Ո՞ր խալերն են վտանգավոր, ի՞նչ անել, եթե վնասվել կամ ձևափոխվել են
Խալերը կարող են տարիներով անվնաս մնալ, սակայն երբեմն փոքր փոփոխությունը կարող է կարևոր նշանակություն ունենալ։ Ո՞ր խալերին է պետք ուշադրություն դարձնել, ի՞նչ դեր ունեն ուլտրամանուշակագույն ճառագայթները։ Այս և այլ հարցերի մասին զրուցել ենք մաշկաբան Էդգար Ադիլխանյանի հետ։

– Խալերը լինում են ի ծնե, ինչպես նաև առաջանում են ժամանակի ընթացքում։ Որո՞նք են խալերի առաջացման պատճառները։
– Խալերն իրենցից ներկայացնում են մելանոցիտների պիգմենտի կուտակման հետևանքով առաջացած գոյացություններ։ Լինում են ի ծնե, ինչպես նաև առաջանում են տարիքի հետ։ Կարող են լինել պիգմենտային, կապույտ և անգույն։
– Մեկ խալը մի քանի գույն կարո՞ղ է պարունակել։
– Իհարկե։ Դրա համար ատիպիկ խալեր կան, որոնք միշտ պետք է հետազոտել և հսկողության տակ պահել։
– Ո՞ր խալերին պետք է ուշադրություն դարձնել։
– Ցանկացած խալի դեպքում պետք է կատարել դերմատոսկոպիկ քննություն։ Ցավոտ չէ։ Հատուկ խոշորացույց է, որի միջոցով հստակ երևում է խալի բնույթը։ Երբ խալը ձևափոխված է, մի քանի գույն է պարունակում, այդ խալի նկատմամբ զգոն պետք է լինել։ Եթե խալն արդեն սկսում է ձևափոխվել, կարող ենք կասկածել, որ մելանոմա է։ Պետք է հետևել գույնին, չափին, եթե 6մմ-ից ավելի է՝ դիմել մաշկաբանի կամ ուռուցքաբանի։ Եթե կա մելանոմայի կասկած՝ անհապաղ պետք է այն հեռացնել։ 95 տոկոս դեպքերում եթե մելանոման հայտնաբերվում է վաղ փուլերում և հեռացվում է, բուժառուի կյանքը կարող է փրկվել։
Խալերը կարող են ձևափոխվել նաև վնասվելու հետևանքով, կարող են նաև մեծանալ, բայց ոչ բոլոր խալերն են չարորականում։
– Կա տեսակետ, որ եթե մարմնին 50-ից ավելի խալ կա, ապա առկա է մելանոմայի կամ կրծքագեղձի քաղցկեղի վտանգ, այդպե՞ս է։
– Դրա համար պետք է պարբերաբար ստուգվել։ Հասունացման, ինչպես նաև արևայրուքի դեպքում կարող են խալերը շատանալ։ Դրա համար պետք է արևապաշտպաններ օգտագործել, ժամը 11։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Ինչ վերաբերում է խալերի թվին, հստակ չէ, որ եթե լինի 50 խալ՝ կարող է չարորակ լինել։ Բուժառու եմ ունեցել, ում մոտ 100-ից ավելի է եղել, բայց մելանոմա չենք հայտնաբերել։ Սակայն բուժառու եմ ունեցել, ով 1 խալ է ունեցել և հետազոտման արդյունքում մելանոմա է հայտնաբերվել։
– Ուլտրամանուշակագույն ճառագայթները խալերին վնասո՞ւմ են, թե՞ խալեր են առաջացնում։
– Կարող են և՛ խալեր առաջանալ, և՛ ձևափոխվել։ Դրա համար պետք է անպայման արևապաշտպան քսուք օգտագործել, արևայրուք քիչ ընդունել, սոլյարի՝ նույնպես, որպեսզի խալը չձևափոխվի։ Մի ժամանակ սոլյարի ամենուր կար, և մարդկանց մոտ հաճախակի էին հայտնաբերվում չարորակ ուռուցքներ, հիմա, Փառք Աստծո, սկսել են չգնալ։ Նշեմ, որ արևապաշտպան քսուքը պետք է թարմացնել 2 ժամը մեկ։
– Հիմա տարածված է դիոդային, լազերային մազահեռացումը, մարմնին առկա խալերը մատիտով երբեմն ծածկում են, սա պաշտպանո՞ւմ է խալը, թե՞ ամեն դեպքում ճառագայթում է։
– Հստակ ապացուցողական ոչինչ չկա։ Բայց շատ են գալիս, երբ պրոցեդուրայից հետո խալը վառվել է։ Երբ կասկածելի բան է լինում՝ խալը հեռացնում ենք։ Եթե լավ չեն քողարկում ու բարձր հաճախականությամբ են աշխատում, այո, կարող են այրել խալը։

– Այդ նույն սրահներում հաճախ առաջարկում են խալը հեռացնել։ Որքանո՞վ է ճիշտ։
– Դեմ եմ կոսմետոլոգիական կենտրոններում կատարվող պրոցեդուրաներին։ Անզեն աչքով նայում են ու փորձում են հեռացնել։ Վերջերս մեկը եկավ, թե՝ վարսավիրանոցում առաջարկեցին հեռացնել պապիլոման։ Դերմատոսկոպիկ քննություն կատարելով՝ կասկած եղավ, որ կարող է լինել տափակ բջջային կարցինոմա։ Հյուսվածքաբանական հետազոտությունը հաստատեց կասկածս։ Եթե հեռացնեին՝ բացասաբար էր ազդելու մարդու վրա։ Անպայման դերմատոսկոպիկ քննությունից հետո պետք է հեռացվի խալը։
– Եթե խալի վրա մազ կա, պետք չէ՞ պոկել և արդյոք ճի՞շտ է, որ այն չի չարորականա։
– Կա այդպիսի բան, բայց հստակ չէ։ Իսկ մազը պոկելիս տրավմայի են ենթարկում խալին և դա կարող է բերել հետագա բորբոքման։
– Երբ պատահաբար վնասվել է խալը, ի՞նչ անել։
– Ոչ բոլոր խալերն են, որ վնասվելիս կարող են հանգեցնել չարորակացման։ Վնասվելիս կարող են հակասեպտիկներով մշակել, բայց հետո դիմել բժշկի։ Շատ է լինում, որ պարանոցի շրջանում մազը փաթաթվում է խալին, պոկվում է, չեն դիմում բժշկի, սկսվում է նեխման պրոցես։
– Մարդն ինքնուրույն չի՞ կարող հասկանալ՝ խալը վտանգավո՞ր է, թե՞ ոչ։
– Վերջերս մի կին ամուսնու բազկի շրջանում գոյացություն էր տեսել, զանգել էր, թե ամուսինը չի գալիս, որ ստուգեն, նկար ուղարկեց՝ հորդորեցի անպայման գալ։ Մեկ ամիս համոզելուց հետո եկավ, ստուգեցինք և մելանոմա էր։ Ոչ մի մետաստազ չկար՝ հեռացրեցինք, ասացի՝ կնոջդ այնքան պետք է սիրես, որ համոզեց, կյանքդ փրկեց։ Նշեմ, որ աշխարհում տարեկան 330.000 մարդու մոտ հայտնաբերվում է մելանոմա, որոնցից 60.000-ն ավարտվում է մահով։
– Խոսենք բուժման եղանակների մասին, լինում են վիրահատական, լազերային՝ ո՞րը ո՞ր դեպքում է կատարվում։
– Խալը հետազոտելուց հետո բժիշկն է որոշում հեռացման տարբերակները։ Բայց պիգմենտային խալերը սովորաբար լազերով հեռացնել չի կարելի, որորվհետև կարող է իր մեջ ատիպիկ բջիջներ պարունակել, որը դերմատոսկոպիկ պատկերով այդքան էլ տեսանելի չլինի։ Դրա համար պետք է նաև կատարել հյուսվածքաբանական քննություն։ Իսկ եթե չարորակ ուռուցք է կասկածվում, պետք է վիրահատել։

– Խալերը հեռացնելիս սպիներ մնո՞ւմ են։
– Այո, կարող են սպիներ մնալ, որը ևս շտկվում է լազերային միջամտությամբ։

