Գոլեր, հաղթանակ ու 40 խաղ անց՝ չոր դարպաս․ Հայաստանը սկսեց հաղթանակով
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանում՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2:0 հաշվով հաղթելով Լատվիայի ընտրանուն։
Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց Գեորգի Հարությունյանը՝ անկյունայինի խաղարկումից հետո։ Գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էդուարդ Սպերցյանը։
Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը կրկնապատկեց առավելությունը։ 76-րդ րոպեին աչքի ընկավ Արթուր Ղարիբյանը, որը խաղադաշտ էր դուրս եկել փոխարինման և նորամուտը նշեց ազգային թիմի կազմում։
Հանդիպման ընթացքում Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշեց նաև Էրիկ Սիմոնյանը։ Լատվիայի ընտրանու կազմում էլ առաջին խաղն անցկացրեց հայազգի Ալբերտ Ալեքսանյանսը։
Մնացած ժամանակահատվածում գոլեր չգրանցվեցին, և Եղիշե Մելիքյանի թիմը հաղթանակով սկսեց Ազգերի լիգայի նոր մրցաշրջանը։
Այս հաղթանակով Հայաստանի հավաքականն ընդհատեց առանց հաղթանակի 7 խաղից բաղկացած շարքը։ Բացի այդ, ազգային թիմը 40 խաղից հետո առաջին անգամ կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը, իսկ 2026 թվականին սա Հայաստանի առաջին հաղթանակն էր։
Հետխաղային մամուլի ասուլիսում Եղիշե Մելիքյանը նշել է, որ թիմի հաղթանակի հիմքում ֆուտբոլիստների կատարած մեծ աշխատանքն էր։
«Ուրախ եմ, որ դրական արդյունք ու լավ տրամադրություն ունենք։ Մինչ այս՝ դժվար օրեր ենք ունեցել։ Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին։ Հիմա ժամանակն է պատրաստվելու հաջորդ՝ Չեռնոգորիայի հետ խաղին։ Ուրախ եմ, որ մեր պլանն աշխատեց»,- ասել է Մելիքյանը։
Մարզիչը նաև հայտնել է, որ Խուլիո Բուենոն վնասվածքի պատճառով բաց կթողնի առաջիկա հանդիպումները։
C լիգայի 2-րդ խմբում Հայաստանից և Լատվիայից բացի ընդգրկված են նաև Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականները։ Հայաստանի հաջորդ հանդիպումը սեպտեմբերի 28-ին է․ Եղիշե Մելիքյանի թիմը Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Չեռնոգորիայի ընտրանուն։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին։

