Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի
Սեպտեմբերի 6-ին Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության են դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի: Նրանցից 3-ը բուժօգնություն է ստանում ինֆեկցիոն բաժանմունքում, մյուսներին ցուցաբերվել է ամբուլատոր բժշկական օգնություն։
ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներն օգոստոսի ընթացքում Բյուրեղավանի տարբեր հասցեներում շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ իրականացրել են ջրի նմուշառումներ: Լաբորատոր հետազոտությունների արդյունքներով շեղումներ չեն արձանագրվել։
Այսօր ՀՎԿԱԿ-ի մեր մասնագետները «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ կրկին կիրականացնեն նմուշառումներ՝ ինչպես բժշկական օգնության դիմած անձանց բնակության, այնպես էլ քաղաքի այլ հասցեներում։ Կկատարվեն նաև կենսանմուշների հետազոտություններ:
Լաբորատոր և համաճարակաբանական հետազոտությունների արդյունքներն ամփոփելուց հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

