ԵՄ-ն պաշտոնապես կբացի Ուկրաինայի՝ անդամակցության առաջին կլաստերը
ԵՄ Խորհրդում նախագահող Կիպրոսը հայտարարել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շրջանակներում բանակցային առաջին կլաստերի պաշտոնական բացման նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին։ Հունգարիան հայտնել է վետոն հանելու պատրաստակամության մասին։
Կիպրոսը, որն այժմ նախագահում է Եվրոպական միության Խորհրդում, հայտարարել է ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շրջանակներում բանակցային առաջին կլաստերի պաշտոնական բացման նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին։ Այս մասին հաղորդագրությունը հայտնվել է Եվրամիության Խորհրդում Կիպրոսի նախագահության X-ի պաշտոնական օգտահաշվում չորեքշաբթի ուշ երեկոյան՝ հունիսի 3-ին։
«Այս իրադարձությունը կարևոր հանգրվան է նրանց (Ուկրաինայի և Մոլդովայի– Խմբ․) եվրոպական ինտեգրման ճանապարհին և ԵՄ միասնության ու վճռականության վառ վկայությունն է։ Առաջիկա օրերին մենք կշարունակենք նպատակաուղղված աշխատել Խորհրդում քննարկումներն ավարտին հասցնելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով պաշտոնապես սկսել բանակցությունները նշված կլաստերի շուրջ», – ասված է հրապարակման մեջ։
Կիևն ու Բրյուսելը ոչ պաշտոնական՝ փորձագիտական մակարդակով, Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության բոլոր բանակցային կլաստերները բացել էին դեռևս մարտի կեսերին։ Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը նախկինում հավաստիացրել էր, որ ԵՄ Խորհրդում Կիպրոսի նախագահության ընթացքում Ուկրաինան լինելու է գլխավոր առաջնահերթությունը։
Բուդապեշտը հայտարարել է վետոն հանելու պատրաստակամության մասին
2026 թվականի մարտի 10-ին Հունգարիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել էր բանաձև, որը մերժում էր Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը։ Փաստաթղթում նշվում էր, թե Բրյուսելում վերջին շրջանում իբր ընդունվել են որոշումներ, որոնք «մեծացնում են էսկալացիայի ռիսկը», իսկ Կիևի անդամակցությունը ԵՄ-ին կարող է ողջ բլոկը ներքաշել պատերազմի մեջ։
Սակայն մեկ ամիս անց Հունգարիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնցում հաղթեց ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը։ Դրա առաջնորդ Պետեր Մադյարը, ով դարձավ երկրի վարչապետ, հունիսի 3-ին Ֆեյսբուքում հայտարարեց Ուկրաինայի հետ «համապարփակ համաձայնության» հասնելու մասին՝ ուղղված այնտեղ բնակվող 100-հազարանոց հունգարական ազգային փոքրամասնության լեզվական, կրթական, մշակութային և քաղաքական իրավունքների ընդլայնմանը։
Հունգարիայի վարչապետի խոսքով՝ Ուկրաինայի այս պարտավորությունները «կարտացոլվեն նաև Եվրոպական միության վերաբերյալ նրա գործողությունների ծրագրում»։
«Եթե դա տեղի ունենա, Հունգարիայի կառավարությունը կաջակցի Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների առաջին փուլի բացմանը»,- նշել է Մադյարը։ Միևնույն ժամանակ, նա կրկին ընդգծել է, որ Հունգարիան չի աջակցում ԵՄ-ին Կիևի արագացված անդամակցության ընթացակարգին։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը մայիսի 29-ին Բրյուսելում Հունգարիայի նոր վարչապետի հետ հանդիպումից հետո հայտնել էր, որ Ուկրաինայի համար բանակցային կլաստերների բացման հարցը քննարկվելու է հունիսի 18-19-ին կայանալիք Եվրոպական խորհրդի նիստում։
ԿԻՐԱ ԿՐԱՍՈՎՍԿԱՅԱ



