կարևոր է, ընդդիմությունը պետք է մշտապես հետևի դրան, բայց դա մեր նման պետությունում գործնականում ֆունկցիա չունի, քանի որ ավտորիտար համակարգերի հատկանիշներից մեկն էլ ծախսվող փողի մասին հաշվետու չլինելու սանձարձակությունն է։ Հատկապես, որ իշխանությունն իր զինանոցում ունի գրեթե բոլոր քննադատողներին ի պատասխան՝ «թալանն աչքը կոխելու»՝ հանրային փսիխոզի տեսանկյունից դեռևս արդյունավետությունը չկորցրած գործիքը։ Մինչդեռ իշխանական պրոպագանդան հմտորեն օգտագործում է նաև այդ՝ նոմինալ իմաստով արդարացված քննադատությունը, հպարտ քաղաքացիներին ուղերձ հղելով, որ «չուզողները», «գործակալական ցանցը», «ներքին թշնամիները» խաթարում են աշտարակի ու հրապարակի ներդաշնակությունը։

Անտեսանելի այս կառույցում աշտարակին ու հրապարակին զուգահեռ՝ գոյացել է այլ իրականություն, որտեղ ոչ թե ուղղակի քննադատող ընդդիմադիրներն են ու իշխանության հետ հակադրությունից նյութական շահ ունեցողները, այլ հասարակության՝ հարաբերականորեն որակյալ հատվածը, որի ներկայացուցիչները չեն ուզում աղերս ունենալ ոչ աշտարակի, ոչ հրապարակի, ոչ էլ վերջիններին ուղղակի քննադատողների հետ։

Ահա այս հատվածը, գուցե ֆիզիկապես ոչ շատ ընդգրկուն, բայց որակյալ զանգվածը ակամայից հայտնվել է պետական ու հանրային կյանքի լուսանցքում՝ զուգահեռ իրականությունում, որը մյուսների հետ համընկնում է միայն տարածական նույնությամբ։ Սա Հայաստանի ներկայիս իրավիճակի խորքային պատճառներից մեկն է՝ քիչ թե շատ նորմալ երկրների համար լուսանցքային, մարգինալ համարվելիք շերտերը հայտնվել են իշխանության ու նրան սատարողների տիրույթում՝ աշտարակում ու հրապարակում, իսկ համեմատաբար որակյալ խավերը՝ պայմանական էլիտան, հայտնվել է լուսանցքում, այնտեղ, որտեղ նորմալ հասարակություններում գտնվում են մարգինալ խմբերը։ Բայց սա զուտ գնահատողական և լուծում չպարունակող մոտեցում է, որովհետև, անկախ էսթետիկ ու արժեքային խայտառակությունից, հրապարակում այն ժողովուրդն է, որին ոչ թե պետք է մարգինալացնել, այլ դուրս բերել աշտարակի մանիպուլյացիաներին կուրորեն ենթարկվելու խավարից։

Հայաստանում այս իմաստով լույսը չի հաղթում խավարին նաև այն պատճառով, որ առաջինը չի էլ հասնում իշխանության լուսարձակների ճոխությունից կուրացած՝ խավարում գտնվողներին։

Մինչև լույսի ու խավարի հանդիպումն իշխանությունը շարունակելու է թանկարժեք ու ռաբիս խրախճանքները, որովհետև միայն ու հատկապես ռաբիսի ներքո հրապարակը կարող է շարունակել պատրանքը, որ որևէ աղերս ունի աշտարակի հետ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930