Դեմքի «պզուկնե՞ր», թե՞ ակնե․ ե՞րբ դիմել մաշկաբանի և ինչի՞ց խուսափել
Ակնեն մաշկային խնդիր է, որն առաջանում է, երբ մազապարկը խցանվում է ճարպով: Ակնեն առավել տարածված է դեռահասների շրջանում։ Պատճառների, բարդությունների և բուժման եղանակների մասին զրուցել ենք մաշկաբան Կարեն Վարդանյանի հետ։

– Ի՞նչ է ակնեն, ինչի՞ հետևանքով է առաջանում։
– Ակնեի պատճառները շատ են, բայց եթե փորձում ենք բնորոշել հիվանդությունը, ապա օգտագործում ենք մի քանի տերմին․ լինում է քրոնիկական, բորբոքային, բազմապատճառ ու բազմագործոն։ Տարանջատում ենք երեք մեծ հիմնական պատճառ․ ճարպագեղձերի գերաշխատանքը, որն ունի նպաստող գործոններ, արտատար ծորանների խցանումը և հետագա բորբոքման ձևավորումը։
– Ճարպերը կուտակվում են մազարմատներում, հանգեցնում բորբոքման։ Ի՞նչ անել, որպեսզի չկուտակվեն։
– Մի քիչ բարդ հարց է, որովհետև պետք է գանք այն կետից, որ մեր օրգանիզմի ճարպարտադրությունն օրգանիզմի բնականոն գործառույթն է։ Ճարպագեղձերը մեզ մոտ սկսում են աշխատել սեռական հասունացման տարիքից մինչև խոր ծերություն և ունեն որոշակի նշանակություն։ Արտադրված ճարպը դուրս է գալիս մաշկի մակերես, օծում մազերը, մաշկը և մեզ պաշտպանում է տարբեր վնասակար արտաքին կամ ներքին գործոններից։ Հետևաբար՝ ճարպարտադրությունն անջատել մենք չենք կարող, պարզապես ակնեի բուժման տակտիկայի մեջ, այդ թվում՝ արտատար ծորանների խցանման դեմ պայքարը համարվում է բուժման լավագույն տակտիկաներից մեկը։
– Ակնեն բնորոշ է յուղոտ մաշկ ունեցող մարդկա՞նց։
– Չկա ակնե՝ առանց գերյուղայնության։
– Կա տեսակետ, որ Հայաստանի բնակիչներն ունեն յուղոտ մաշկ։ Այդպե՞ս է։
– Կարծում եմ, կարող ենք այդպես ասել, որովհետև պայմանավորված է թե՛ մեր ազգային, գենետիկ, թե՛ մեր բնակլիմայական, սննդային առանձնահատկությունով։ Իհարկե, ոչ չինացիների աստիճան, բայց մենք հանդիսանում ենք գերճարպոտ մաշկ ունեցող անձինք, որոնց բնորոշ է ակնեն։
Գերճարպակալմանը նպաստող սննդային գործոններից է կաթը, քաղցրի չարաշահումը և պաղպաղակը, սպիտակ հացը, ֆասթ ֆուդը, խաղողը, բանանը։
– Ակնեն ո՞ր տարիքի մարդկանց մոտ է հանդիպում։
– Առավելապես բնորոշ է դեռահասության շրջանին։ Անկախ տարիքային խմբից, ծանրության աստիճանից այն ենթակա է դեղորայքային բուժման։
– Սպիներն ինչի՞ հետևանքով են մնում։
– Կան էլեմենտներ, որոնք կոչվում են խոշոր հանգուցային կամ կոնգլոբատ ակնե, որոնց լավացման մեջ մաշկի ավելի խորը շերտերի ախտահարումը հետագայում կարող է հանգեցնել սպիագոյացման։ Ընդ որում, սպիները կարող են լինել տարբեր տեսակի. մաշկին գրեթե հավասար, ատրոֆիկ՝ փոսիկները, որոնք բոլորս տեսնում ենք, և, իհարկե, մաշկից բարձր սպիներ՝ առավելապես այն տեղամասերում, որտեղ ենթամաշկային ճարպաբջջանքի շերտը մի փոքր բարակ է, օրինակ՝ թիակների, կրծքավանդակի հատվածում, և այս դեպքում հաճախ ունենում ենք ոչ թե ակնե, այլ ակնեի բարդություն՝ կելոիդ սպիների ձևով։ Վիճակը հնարավոր է մեղմել, դարձնել քիչ տեսանելի, բայց վերջնական մոտեցում չկա։ Իհարկե, այսօր կոսմետոլոգիական միջամտությունները, որոնց մեջ ներառվում են նաև գործիքային միջամտությունները, հնարավորություն տալիս են հնարավորինս հարթեցնել մաշկը։
– Ի՞նչ պետք է հաշվի առնել՝ նախքան կոսմետոլոգի դիմելը։
– Սրտային խնդրի դեպքում չենք գնում, չէ՞, կոսմետոլոգի մոտ, նույն ձևով էլ՝ մաշկային խնդրի դեպքում պետք չէ դիմել կոսմետոլոգի, ով միայն կոսմետոլոգիական միջամտություններ է անում։ Մաշկաբանական խնդիրներով բուժառուներին պետք է բացառապես մաշկաբանները բուժեն։ Ակնեն միայն դեղամիջոցներով է բուժվում։ Իսկ կոսմետոլոգիական միջոցները կարող են ներգրավվել բուժման մեջ, բայց դրանք չեն հանդիսանում դեղորայքային բուժման այլընտրանք։
– Երբեմն ակնեն շփոթում են «պզուկներ»-ի հետ․ինչպե՞ս տարբերել։
– Իրականում «պզուկները» նույն ակնեի թարախաբշտիկային էլեմենտներն են։ Որպեսզի հասկանան՝ ակնե՞ է, թե՞ ոչ, անհրաժեշտ է մասնագետի խորհրդատվություն։ Ունենք հիվանդությունների մեծ խումբ, որը կոչվում է ակնեանման դերմատոզ և կարող է սկզբունքորեն ակնեի հետ ոչ մի կապ չունենալ և պահանջել այլ մոտեցում։

Ակնեն տեղակայվում, ձևավորվում է այն մասերում, որը հարուստ է մազաճարպային ապարատով․ դա գլխի մազածածկ շրջանն է, դեմքը, պարանոցը։ Անգլերեն փոքրատառ v տառի պես կարող ենք դիտարկել կրծքավանդակը, և մեծատառ V տառի պես ուսագոտին, թիկունքը։ Բայց, իրականում, ակնեի էլեմենտներ կարող են լինել այս տեղակայումից դուրս։
– Կա՞ն հիվանդություններ, որոնց հետևանքով զարգանում է ակնե։
– Ակնեն համարվում է մաշկաբանական ինքնուրույն հիվանդություն, բայց այո, կան հիվանդություններ, որոնք կարող են նպաստել ակնեի ի հայտ գալուն, զարգացմանը, ավելի ծանր ընթացքին։ Օրինակ, կանանց և աղջիկների մոտ հորմոնալ որոշակի ախտաբանական շեղումները, երբ դիսբալանս է գնում արական և իգական հորմոնների միջև։ Արական հորմոնների գերքանակությունն իգական սեռի անձանց մոտ կարող է բերել ակնեի։ Կան դեղորայքներ, որոնք օգտագործում են այս կամ այն խնդրի կապակցությամբ և կարող են սրել կամ վատացնել ակնեի ընթացքը։ Հաճախ բուժառուները դիմում են գաստրոէնտերոլոգին՝ ակնկալելով, որ կառողջացնեն մարսողական համակարգը, որպեսզի ակնեն անցնի։ Իրականում ակնե ունեցողներին ուղղորդում ենք գաստրոէնտերոլոգի մոտ, եթե ակնեի հետ միասին կան մարսողական գանգատներ։
– Լինում է նաև ստերոիդային ակնե։
– Այո, հաճախ այն զարգանում է մարզիկների մոտ, ովքեր օգտագործում են տարբեր ստերոիդներ։
– Նորածինների մոտ ևս հանդիպում է ակնե։
– Այո, նորածնային ակնեն առանձին միավոր է և հանդիպում է նորածնային կամ վաղ մանկական տարիքում։ Մենք ունենք տրանզիտոր խնդիրներ, որոնց բնորոշ է ինքնալավացումը, և նորածնային ակնեի ժամանակ շատ ակտիվ միջամտություն խորհուրդ չի տրվում։ Սովորաբար ինքնաբերաբար հետ է զարգանում, իհարկե, տեսքը շատ մտահոգող է, մայրիկները երբեմն վախենում են, բայց դեպքերի ճնշող մեծամասնությունն ինքնուրույն հետ է զարգանում։ Հազվադեպ, երբ միանում է ինֆեկցիան, կարիք է լինում բժշկի կողմից դեղորայքի նշանակման։
–Ի՞նչ հետազոտություններ են կատարվում՝ նախքան ակնեի վերջնական հաստատումը։
– Իրականում ակնեն կլինիկական դիագնոզ է, այսինքն, մենք տեսնում ենք բազմաէլեմենտ ցանավորում, կոմոդեոնալ էլեմենտներ, թարախաբշտիկներ, տիպիկ տեղակայում։ Ակնեի լաբորատոր կամ գործիքային դիագնոստիկ մեթոդ չկա։ Այլ հարց է, որ բուժման տակտիկայի մեջ երբեմն ցուցում ենք լաբորատոր կամ գործիքային հետազոտություններ՝ բացառելու հորմոնալ խնդիրները, ձվարանների պոլիկիստոզի համախտանիշը։
Ցուցում ենք որոշ լաբորատոր հետազոտություններ՝ օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակը գնահատելու համար, որովհետև ունենք դեղամիջոցներ, որ օգտագործում ենք երկար ժամանակ։
Նշեմ, որ վահանաձև գեղձի խնդրի բուժման նպատակով կիրառվող դեղամիջոցները կարող են նպաստել ակնեի ընթացքին։
– Ակնե ունեցողներն օճառով կարո՞ղ են մաքրել դեմքը։
– Կան հետազոտություններ, որոնք փաստում են, որ ակնե ունեցող մի շարք անձանց թվում է, որ բավականաչափ աշխատում են իրենց դեմքի հետ։ Հին ժամանակներում մոտեցում կար, որ պետք է շատ լվանալ դեմքը, որ ակնեն լավանա։ Երբեմն օգտագործում են ագրեսիվ օճառ պարունակող միջոցներ։
Նախկինում ասում էին, որ եթե ունի անձն ակնե, ուրեմն չպետք է շպարվի. հիմա հետազոտություններն ի՞նչ են փաստում. չափավոր, գրագետ, ոչ կոմեդոգեն քողարկող միջոցների գրագետ օգտագործումը դրական է ազդում մարդու հոգեբանական վիճակի, ակնեի բուժման ընթացքի վրա։ Չափից շատ դիմահարդարումը, երբ շերտն այնքան հաստ է, որ ճաքեր ես տեսնում, դա չի կարող օգուտ տալ։ Եթե խոսենք ակնեի պատճառներից՝ ծորանները խցանելու մասին, ոչ ճիշտ, ոչ գրագետ ընտրված քողարկող միջոցները դրա թիվ մեկ պատճառներն են։ Դրա համար ակնե կամ ակնեին հակված մաշկ ունեցողներին խորհուրդ ենք տալիս ընտրել քողարկող միջոցներ, որոնք կլինեն ոչ կոմեդոգեն։

– Ինչպե՞ս է բուժվում ակնեն։
– Ակնեի բուժման տակտիկան ուղիղ կապ ունի ծանրության աստիճանի հետ։ Եթե թեթև ակնեն բուժենք ծանր դեղամիջոցներով՝ այո, իհարկե կլավացնենք, բայց ի՞նչ գնով։ Իսկ եթե ծանր ակնե է, ու տեղային բուժումներով թեկուզև տարիներով աշխատենք՝ արդյունավետություն չենք ունենալու։ Ակնեի բուժումը չի ավարտվում դեղորայք ստանալով, որովհետև նպաստող գործոնները միշտ չէ, որ մեզանից կախված են։ Ակնեն կրկնվելու հակում ունի, բայց գրագետ բուժումից հետո ակնեի հակված մաշկը պահանջում է որոշակի խնամքի միջոցների մշտական օգտագործում։



