Ասում է՝ «սկսե՛ք հեղափոխություն, ես էլ ձեր գլխին Մարտի 1 կբերեմ». Արծվաշենը մեզ պետք չէ, նվիրե՛ք, բայց հենց Տիգրանաշենը տվեցիք՝ Սյունիքը կդատարկվի. Խոսրով Հարությունյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ (1992-93թթ.), ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին նախագահ Խոսրով Հարությունյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Ո՞րն էր ընդդիմության քաղաքական պայքարի իմաստն ու բովանդակությունը: Արդյո՞ք իշխանության գալն էր իմաստը: Իշխանության գործողությունների ու անգործության արդյունքում մեր պետականությունը հայտնվել է կործանարար իրականության առաջ, և թվում էր, թե ընդդիմության անելիքը պետք է լիներ այդ գահավիժող ընթացքը բեկելը: Դրա միջոցն իշխանության գալն էր, որը տվյալ իրավիճակում ինքնանպատակ չէր կարող լինել: Պետք էր դրսի հանրությանը համոզել, որ մենք ոչ թե ռևանշիստներ ենք, այլ քաղաքական ուժեր, որն ունակ է սեղանին դնել այնպիսի առաջարկներ, որը տարածաշրջանը երկար ժամանակով կայուն զարգացման կտաներ: Ցավոք, դա տեղի չունեցավ: Այս ընտրապայքարում կարծես պրիզը վարչապետի պաշտոնն էր: Իմ նշած նպատակը, ցավոք, առանցքային չդարձավ:
- ԱԺ ընտրությունների նախաշեմին բոլոր հայտնի առաջատար ընդդիմադիր ուժերին ես գրավոր առաջարկներ էի ներկայացրել, որում առաջնահերթ քայլերի ցանկ էի ներկայացրել՝ երկրի անվտանգ զարգացման համար: Հնարավոր չէ տնտեսական քաղաքականությունը կյանքի կոչել, եթե դու անվտանգ չես: Ցավոք, ընդդիմությանը չհաջողվեց մարդկանց հասկացնել, որ կարևորն անվտանգությունն է: Տպավորություն ստեղծվեց՝ կռիվն իշխանության համար էր, պրիզը՝ վարչապետի պաշտոնի համար: Ոչ ոք չասաց՝ վարչապետ դարձաք, լավ, բայց ո՞վ է արտգործնախարարդ, ՊՆ նախարարդ, ֆիննախդ, թիմդ ո՞վ է: Ցավոք, նման քաղաքական հայտ մենք չտեսանք: Սա ընդդիմության կողմից ամենամեծ բացթողումն էր. մարդիկ չտեսան առարկայական, բովանդակային մրցապայքար, որը վեր կլիներ համբալ, կզցնեմ, բոմժ և նման այլ խոսույթից…
- Ակնհայտ է, որ մենք ականատես ենք պետականության կազմաքանդման գործընթացին: Որևէ պետական ինստիտուտ օրենքով իրեն վերապահված իրավունքների շրջանակում չի գործում, բոլորը գործում են մեկ կետից հրահանգով: Ինչո՞ւ մեզ չհաջողվեց կյանքի կոչել իշխանությունների տարանջատման ու հակակշռման սկզբունքը: Քանի որ օրենսդիրում մեծամասնությունն ու գործադիրը նույն են, նրանց միջև հակասություններ չկան:

- Նոնսենս է. քաղաքական մեծամասնությունն օրենք է փոխում, որ եթե Ազգային ժողովի նախագահի ընդդիմադիր տեղակալի թեկնածուն չի ընտրվում, տեղը մնում է թափուր:
- Կարծում էի, որ քաղաքական ընդդիմությունը համատեղ հայտարարություն պետք է աներ ընտրությունները կեղծված լինելու մասին, ասելով՝ մենք վերցնում ենք մանդատները, բայց առաջարկում ենք ձևավորել քաղաքական մեծամասնության ու ընդդիմության միջև զսպումների ու հակակշիռների համակարգ: Օրինակ՝ որոշվեր, որ ֆինանսաբյուջետային կարևորագույն հանձնաժողովի նախագահի տեղակալն ընդդիմության ներկայացուցիչ պետք է լինի, որով հնարավոր կլիներ վերահսկողություն սահմանել կառավարության գործունեության նկատմամբ: Կամ՝ Հաշվեքննիչ պալատի ղեկավարը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ: Կամ ինչո՞ւ պետք է Մարդու իրավունքների պաշտպանի կարևորագույն ինստիտուտը լինի քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը:
- Երբեք քաղաքական փոքրամասնությունը որոշումներ չի կարող կայացնել, բայց քաղաքական փոքրամասնությունը կարող է ունենալ լծակներ, որը կստիպի, որպեսզի քաղաքական մեծամասնությունը հաշվի նստի իր կարծիքի հետ: Պետք է առաջարկ արվեր մեծամասնությանը զսպումների ու հակակշիռների համակարգ ստեղծելու համար, որն, իհարկե, կմերժվեր: Դրանից հետո պետք է ասեին՝ վերցրե՛ք ձեր 64 մանդատները, գնացե՛ք, նստե՛ք ու դարձե՛ք կաղ բադ:
- Լավ, ընդդիմություն, եկաք իշխանության, պետք է ասեք՝ ի՞նչ քայլեր եք անելու: Դուք ինձ՝ որպես ընտրողի, այդ մասին ոչինչ դեռ չեք ասել: Մենք կարող էինք մրից դուրս գալ, մրջուրն ընկնել, ու այն 800.000-ից ավելի մարդիկ, ովքեր տներից դուրս եկան, ակնհայտորեն իշխանական չէին, բայց նրանք չտեսան այն ընդդիմադիր առաջարկները, որը Հայաստանը կտաներ կայուն ու անվտանգ զարգացման ճանապարհով:

- Ինչո՞ւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ մեջտեղ եկավ ապաշրջափակման 9-րդ կետը, ո՞րն էր դրա նպատակը, և ինչո՞ւ այն արձանագրվեց հայտարարության մեջ։ Ընդ որում, ասում են, որ Ալիևը բավականին դեմ է եղել, նույնիսկ թուրքական մամուլի հրապարակումների համաձայն՝ Էրդողանն է նրան համոզել։
Ինչի՞ մասին էր եռակողմ հայտարարությունը․ այն հրադադարի մասին էր։ Ղարաբաղյան պատերազմական պրոցեսից հետո երկու թշնամի պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին էր, և այդ հրադադարը պետք է լիներ անշրջելի ու կայուն, եթե բոլոր կետերը կատարվեին։ Այդ հրադադարի կոնտեքստում շատ էական էր դառնում նաև ապաշրջափակումը։ Ինչո՞ւ․ որովհետև խոսքը երկու թշնամի պետությունների միջև տնտեսական ենթակառուցվածքների այնպիսի կոնֆիգուրացիա ձևավորելու մասին էր, որը ոչ միայն կնպաստեր Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական, տնտեսական, փոխադարձ ու երկուստեք շահավետ համագործակցությանը, այլ ամենակարևորը՝ կողմերից որևէ մեկին զերծ կպահեր ճնշում գործադրելու միջոցով սեփական կամ միակողմանի օգուտներ կորզելու գայթակղությունից։ Ապաշրջափակման ամբողջ կոնցեպտը հենց դա էր։
Այսինքն, եթե հիմա, ինչպես այսօրվա գործող իշխանությունն է ասում, տեսնում եք Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին միացնելը Սյունիքով, դա այլ ինչ է, եթե ոչ՝ սեփական բյուջեից 200-250 միլիոն դոլար ներդնել և կառուցել ժամանակակից լոգիստիկ պահանջներին բավարարող երկաթգիծ ու ճանապարհ, որպեսզի Ադրբեջանը հարմարավետ միանա Թուրքիային։ Սա՞ է մեր խնդիրը, մենք մտահոգված ենք Ադրբեջանի ու Թուրքիայի դարդ ու ցավո՞վ։ Դե, իհա՛րկե ոչ, և չէր էլ կարող դա լինել։
Դրա համար ես դեռևս 2021 թվականին, հետագայում՝ նաև 2023-ին հոդված գրեցի, որ դեռևս շանսեր կան։ Ո՞րն է ապաշրջափակման միակ տարբերակը, որը կբավարարեր իմ ներկայացրած կոնցեպտին, այսինքն՝ ոչ միայն կնպաստեր երկու պետությունների միջև տնտեսական փոխշահավետ համագործակցությանը, այլև կհանգեցներ այնպիսի կոնֆիգուրացիայի, որ որևէ կողմ զերծ մնար ուժ կիրառելով միակողմանի օգուտներ կորզելու քաղաքականությունից։
Դա Բաքու-Ղազախ-Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Գյումրի-Ղարս ուղին է, որն, ընդ որում, ամենակարճն է։
Բաքու-Թբիլիսի-Ղարս երթուղին 826 կմ է։
Բաքու-Մեղրի-Շարուր-Իգդիր-Ղարս երթուղին 890 կմ է։
Իսկ Բաքու-Ղազախ-Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Գյումրի-Ղարս երթուղին 600 կմ է։
Տարբերությունը մոտ 250 կմ է, ինչը քիչ բան չէ, բայց ամենակարևորն այն էր, որ այս կոնֆիգուրացիայով, օրինակ, հայկական բեռները Բաքվից մինչև Ղազախ հասնելու համար պետք է անցնեին մոտ 400 կմ (361 կմ), և Իջևանից մինչև Ղարս նույնպես մոտ 400 կմ էր։ Այսինքն՝ բալանսն այնպիսին է, որ եթե դու փորձես իմ վրա ճնշում գործադրել ու սակագին բարձրացնել, ե՛ս էլ իմ հերթին՝ ադեկվատ սակագին կբարձրացնեմ։
Իսկ այսօր, պատկերացրեք, հայ գործարարն իր ապրանքն ուզում է ուղարկել Ռուսաստան և օգտագործում է հարավային ճանապարհը․ Երասխից մտնում է Նախիջևան (Ադրբեջան), հետո Սյունիքով գնում է մինչև Ռուսաստանի սահման։ Երասխից մինչև Ռուսաստան 850 կմ է, որից ընդամենը 43 կմ-ն է անցնում Հայաստանով, մնացած ամբողջն անցնում է Ադրբեջանով։ Հիմա հարց եմ տալիս․ եթե Ալիևն ասի՝ «ես իմ տարածքով 1 տոննա/կիլոմետր բեռնափոխադրման սակագինը բարձրացնում եմ ընդամենը 1 ցենտով», մենք ի՞նչ պետք է անենք։ Մեր գործարարը 800 կիլոմետրի վրա պետք է ավել վճարի, իսկ մենք ինչպե՞ս պետք է հակազդենք․ այն 43 կիլոմետրի վրա չենք կարող, չէ՞, տոննա/կիլոմետրը դնել 25-30 դոլար։
Հասկանո՞ւմ եք, այ սա է խնդիրը, որ շահերի հակակշռում և ռիսկերի հավասարակշռում գոյություն չունի։ Մինչդեռ իմ առաջարկած մոդելը (Բաքու- Ղազախ-Իջևան և այլն) ապահովում է ռիսկերի հավասարակշռվածություն և կնպաստեր վստահության մթնոլորտի ձևավորմանը, ինչը շատ էական է անշրջելի խաղաղություն հաստատելու համար։
Ադրբեջանցի պաշտոնյաները ստո՛ւմ են՝ ասելով, թե «Զանգեզուրի միջանցքով» Ադրբեջանից դեպի Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունն ու ծախսերը կրճատվելու են։ Ես ձեզ թվեր բերեցի՝ Բաքվից մինչև Ղարս… Հետևաբար, Թուրքիայի և Ադրբեջանի նպատակը տնտեսական չէ, այլ ռազմաքաղաքական է։
Ես ձեզ թուրք վերլուծաբանի հոդվածից տվյալներ բերեմ, որոնք անցյալ տարի տպագրվել են Forbes-ում։ Ի՞նչ են շահում կողմերը, եթե աշխատում է Սյունիքի միջանցքը․ Թուրքիան հնարավորություն է ստանում իր արտահանման ծավալներն ավելացնել 320%-ով՝ 160 միլիարդից հասցնելով մինչև 500 քանի միլիարդ դոլարի։ Ադրբեջանը շահում է տարեկան իր ՀՆԱ-ն մոտ 2%-ով ավելացնելու հնարավորություն։ Կենտրոնական Ասիայի երկրների արտահանման ծավալները կավելանան առնվազն 100 միլիարդով։
Հայաստանին խոստանում են՝ «Քեզ հետո 2 միլիարդ դոլար փող կտանք, որ կարողանաս ներդրումային ծրագրերդ իրականացնել…»։
Այսինքն՝ նրանք նախ միլիարդներ են շահելու, իսկ մեզ ընդամենը լավություն կանեն (այն էլ՝ հայտնի չէ, կտա՞ն, թե՞ չեն տա)։ Հիմա սրան պե՞տք է դեմ արտահայտվել, թե՞ չէ։

Քանի որ այս հարցում ներգրավված է Միացյալ Նահանգները, իսկ ԱՄՆ քաղաքական հետաքրքրություններն արհամարհելն անհնար է ու վտանգավոր, ես ի՞նչ էի առաջարկում․ ասում էի՝ մոռացե՛ք այդ TRIPP երթուղու մասին և դրա փոխարեն ներկայացրե՛ք իմ նշած առաջարկը։ Քանի որ նույն Միացյալ Նահանգները մտածում են Կենտրոնական Ասիայի էներգակիրներն Արևմուտք հասցնելու մասին, իմ նկարագրած սխեման լավագույնն էր դրա համար։ Եթե դա դնեք պարոն Թրամփի սեղանին և ասեք՝ «Դուք բիզնեսմեն մարդ եք, ո՞ր ճանապարհը կընտրեք»: Այսինքն՝ ոչ թե պարզապես մերժեք TRIPP-ը, այլ այլընտրանք առաջարկեք։
- Եթե Արևմուտքի նպատակը միայն տնտեսական չէ, այլ քաղաքական (Ռուսաստանին շրջանցել և Իրանին մեկուսացնել), ապա թող հրապարակավ ասեն այդ մասին։ Վերլուծաբանները խոսում են դրա մասին, բայց ոչ մի քաղաքական պատասխանատու պաշտոնյա դա չի հայտարարում։ Իրենք խոսում են տնտեսական արդյունավետության մասին, իսկ մենք սեղանին ենք դնում տնտեսապես ավելի արդյունավետ տարբերակը։ Եթե ասելու են, թե իրենց նպատակը տնտեսականը չէ, այլ աշխարհաքաղաքականը, ապա ինչո՞ւ ես պետք է հետևեմ իմ երկրի համար ոչ նպատակահարմար խորհուրդներին։
Տեսեք, թե ինչ ասաց Վրաստանի վարչապետ Կոբախիձեն Արևմուտքին․ նա շատ պարզ ասաց՝ «Մեզ դասեր մի՛ տվեք, մենք շատ լավ գիտենք մեր ժողովրդի շահերը։ Եթե դուք օվկիանոսից այն կողմ ինչ-որ ինստրուկցիաներով ուզում եք մեզ կառավարել, ապա հիշեք, որ մենք այստեղ ունենք Ռուսաստան, որի հետ մեր ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը կապեր ունի, և մեր տնտեսական հաջողությունը պայմանավորված է այդ երկրի հետ հարաբերություններով»։ Նա առանց կաշկանդվելու շատ հստակ դնում է խնդիրը։
Եթե արևմտյան երկրները, Մակրոնները կամ ֆոն դեր Լայենները մտահոգված են իրենց անվտանգային կամ աշխարհաքաղաքական հետաքրքրություններով, ինչո՞ւ մենք՝ հայերս, չպետք է մտահոգվենք մեր անվտանգային անհրաժեշտությամբ։ Սրա մասին է խոսքը։ Դրա համար, երբ մենք ասում ենք «ոչ» Զանգեզուրի միջանցքին, մենք ասում ենք «այո՛» տնտեսապես ամենանպատակահարմար այլընտրանքին և այն դնում ենք սեղանին։
Ընդդիմությո՛ւն, դուք պետք է հիմնավորե՛ք, թե ինչո՞ւ սա նախընտրելի չէ: Չի կարելի մերժել TRIPP-ը՝ առանց փոխարենն առաջարկ ներկայացնելու: Հակառակ դեպքում TRIPP-ը միշտ մնալու է օրակարգում:
- Տեսնո՞ւմ եք՝ ինչ կռիվ է տալիս Իրանը Հորմուզի նեղուցի համար՝ զրկանքներ կրելով: Վերջիվերջո, ներկայիս աշխարհում պատերազմները միջանցքների, լոգիստիկայի համար են:

- Նիկոլն ասում էր՝ ինչ խնդիր կա, թող ադրբեջանցիները գնան-գան: Հայաստանը проходной двор չէ, որ ով ուզի՝ գնա-գա… Ցանկացած հայ ու առաջին հերթին՝ սյունեցիները պետք է հասկանան, որ Սյունիքը մեզ համար նույնն է, ինչ Հորմուզի նեղուցը՝ իրանցիների ամար: Եթե մենք սա չենք գիտակցում, մենք տանուլ տված խաղ ենք խաղում:
- Հարց եմ տալիս՝ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների բնույթն ինչի՞ է ռազմավարական… Որովհետև մեր երկու պետությունների համար անվտանգային մարտահրավերները նույնն են՝ Թուրքիա և Ադրբեջան, որքան էլ հիմա նրանք սիլի-բիլի անեն Թուրքիայի հետ: Հարաբերություններն ինչ-որ պահի կարող են վատանալ ու լավանալ, բայց երկուսս էլ հասկանում ենք՝ մենք միմյանց պետք ենք: 30 տարվա ընթացքում, սակայն, մեր ու Ռուսաստանի միջև անկեղծ զրույց չի եղել: Դրա համար էլ Ռուսաստանը համարում է, որ իրենք մեզ ավելի շատ են պետք, քան մենք՝ իրենց, ու Հայաստանին դիտարկում են՝ որպես ֆորպոստ: Մենք կանգնած ենք հայ-ռուսական հարաբերությունները վերաիմաստավորելու անխուսափելի հրամայականի առջև:
Պետք է տղամարդավարի խոսել միմյանց հետ:
- Ես իմ ռուս գործընկերներին ասում եմ՝ ձեզ թվում է, որ ձեր ռազմավարական պարտությունը սկսվելու է Ուկրաինայից, բայց դուք չարաչար սխալվում եք. այն սկսվելու է Հայաստանից:
- Ռուսաստանը չի կորչի, իր հարցերը կլուծի, մենք ենք կորչելու:
- Մի պատճառ կա, որ թուրքերը Սյունիք չեն մտնում՝ Գյումրիի 102-րդ ռազմաբազան: Մնացած դեպքերում Թուրքիան ուր ուզել, մտել է՝ Սիրիա, Լիբիա, այլ տեղեր: Թուրքերը գիտեն, որ Սյունիք մտնելով՝ անմիջապես կհարվածեն Ռուսաստանի ռազմավարական շահերին՝ դրանից բխող հետևանքներով:
- Մենք՝ հայերս, պատրա՞ստ ենք Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերի համար գնալ զոհողությունների… Իհարկե ո՛չ, չի կարելի նման բան թույլ տալ:
- Փաշինյան-Պուտին վերջին հանդիպման ժամանակ Պուտինն ասաց՝ մենք Եվրամիությանը որպես թշնամի ենք դիտարկում: Դուք մեր բարեկամն եք, իմ շուկան ու էներգակիրները մատչելի են ձեզ համար: Դրանով ես նպաստում եմ ձեր պետության նորմալ կենսագործունեությանը, տնտեսության զարգացմանը: Դուք հիմա գնում եք, կանգնեք իմ թշնամու կողքին. Մի՛ արեք դա: Եվ նա ճիշտ է ասում: Դեռևս Մաքիավելին է ասել՝ իմ թշնամու բարեկամն իմ թշնամին է: Պուտինն ընդամենն ասում էր՝ հաշվի նստեք իմ հետաքրքրությունների ու իրողությունների հետ:

- 3-րդ համաշխարհային պատերազմը թակում է մեր դուռը. արդեն միջուկային պատերազմի հավանականության մասին են խոսում:
- Ընդդիմություն, պետք է բացատրեք՝ ինչո՞ւ եք վերցնում մանդատները, ի՞նչ խնդիր եք լուծում։ Ես առաջարկ արեցի: Ահա այն պայմանները, որոնց պարագայում մենք մանդատները կպահենք և կաշխատենք․ երբ ընդդիմությունը մտնում է խորհրդարան, համատեղ հայտարարությամբ են հանդես գալիս՝ քաղաքական փոքրամասնության և մեծամասնության միջև հակակշիռների համակարգ ձևավորելու, քաղաքական երաշխիքների ու գործիքակազմի վերաբերյալ։ Եթե քաղաքական մեծամասնությունը մերժում է սա, ապա ընդդիմությունը պետք է վայր դնի մանդատները։
Թող իշխանությունը մնա 64 հոգով։ Ինձ բոլորն ասում են՝ 64 հոգով ինչքան կուզեն՝ կաշխատեն։ Չե՛ն կարողանալու աշխատել, որովհետև իրենք խոստումներ ունեն տված իրենց արտաքին գործընկերներին, որոնք 64 հոգով չես անի։
Ընդդիմությունը մտավ խորհրդարան, հիշե՛ք խոսքերս, 7 հոգու միայն մեկ շաբաթվա մեջ առնելու են։ Ես չեմ ուզում որևէ մեկին չարախոսել։ Ո՞վ ասաց, որ այնտեղ գեղամնազարյաններ չկան։ Ես շատ կոնկրետ եմ ասում․ մանդատները պահելու և խորհրդարան մտնելու գինը մեկն է։ Խորհրդարանական քաղաքական փոքրամասնությունը մեծամասնության հետ պետք է ձևավորի հակակշիռների համակարգ։ Այդ առաջարկը պետք է ներկայացնի խորհրդարանական քաղաքական փոքրամասնությունը, որն այժմ վերցնում է մանդատները։ Եթե սա մերժվում է, մի՛ մտեք խորհրդարան, որովհետև դուք դառնալու եք «մալչիկ դլյա բիտիյա», ինչպես անցած 5 տարիների ընթացքում։
Պայման թելադրե՛ք իշխանության առջև հենց ի սկզբանե։ Այո՛, ասացեք՝ վերցնում ենք մանդատները, սա է մեր խորհրդարան գալու և ձեզ հետ աշխատելու պայմանը։ Որովհետև երբ դուք մտնում եք խորհրդարան, ըստ էության, այդ իշխանությանը տալիս եք լեգիտիմություն։ Եկեք սա արձանագրենք․ ուզեք դուք, թե չէ, արտաքին խաղացողները ձեր մասնակցությամբ ձևավորված նոր իշխանությունը դիտարկելու են որպես լեգիտիմ իշխանություն։ Ես ասում եմ՝ մի՛ արեք այդ բանը։ Դա պետք է գին ունենա։ Պետք է ասեք՝ եթե ընդունում եք մեր առաջարկները, ուրեմն կունենաք այդ լեգիտիմությունը։ Եթե ոչ՝ մենք չենք գալիս խորհրդարան, 64 հոգով գնացեք, տեսնեմ՝ 5 տարի կարո՞ղ եք 64 հոգով աշխատել։ Կգա մի պահ, երբ հենց այդ նույն քաղաքական մեծամասնությունը կդառնա արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության կողմնակից։
- Անկախության այս ամբողջ շրջանում երբևէ չի եղել այնպես, որ հասարակության ինտելեկտուալ պոտենցիալը հիմնականում լինի ընդդիմադիր հատվածում։ Նման բան չի եղել․ բոլոր դեպքերում և բոլոր ժամանակներում ինտելեկտուալ հատվածի ու մտավորականության մի մասը միշտ եղել է նաև իշխանության կողքին։
Այսօր ինտելեկտուալ մեծամասնությունը կանգնած է ընդդիմության կողքին, ու ընդդիմությունը կոնցեպտուալ առումով այսքան, կներե՛ք, անատամ է։ Ա՛յ, սա է անթույլատրելի:

- Փաշինյա՛ն, դո՛ւ ես պրոբլեմը ստեղծել Ռուսաստանի հետ, դո՛ւ ես փչացրել հարաբերությունները, դո՛ւ պետք է գնաս, խոսես, քննարկես, հավաստիացնես, որ իր շահերի դեմ չես գործում:
- Եթե դու հաղթել ես, մեծամասնություն ես, այս բռնաճնշումներն ինչի՞դ են պետք։ Ինչո՞ւ ես վախենում, ումի՞ց ես վախենում․ չէ՞ որ նրանք բոլորը տակնուվրա 41 մանդատ են ունենալու։
Ինչո՞ւ եք այս բռնությունները գործադրում․ որովհետև, կրկնում եմ, իրեն վախի մթնոլորտ է պետք։ Որպեսզի վաղը չէ մյուս օրը, երբ դուք էլ գաք խորհրդարան, այս կոնտեքստում ձեզնից մի 6-7 հոգի պոկի, իր խնդիրները հանգիստ լուծի, ու ոչ մեկդ ծպտուն անգամ չհանեք։ Ինքը շատ պարզ բան է ասում, չէ՞․ ասում է՝ «սկսե՛ք հեղափոխություն, ես էլ ձեր գլխին Մարտի 1 կբերեմ»։ Ինքը սա է ասում։
Ո՛չ մի ֆոն դեր Լայեն, ո՛չ մի Մակրոն իրեն չեն ասել, թե՝ «Ծառուկյանին ձերբակալե՛ք»։ Այս գործիքակազմը Նիկոլ Փաշինյանի հեղինակային գործիքակազմն է, արևմտյան գործիքակազմ չէ։ Նրանք Փաշինյանին ուղղակի ասում են՝ «Մենք աչքերներս փակում ենք, ինչ ուզում ես՝ արա՛»։
Այս գործիքակազմն իրեն պետք է, որպեսզի իր կիսատ-պռատ լեգիտիմությունը մասամբ լրացնի։ Վախի մթնոլորտ է ստեղծում, որպեսզի վաղը չէ մյուս օրը, ինչպես դուք էիք ասում՝ «կարմիր գծեր չկան», ինչ ուզենա՝ իրականություն դարձնի։ Սա՛ է․ ես այսպես եմ հասկանում։
Այստեղ խնդիրն այն է, որ մեր ընդդիմությունը նման զարգացումներին պատրաստ չէ։ Ա՛յ, մեր պրոբլեմը սա է․ մեր ընդդիմությունը նման զարգացումներին ինստիտուցիոնալ ու հայեցակարգային առումով պատրաստ չէ։ Այսօր իշխանություններն այս ստեղծված իրավիճակին ավելի պատրաստ են, քան ընդդիմությունը:
- Խնդրո՛ւմ եմ, հասկացեք, խոսքն անկլավների կամ տարածքների փոխանակման մասին չէ։ Տիգրանաշենն Ադրբեջանին տալու դեպքում այն հաշված շաբաթների ընթացքում դառնալու է ադրբեջանական ռազմական հենակետ։ Մի կողմից՝ Ջերմուկում են կանգնած, մյուս կողմից՝ Տիգրանաշենում, որով անցնում է դեպի Վարդենիս տանող ճանապարհը։
Եվ խնդրեմ, տեսեք․ ես միայն Տիգրանաշենի մասին եմ խոսում։ Հաշված օրերի ընթացքում, դեպի հարավ գնացող ճանապարհին մի քանի սադրանք կամ կրակոց անելուց հետո, այլևս ոչ մի մեքենա հարավ չի գնա․ հարավից կգան, բայց հետ գնալ չեն կարողանա։ Այ այդ կերպ կդատարկվի ամբողջ Սյունիքը։ Տիգրանաշենը հանձնելը դա է նշանակում, և դա Արծվաշենի հետ որևէ կապ չունի։ Արծվաշենը մեզ պետք չէ, նվիրե՛ք, նվիրե՛ք Արծվաշենն ադրբեջանցիներին, թող պարծենան դրանով․ հեքիաթներ թող չպատմեն ինձ։
Հասկանում եք, չէ՞, ինչ եմ ասում․ Տիգրանաշենը տալ՝ նշանակում է ուղղակի ստորագրել Սյունիքի հայաթափման տակ։ Դրա համար էլ Ալիևն ասում է․ «Ես տանկերով չեմ մտնի, ես մեքենաներով կգամ»։ Իհարկե, եթե այնտեղ դատարկվեց, մեքենաներով էլ կգա։ Սա՝ առաջինը։

Երկրորդ՝ ինչո՞ւ են ադրբեջանցիներն ասում, որ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակով իրենք ռազմավարական հաղթանակ են ստացել, և ինչո՞ւ է իրենց սրտի թեկնածուն Նիկոլ Փաշինյանը։ Նրանք օգտագործում են «ռազմավարական» բառը և Փաշինյանի ընտրվելը համարում են Ադրբեջանի ռազմավարական ձեռքբերումը։ Ինչո՞ւ․ որովհետև համոզված են, որ այդ կերպ շանս ունեն իրենց ռազմավարական ծրագրերն աստիճանաբար, առանց ջղաձգումների ու լուրջ զորաշարժերի իրականություն դարձնել, մասնավորապես՝ Սյունիքի հետ կապված։
Դա՛ է իրենց նպատակը։ Հիմա նրանք խոսում են Սահմանադրության փոփոխության մասին, բայց իրենց համար անհամեմատ ավելի կարևոր են անկլավները։ Իսկ դրանք տալու համար, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը կարող է ցանկացած քայլի դիմել։ Անկլավները տվեցիք՝ 1 տարվա ընթացքում Սյունիքում մարդ չի մնալու, և սյունեցիները դա պետք է հասկանան։ Սա ոչ թե իմ ցանկությունն է, այլ իրերի տրամաբանությունն է դա հուշում։
Այսքան ժամանակ ինձ ասում են․ «Գիտեք ինչ, մենք լսում ենք, որ սահմանազատման արդյունքում Ադրբեջանն այդ նոր գրաված տարածքներից հետ է գնալու»։ Ի՞նչ․ ինչո՞ւ պիտի հետ գնա, երբ ադրբեջանցիները նման բան երբեք չեն ասել։ Դա Նիկոլ Փաշինյանն է այդպես ասում․ ստում են։
Փաշինյանը վերջերս վերարտադրեց հռոմեական իրավունքից եկող այն թեզը, թե՝ «ինչին տիրապետում եմ, այն էլ տնօրինում եմ»։ Ինքն այդ բառերով չասաց, բայց ասաց՝ «եթե մտել է, իմն է»։ Ադրբեջանն էլ կարող է առաջնորդվել հռոմեական իրավունքից եկող այդ սկզբունքով՝ ինչին տիրապետում եմ, այն էլ տնօրինում եմ։
Մանրամասները՝ տեսանյութում:

