Պարզ է` ինչու Մարտուն Գրիգորյանին կալանավորեցին, մի գիշերում գործն ուղարկեցին դատարան. Արսեն Բաբայան

168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում փաստաբան Արսեն Բաբայանը խոսեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կալանավորման մասին: Վերջինս մեղադրվում է բարեգործության արգելքի ենթադրյալ խախտման համար:

«Մարտուն Գրիգորյանը մեղադրվեց, կալանավորվեց, հաջորդ օրը վարույթի նախաքննությունն ավարտվեց։ Մեկ օրում, մեկ գիշերում։ Հենց այդ գիշեր նախաքննությունն ավարտվեց։ Հիմա նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկում են դատարան. Մարտուն Գրիգորյանի գործն արդեն դատարանում է։ Հնարավո՞ր է՝ նախաքննությունն ամբողջությամբ կատարվի ընդամենը մեկ գիշերում։

Երբ որ կալանքի որոշումը կայացվեց, առավոտյան ես արդեն ստացել էի գրությունը, որ նախաքննությունն ավարտվել է։ Իսկ ի՞նչ էին բերում որպես կալանքի հիմք։ Ասում էին՝ քանի որ նոր ենք մեղադրանք ներկայացրել, այս պահից առաջանում է ինտենսիվ քննչական գործողությունների անհրաժեշտություն, բազմաթիվ ապացույցներ պիտի ձեռք բերենք, հարցաքննություններ պիտի անենք, չհարցաքննված վկաներին պիտի քննենք։ Դատարանում հենց դա էր իրենց պահանջը՝ հիմնավորելու, թե ինչու պետք է երկու ամիս կալանքի տակ մնա։

Կարդացեք նաև

Այս ամենն ավարտելուց հետո դատավորը կալանք տվեց, իսկ հենց հաջորդ առավոտյան ավարտեցին նախաքննությունը։ Այսինքն՝ այստեղ բացառապես նպատակ ունեին Մարտուն Գրիգորյանին կալանավորելու և բանտարկելու, այլ նպատակ չկար»,-ասաց Արսեն Բաբայանը:

Վերջինս նկատեց՝ մայիսի 21-ին եկել են Մարտուն Գրիգորյանի տուն՝ խուզարկության։ Խուզարկության որոշման մեջ գրված է, որ Մարտուն Գրիգորյանը փաստացի կասկածվում է հանցագործություն կատարելու մեջ, մասնավորապես՝ բարեգործության արգելքը խախտելու մեջ։

«Մայիսի 22-ին Մարտուն Գրիգորյանն արդեն գիտեր, որ ինքը մեղադրյալի կարգավիճակ ունի, որոշումը տեսել էր, որի մեջ բոլոր անունները կային։ Մայիսի 23-ին հրապարակվեց ձայնագրությունը, որտեղ բոլոր անձինք ներկայացվում էին, թե խանութից ինչ տեսագրություն կար, մարդիկ երևում էին։ Այսինքն՝ Մարտուն Գրիգորյանի համար այդ գործով մեղադրյալների ու վկաների շրջանակն արդեն պարզ էր։ Եվ մինչև օգոստոսի 12-ը որևէ գործողություն չեն անում. խուզարկել են մեքենան, խուզարկել են աշխատավայրը, բնակարանը, գաղտնալսումներ են իրականացրել։ Հիմա, որ որոշումները նայում ենք՝ բնակարանում ներքին դիտում, մեքենայում ներքին դիտում, գրասենյակում․․․

Երեք ամիս շարունակ ինտենսիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու գործողություններ են իրականացրել։ Այդ ամբողջ ընթացքում չկա գեթ մի տվյալ, որ Մարտուն Գրիգորյանը որևէ կերպ փորձել է նախաքննության կամ ապացույցների ձեռքբերման գործընթացի վրա որևէ ազդեցություն ունենալ։ Քսանչորսժամյա ռեժիմով հետևել են, լսել են, խուզարկել են, ամեն ինչ արել են, բայց որևէ նման տվյալ ձեռք չի բերվել։

Եվ երեք ամիս հետո՝ հունիս, հուլիս, օգոստոս, գալիս, ձերբակալում են, ու կալանքի հիմքում դնում են, որ կարող է ազդեցություն ունենալ։ 3 ամիս առաջ գիտի բոլոր վկաներին, այդ գործող անձանցից ոչ մեկի վրա չի ազդել, ու 3 ամիս հետո պետք է ասեն, թե կարող է ազդեցություն ունենա՞լ։ Կալանքի հիմքը դա՞ է։ Եվ այստեղ մի հետաքրքիր հարց է առաջ գալիս՝ իսկ ինչո՞ւ սպասեցին մինչև օգոստոս։

Շատ ակնհայտ է պատճառը։ Նախ՝ Գյումրու ընտրությունների հետ կապված, ենթադրում եմ, որ որոշակիորեն տեսնում են՝ ինչ պիտի անեն, և մոտավորապես պատկերացնում են, թե մոտ ապագայում, հավանաբար, կլինեն Գյումրու արտահերթ ընտրություններ։ Եվ երկրորդ՝ խուսափում էին գալ Ազգային ժողով, որտեղ Մարտուն Գրիգորյանն ուներ պատգամավորի կարգավիճակ, և եթե մինչև օգոստոսի 2-ը նրա նկատմամբ հետապնդում հարուցվեր, գլխավոր դատախազը պիտի գար Ազգային ժողով»,-ասաց Արսեն Բաբայանը:

Վերջինս նշեց՝ Մարտուն Գրիգորյանին կալանավորեցին Գյումրու առաջիկա սպասվող արտահերթ ընտրություններում գործոն չդառնալու համար:

«Ողջամիտ հիմնավոր կասկած ունեմ, որ, այո՛, հենց դրա համար արեցին, որովհետև այլ տարբերակ չկա։ Ինչո՞ւ մինչև հիմա չէիք ձերբակալում կամ կալանավորում։ Ընդ որում, ներողություն, պրակտիկայում ընդունված նույնիսկ սահմանահատման հսկողություն չկար Մարտուն Գրիգորյանի նկատմամբ»,-ասաց Արսեն Բաբայանը:

Ինչ վերաբերում է «Հայրենիք» կուսակցության՝ ենթադրյալ ընտրակաշառքի գործով կալանավորված, այժմ տնային կալանքի ռեժիմում գտնվող Խաչիկ Գալստյանի գործով ընթացող դատաքննությանը, Արսեն Բաբայանն ասաց՝ սկսել ենք դատաքննությունը, վկաների հարցաքննությունը, ընդ որում՝ այդ վկաների 90-95%-ը մեղադրյալներ են եղել հենց նույն վարույթով։

«Ինչո՞ւ եմ սա հատկապես շեշտում որովհետև նրանք դատաքննության ընթացքում ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունք ունեն, բայց այդ դեպքում հրապարակվում են նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները, այն ցուցմունքները, որոնց հիման վրա Խաչիկ Գալստյանը կալանավորվել է։

Եվ մի հետաքրքրական բացահայտում տեղի ունեցավ, թեև մենք արդեն գիտեինք դրա մասին: Մենք պահանջեցինք, որ անպայման հրապարակվի բուն ցուցմունքը, այսինքն՝ քննիչի մոտ արված տեսաձայնագրությունը, որն արդեն դատարանում է։ Որպեսզի նաև մեզ դիտողների համար պարզ լինի՝ հարցաքննությունները տեղի են ունենում տեսախցիկով, որի վերաբերյալ թղթի վրա համառոտագրում՝ արձանագրություն է կազմվում։ Ողջամիտ ենթադրությունն այն է, որ համառոտագրումն ու տեսագրությունը պետք է իրար համապատասխանեն։

Այդ համառոտագրման արձանագրությունների հիման վրա կալանավորեցին Խաչիկ Գալստյանին՝ նախաքննության ընթացքում պնդելով, թե այսինչ մարդիկ մեղքն ընդունել են և ցուցմունք տվել, որ, այո՛, իրենք 50 000 դրամի դիմաց ընտրել են «Հայրենիք» կուսակցության թեկնածուին։ Եվ հիմա, երբ հրապարակում ենք այդ հարցաքննությունների տեսագրությունները, որոնք, ինչպես ասեցի, համառոտագրված էին, պարզվում է՝ բացարձակապես այդպիսի բան չկա։ Հակառակը՝ քննիչն անդադար փորձում է հասնել նրան, որ ասեն՝ 50 000 դրամը տվել են, որպեսզի գնան ընտրելու։ Նրանք էլ պատասխանում են «Ո՛չ, ես դրա համար 50 000 դրամ ո՛չ պայմանավորվել եմ, ո՛չ էլ ստացել։ Մենք կատարել ենք կուսակցական աշխատանք, ես այս կուսակցության անդամ եմ, մասնավորապես՝ Հանրապետական կուսակցության, և քանի որ այն ժամանակ Հանրապետականը և «Հայրենիքը» համատեղ էին իրականացնում ընտրությունների գործընթացը, մենք կատարում ենք մեր աշխատանքը, ինչպես տարիներ շարունակ, և դրա դիմաց, այո՛, որոշակի փոխհատուցում պետք է լիներ»։

Քննիչն անդադար փորձում է՝ շեղելով ու ստիպելով, հասցնել նրան, որ ամեն դեպքում այդ կանայք ընդունեն, թե 50 000 դրամի դիմաց են ընտրել։ Սակայն այդ կանայք չեն ընդունում և մինչև վերջ պնդում են, որ նման բան չկա։ Բայց համառոտագրման մեջ գրել են, թե իբր նրանք ասել են, որ գումարի դիմաց են գնացել»,- իրավիճակի աբսուրդը ներկայացրեց Արսեն Բաբայանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31