Հայկ Սարգսյանի բացահայտումների քաղաքական շարժառիթները. Ինչո՞ւ նա չի պահանջում 44-օրյայի զեկույցի հանրայնացում, ինչո՞վ էր զբաղված նրա եղբայրը պատերազմի օրերին

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում հերթական անգամ քննարկվել է ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ բանակին առնչվող օրենսդրական փաթեթը:

Պատգամավորը դարձյալ պնդել է զորակոչվածների թվի նվազման փաստը, և, որ մոտ 40 տոկոսով ավելացել է ՀՀ քաղաքացիությունից հրաժարվողների թվաքանակը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչությունը ներկայացրել է ծավալուն եզրակացություն, որտեղ նշվում է Հայկ Սարգսյանի ներկայացրած օրենսդրական փաթեթում առկա մի շարք դրույթների հակասահմանադրական լինելը:

Քննարկմանը ներկա Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն իր հերթին նշել է, որ գործադիրը նպատակահարմար չի գտնում քննարկվող հարցի ընդունումը, և առաջարկել է ձեռնպահ մնալ այս նախաձեռնությանը դրական եզրակացություն տալուց, գտնելով, որ նման կարգավորմամբ զորակոչվողների թվի աճի խնդիրը, մեծ հաշվով, չի լուծվելու:

Կարդացեք նաև

Միաժամանակ, ՊՆ պաշտոնյան հակադարձել է իշխող ուժը ներկայացնող պատգամավորի պնդումներին և վստահեցրել՝ 2022-2026 թվականներն ընկած ժամանակահատվածում զորակոչվածների թիվը 2022 թվականի զորակոչի համեմատ աճել է 25 տոկոսով:

Ինչևէ, ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում կազմակերպված քվեարկության արդյունքում Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությունը բացասական եզրակացության է արժանացել:

Սրանից հետո ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը ճեպազրույց է տվել լրագրողներին և հասկացրել, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պայմանավորվածություն է խախտել:

«Երկու տարի Պաշտպանության նախարարի հետ աշխատել եմ, եկել ենք պայմանավորվածության, և դրանից հետո եմ միայն ես իմ նախագիծը շրջանառել»,շեշտել է Հայկ Սարգսյանը:

Դեռ անցած տարի 168.am-ն այս թեմայի շրջանակում անդրադարձել է Սուրեն Պապիկյանի դերակատարմանն այս նախագծի կյանքի կոչման հարցում: Մասնավորապես, հոդվածներից մեկում գրել ենք, որ Հայկ Սարգսյանի հեղինակած օրենսդրական փաթեթը եղել է Կառավարության նիստի օրակարգում, նույնիսկ՝ հավանության արժանացել, Սուրեն Պապիկյանն էլ այն ներկայացրել է և անգամ իր ղեկավարած գերատեսչության անունից որոշակի դիրքորոշում հայտնել, փոփոխություններ մտցրել: Այսինքն, գուցե ինչ-որ առումով մտել է այդ քաղաքական կամ Հայկ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան խաղի մեջ՝ փորձելով դրա տրամաբանության մեջ զորակոչի գործընթացին առնչվող որոշակի խնդիրներ լուծել:

Մյուս կողմից՝ հղում անելով մեր աղբյուրներին, այդ ժամանակ հայտնել ենք, որ Սուրեն Պապիկյանին ավելի շատ հետաքրքրել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պրակտիկայի և վիճակագրության դեմ պայքարը: Ուստիև Կառավարության վերջին նիստին առարկել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխության փոխարեն՝ «Պաշտպանության մասին» օրենքում նախատեսել մինչև 16 տարին լրանալն արական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով Հայաստանի Հանրապետության նկատմամբ 15 մլն դրամ գումարի չափով հանրային իրավական դրամական պարտավորություն, որը դադարում է արական սեռի քաղաքացուն զինվորական հաշվառման վերցնելու փաստի ուժով կամ հօգուտ պետական բյուջեի վճարմամբ՝ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում:

Իհարկե, այստեղ ևս վերապահումներ կարող են լինել, եթե հաշվի առնենք, որ նման քայլի դիմում է նաև պետական պաշտոնյաների մերձակա շրջապատը:

Արդեն 2026 թվականի հունվարին լրագրողների հետ հանդիպմանը Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ աշխատանքից ազատել է այն աշխատակիցներին, որոնց որդիներն այլ երկրի քաղաքացիություն են ստացել բանակից ազատվելու նպատակով: Այս թեման, իհարկե, մասնագետներն իրավական առումով վերապահումով են վերաբերվում, իսկ Սուրեն Պապիկյանը հարցը գուցե բարոյական դաշտում է տեսնում ավելի շատ, եթե անգամ այդտեղ իրավական խնդիրներ կան: Ինչևէ, այս հարցն առանձին քննարկման թեմա է, և դեռ առիթ կլինի մասնավոր դեպքերով անդրադառնալու:

Իսկ Հայկ Սարգսյանը, հաշվի առնելով ՔՊ-ի, Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի հետ ունեցած ներկա հարաբերությունները, լրագրողներին փակ հանդիպումներից որոշ դրվագներ է պատմել:

«Երկու տարի խնդրում եմ Պաշտպանության նախարարին, ասում եմ՝ բանակում շաբաթը մեկ է զորքը լողանում, հնարավորություն ստեղծեք, թող ամեն օր լողանան:

Ինչից է խնդիրը ծագել. 2024 թվականին պատգամավորներից մեկը փակ քննարկմանը հարց տվեց, թոքաբորբից մահվան դեպք էինք ունեցել, հավանաբար սառը ջրով էր լողացել, դե ասեց՝ մենակ մեր բանակում չի, որ շաբաթը մեկ են լողանում, բազմաթիվ բանակներում այդպես է: Բազմաթիվ երկրներում զինվորներն ամեն օր լողանում են, ՀՀ-ում և աֆրիկական կամ թերի զարգացած երկրներում են շաբաթը մեկ լողանում: Երկու տարի անցել է՝ նույն վիճակն է, իհարկե, ունենք նոր կառուցված որոշ տեղեր, որտեղ ամեն օր են լողանում, բայց դա փոքր տոկոս է կազմում: Բայց մեծամասամբ մեր տղերքը շաբաթը մեկ են լողանում, դե թող ՊՆ ղեկավար կազմն էլ շաբաթը մեկ լողանա, տեսնեմ կարա՞ն»,- լրագրողներին պատմել է ՔՊ պատգամավորը՝ հավելելով, որ զորքի թիվը 44.000-ից նվազել է 14.000-ի:

Եվ թեև Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի օրինակով առաջին անգամ չէ, որ գաղտնիության էլեմենտներ պարունակող տեղեկություններ է հրապարակում, կամ՝ բանակում առկա ներքին խնդիրները հանրայնացնում, սխալ համարելով դրանց մասին լռելը, որ հանկարծ թուրքը չուրախանա, այնուամենայնիվ, լրագրողները նրանից փորձել են ևս մեկ անգամ ճշտել՝ արդյո՞ք ճիշտ է զորքի թիվ հրապարակելը, բանակի ներսում առկա խնդիրները հանրայնացնելը, ինչին ի պատասխան՝ ՔՊ պատգամավորը նշել է

«2019 թվին, երբ ես ասում էի, որ մեր զորքի թիվը 44 հազարից դարձել է 25, գլխավոր շտաբով, պաշտպանության նախարարությունով ասում էին՝ հես ա թշնամին կիմանա, որ մեր թիվը պակասել է, այս ի՞նչ է անում Սարգսյան Հայկը, ես էլ ասացի՝ մենք խնդիր ունենք, պիտի բարձրաձայնենք, որ լուծենք։ Մի քանի ամիս հետո ի՞նչ տեղի ունեցավ, տեղի ունեցավ 2020 թվականի աղետալի պատերազմը, ու պատերազմից հետո նաև պաշտպանության նախկին նախարարն ի՞նչ է ասել, ասել է, որ ամբողջ պատերազմի ընթացքում Ադրբեջանն ափի մեջ, 24/7 ռեժիմով հետևել է ամբողջ տեղաշարժին։

Այսինքն իմացել է՝ որտեղ է պաշտպանության բանակի հրամանատարը՝ խոցել է, որտեղ են տեղակալները՝ խոցել է։ Այսինքն՝ ոչ միայն բացարձակ թվերով է իմացել, այլ անվանական իմացել է հրամանատարների, բանակի ղեկավարության, կարևոր ստորաբաժանումների գտնվելու վայրերը ու թիրախային խոցումներ է արել։ Եվ այն միտքը, որ վա՜յ, թշնամին կիմանա, դա փլվել է 2020 թվականին։

Թե՛ մեր զորքի տեղակայման վայրերը, թե՛ սնուցման ճանապարհները, թե՛ դիրքերը և այլն, բոլորը դիտարկվել են, դիտարկվում են և դիտարկվելու են: Այսինքն՝ այդ միտքը, որ այ, խոսում է բանակի մասին, հես ա գաղտնիությունով մեր վիճակը կվատանա… Վիճակը կրիտիկական արդեն վատ ֆիքսվել է 2020 թվականից ու նաև 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում դրա մասին խոսել ենք, որ թշնամին սաղ իմացել է»:

Հետաքրքիր է՝ արդյո՞ք Քննիչ հանձնաժողովի փակ հարցաքննությունների ժամանակ Հայկ Սարգսյանը փորձել է պարզել՝ ինչպե՞ս է դա թշնամուն հաջողվել, ի վերջո, նախքան 44-օրյա պատերազմը դիրքային այլ դասավորություն է եղել: Այսինքն, ուզում ենք հասկանալ՝ Հայկ Սարգսյանը պետական դավաճանության տվյալների նո՞ւյնպես տիրապետում է, հատկապես, երբ մասնակցել է Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Ավելին, արդյո՞ք իրականությունը թաքցնելուն դեմ և խնդիրների մասին բաց խոսելուն կողմ Հայկ Սարգսյանը ցանկանում է, որ 44-օրյայի զեկույցը հրապարակվի, որ իմանանք՝ ով է ցույց տվել հրամանատարության գտնվելու վայրերը, թե երբ որտեղ են նրանք լինելու։ Այսինքն, ամեն ինչ չէ, որ դիտարկումով, արբանյակային լուսանկարներով կարելի է պարզել: Այս ամենի մասին Հայկ Սարգսյանը, իհարկե, լռում է:

Այս համատեքստում հիշեցնենք, որ դեռ 2022 թվականին 168.amգրել է, որ 2018-ին պետական դավաճանություն կատարած անձը 2020-ին հայտնվել է պատերազմի դաշտում և դարձյալ նույն արարքը կատարել, խոսքը 44-օրյա պատերազմի օրերին «Հայդուկ» ջոկատը ղեկավարած Գարուն Բաբայանի մասին է, որը լեգենդար հրամանատար Մուշեղ Բաբայանի (Ջերմուկցի Համո) եղբայրն է:

Այս տարիների ընթացքում մեզ չի հաջողվել ԱԱԾ-ից պարզել՝ ինչպես է հնարավոր եղել, որ 2018-ին պետական դավաճանություն կատարած անձը 2020-ին հայտնվի պատերազմի դաշտում: Այսինքն, 2018-ին կատարած պետական դավաճանությունը ե՞րբ է բացահայտվել, կամ միայն 2 տարի ա՞նց է բացահայտվել, և եթե նախքան պատերազմն է բացահայտվել, ապա ինչո՞ւ նա չի եղել ԱԱԾ ուշադրության կենտրոնում և կարողացել է մասնակցել 44-օրյա պատերազմին և դավաճանական նույն գործողությունները կատարել: Այս գործով դատական նիստերը դռնփակ են, ինֆորմացիան փակ է, մենք կփորձենք հասկանալ՝ արդյո՞ք դատավճիռ արդեն կա և ի՞նչ դատավճիռ: Իսկ մինչ այդ նշենք, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել Գարուն Բաբայանի մասին, որ նա «2020թ. սեպտեմբերի 27-ին, Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից տրված նոր հանձնարարությունները կատարելու նպատակով, որպես կամավորական ջոկատի հրամանատար, մարտական գործողություններին մասնակցելու պատրվակով, մեկնել է մարտի դաշտ՝ Արցախի Հանրապետության Հադրութի ինքնապաշտպանական շրջան, և մինչև նույն թվականի հոկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում շարունակել է տեղեկությունների հավաքագրման և դրանք թշնամական պետության հատուկ ծառայություններին փոխանցելու դավաճանական գործելաոճը»: Այսինքն, Գ. Բաբայանը, ըստ ԱԱԾ-ի, իր մոտ գտնվող բջջային հեռախոսներով լուսանկարահանել, տեսանկարահանել և «տեղեկություններ է փոխանցել թշնամական պետությանը՝ Արցախի և Հայաստանի տարածքում գտնվող հակաօդային պաշտպանության միջոցների, հրթիռային համակարգերի, զրահատեխնիկայի, մարտական դիրքերի, իրենց և պատերազմին մասնակցած այլ ստորաբաժանումների, զորամասերի, դրանց տեղակայումների և այլնի վերաբերյալ»:

Ո՞վ գիտի՝ գուցե 44-օրյայի ժամանակ զոհված հրամանատարներն այս անձի կամ խմբի դավաճանական գործողությունների արդյունքո՞ւմ են թիրախավորվել:

Ի դեպ, դեռ տարիներ առաջ ԱԱԾ-ից փորձել էինք պարզել, արդյո՞ք Հադրութում լավագույն հրամանատարների, կամ՝ 2020-ի հոկտեմբերին Մարտունիի հրամանատարական կետում ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի և Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանի սպանությունները դավաճանության հետևանք է եղել, ինչին ի պատասխան՝ ԱԱԾ-ից ասել էին, որ նման տվյալներ այդ պահին չունեն:

Վերադառնանք Հայկ Սարգսյանին և 2020 թվականի 44-օրյա պատերազմի համատեքստում մի դրվագ հիշեցնենք, երբ պատերազմի ընթացքում տեղեկություններ և փաստեր շրջանառվեցին, որ պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Հայկ Սարգսյանի («Շիշ բռնող») եղբորը՝ Նաիրի Սարգսյանին, լիազորել է պետբյուջեից կանխիկ գումարով ձեռք բերել 5մլն ԱՄՆ դոլարի զրահաբաճկոններ, ԱԹՍ-ներ, ջերմատեսիլ նշանառության սարքեր:

Մասնավորապես, Նաիրի Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անունից, կանխիկ վճարման եղանակով ձեռք էր բերել 3000 հատ զրահաբաճկոն՝ յուրաքանչյուրը 240 ԱՄՆ դոլար արժողությամբ: Այսինքն, այս նպատակով պետբյուջեից Սարգսյանին կանխիկ տրամադրվել է 720.000 ԱՄՆ դոլար: Կան նաև նմանօրինակ այլ դրվագներ։ 

Հետաքրքիր է, որ 2023 թվականի օգոստոսի 1-ին Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցաքննության ժամանակ Հայկ Սարգսյանի հարցերից մեկը վերաբերում էր զրահաբաճկոններին և սաղավարտներին, մասնավորապես, նա նորմալ է համարել պատերազմի ժամանակ որսորդական զրահաբաճկոնի կիրառումը, և պնդել է, որ շատերը սպորտային համազգեստով են գնացել պատերազմ: Սա արդեն խոսում է Փաշինյանի իշխանության կառավարման համակարգի և ձախողված մոբիլիզացիայի մասին, որի մասին արդյո՞ք հետևողականորեն խոսել է Հայկ Սարգսյանը, թե՞ այն ժամանակ դեռ ընկերական հարաբերություններ է ունեցել Փաշինյանի հետ:

Այսինքն, հարց է՝ իր շատ գաղտնազերծումներ Հայկ Սարգսյանը կանե՞ր, եթե իր նախագիծն անցկացվեր, եթե Պապիկյանը «պահեր իր խոսքը», որը գուցե տվել է:

Իսկ ինչ վերաբերում է գաղտնի տեղեկություններ տարածելուն այն հիմնավորմամբ, որ մեկ է՝ Ադրբեջանն ամեն ինչ տեսնում է, բացարձակ թույլատրելի չէ, բայց որն ընդունված կանոն է իշխող ուժի՝ Փաշինյանի և նրա նախարարների համար: Այսինքն, այն, ինչ նորմալ է գործող իշխանության համար, դեռ չի նշանակում, որ իրականում նորմալ է և ընդունելի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930